ՀՆԻ ՈՒ ՆՈՐԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ կամ, ԵՐԲ ՀԻՆԸ, ՊԱՐԶՎՈՒՄ Է, ՆՈՐ Է, ԻՍԿ ՆՈՐԸ՝ ԶԱՐՄԱՆԱԼԻ ՀԻՆ
Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Մի ժամանակ մտածում էի, որ կորցրել եմ զարմանալու կարողությունս և, ճիշտն ասած, բավականին ծանր էի տանում այդ կորուստը։ Պատկերացնո՞ւմ եք, ոչ մեկը և ոչինչ չի կարող ձեզ զարմացնել։ Այսինքն՝ դուք ամեն ինչ գիտեք, ամեն բան վաղուց բացահայտված է, աշխարհ կոչվածն էլ ուղղակի սովորական մահկանացուներով խիտ բնակեցված տարածություն է։ Եվ միշտ մեկն այդ աշխարհը քանդում է, մեկ ուրիշը՝ իբր, շինում։ Մեկը գիշեր-ցերեկ մտածում է այդ աշխարհի մասին, մյուսին ոչինչ չի հետաքրքրում, մեկն, իբր, թքած ունի այնտեղ ապրողների չարչարանքի ու ցավի վրա, մյուսն էլ անընդհատ փորձում է թեթևացնել նրանց հոգսը, տանելի դարձնել տառապանքն ու կորուստը, մեկն, իբր, ճշմարիտ բաներ է ասում վաղուց հավատը կորցրած հասարակությանը, մյուսը շարունակում է խաբել, խաբել, խաբե~լ… Եվ, բոլոր ժամանակների առեղծվածը. երբեք չեն ուշանում նոր փրկիչը, նոր մարգարեն, նոր առաքյալները… Ուղղակի զարմանալին այն է, որ այդ նոր փրկիչը միշտ էլ եղել է մեր կողքին, իսկ մենք համարձակվել ենք չտեսնել նրան, չնկատել, համարձակվել ենք չթագադրել…
Չհարցնե՞մ որտե՛ղ է ավարտվում հեքիաթը, ավելի ճիշտ կլինի ասել՝ ինչպե՛ս…
Այն տպավորությունն է, որ բոլորը միասին խոսում են, բնականաբար, հաճախ՝ անիմաստ, ինքնամոռաց, մեկ-մեկ լացակումած, նաև՝ հայհոյախառն, իրականությունից դուրս, սեփական անձը հենց Տիրոջ կողքին տեղավորելով, մոռանալով, որ իրենց վաղուց արդեն լսել են։ Եվ հանկարծ պարզվում է, որ շինականը մենակ է մնացել իր մի կտոր հողակտորի, իր չարչարանքի ու աղքատության հետ, որ մտավորականը ամենևին էլ մտավորական չէ, որ գրողն ու նկարիչը գնահատված չեն, որ բանվոր մարդը հազիվ է ծերը ծերին հասցնում, որ կրթությունը երկիրը չի մղում առաջ, որ մայրաքաղաքի բարձրահարկերի տանիքները փոխված չեն, որ հարկավոր է վերջ տալ մենաշնորհին, բարձրացնել թոշակներն ու աշխատավարձերը, ձևավորել իսկական քաղաքացիական հասարակություն, որ հասարակ մարդկանց լսող չկա, որ ոչինչ չի կառուցվել, ոչինչ չի արվել, որ մարդիկ ստիպված բռնում են օտարության ճանապարհը… որ բոլորը պետք է հավասար լինեն… Առաջ, օրինակ, ասենք մի 25-28 տարի առաջ, այդպես չէր, բոլորը, իբր, միասին էին վայելում երկրի հարստությունն ու գեղեցկությունը, ոչ մեկը ոչ մեկից չէր վախենում, և բոլորն էլ հավասար էին օրենքի առաջ, գյուղացին էլ ուղղակի թագավոր էր քար ու քանդ կոլտնտեսության ավերակների վրա… Հիշո՞ւմ եք փայատիրական տնտեսությունները, մի քանի հոգու կողմից սեփականաշնորհված բերրի հողակտորները, շենքերն ու շինությունները, վերջապես՝ բաժան-բաժան եղող մայրաքաղաքը…
Չէ, բան չունեմ ասելու, ավելի ճիշտ, հաշվեք ոչինչ էլ չեմ ասել, ուղղակի պատերազմ էր, և աշխարհի բոլոր պատերազմներն էլ այդպես են ավարտվում։ Այնպես որ, ինչ-որ մեկին մեղադրելը, չեմ կարծում, որ ազնիվ կլիներ… վերջին հաշվով, թագավորը թագավոր էր, ռամիկը՝ ռամիկ, խրամատում օր ու գիշեր կանգնած զինվորն էլ՝ խրամատում կանգնած զինվոր։ Յուրաքանչյուրը, կարելի է ասել, իր գործն էր անում… Եվ ամենաօրինակելին` այսպես բոլորը միասին խոսելը բացառվում էր։ Պապս ասում էր, եթե խոսողը մեկը չեղավ, երկիրը ոտնատակ կընկնի… Հաճախ խոսելն էլ կարևոր չէր, ուզում եմ ասել` այդ խոսողը կարող էր նույնիսկ օրերով, ամիսներով չխոսել, բայց լսելը պարտադիր էր յուրաքանչյուրի համար… Հրաման կատարելը՝ արժանապատվության խնդիր…
Հիմա էլ այս նորի ու հնի դիմակայությունն է։ Եվ այստեղ է, որ իսկապես, զարմանալի իրադարձություններ են տեղի ունենում, մեկը մեկից` անբացատրելի, մեկը մեկից` պատմական, հաճախ սովորական բանականության տարածքներում չտեղավորվող, վերլուծությունների սահմաններից բավականին հեռու…
Իսկ ես, ինչքան մտածում եմ, երկրին հին ու նոր չի լինում` ո՜չ երկրին, ո՜չ էլ՝ մարդուն։ Պատկերացնո՞ւմ եք, նոր երկիր, հետո ավելի նոր երկիր, տարիներ անց՝ ավելի ու ավելի նոր երկիր։ Էլի, ինչքան մտածում եմ, բարեփոխումները, համակարգային նույնիսկ պարտադրված փոփոխությունները, իշխանական տեղաշարժերը չեն ենթադրում նման բան… Այդպիսի շրջադարձ չի կարող լինել… Հատկապես, երբ բոլորս էլ գալիս ենք ոչ հեռու անցյալից՝ կրելով մի քանի հասարակարգի բարերար ազդեցությունը…
Էլի գնամ, հասնեմ կոմունիստ պապիս, ասում էր՝ մենք տանուլ տվեցինք, որովհետև ամբողջությամբ ժխտեցինք անցյալը, այն հասարակարգը, որտեղ մենք ձևավորվել էինք, նաև՝ կայացել։
Ասեք, որ ճիշտ բան չէր ասում մարդը, չեք ասի, որովհետև, եթե ասածը ճիշտ չլիներ, մինչև հիմա կլիներ այդ սովետերկիրը, մեծ, շա~տ մեծ Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը։ Կործանվե՞ց, չէ՞, քանդեցի՞ն, չէ՞ մի քանի տարում…
Հիմա էլ սա է...
Հինը գնում, գալիս է նորը… փրկիչը… միակը, եզակին… Ասեմ, որ չեմ սիրում, երբ ինձ խաբում են, երբ փորձում են ինձ մոլորեցնել, շեղել, ասել բաներ, որ լսել եմ հազար անգամ… սխալվելուց էլ եմ հոգնել, հավատալուց էլ, սուտի սրբերից ու նվիրյալներից։ Պարզվում է` մարդիկ ապրել են մեր կողքին, ամեն օր խիզախել են, նայել են մահվան աչքերին, երկիրը շալակած քայլել են, շալակած նստել, շալակած քնել, իսկ մենք չենք տեսել նրանց, չենք ճանաչել, չենք երկրպագել, չենք վայելել նրանց բարությունը, ժողովրդասիրությունը, ազնվությունն ու մենակ հազարի դեմ գնալու հաստատակամությունը։
Ուրեմն՝ ես եմ մեղավորը։ Գոնե հիմա կարողանամ մինչև վերջ բացել աչքերս, տեսնել այն ամենը, ինչը չեմ ցանկացել տեսնել, ասել այն, ինչ չեմ կարողացել ասել։ Ի՛նչ հրաշալի օրեր էին, ինչքա՛ն էինք սիրում իրար, ինչպե՛ս էինք կարոտում… ինչքա՛ն խաղաղ ու հանգիստ էին մեր քաղաքի փողոցները… ինչքա՛ն լավ էինք ապրում… չնայած սևն ու սպիտակը մի քիչ շատ էր, մի քիչ տանելի, համարյա՝ աննկատ…
Այսօր, գիտե՞ք, ինձ համար որն է ամենագեղարվեստական պատկերը։ Ասեմ. հեռավոր գյուղի փոշոտ փողոցում, ծռված տան պատի ստվերում զարմացած կանգնած, Ստեփանակերտից առաջին անգամ ժամանած մտավորականը՝ անտեղյակ, որ վիճակն այդքան ծանր է… ուղղակի` անտանելի, ուղղակի, ո՞նց ասեմ, ուղեղում չտեղավորվող…
Չէ, իսկապես բան չունեմ ասելու, բայց մտավորական, 50-60 տարեկան մարդը պարտավոր է իմանալ, թե, ասենք, Վարդանյան Հարությունը որ գյուղում է ապրում և ինչպես է ապրում, թե քանի երեխա ունի այդ Վարդանյան Հարությունը և իր տունն էլ երբ է կառուցել… Չիմացավ, հաշվիր ոչինչ էլ չգիտի և ժամանակ կոչվածից էլ հազարավոր կիլոմետրեր հետ է մնացել, ուզում եմ ասել, նոր երկրից խոսելու իրավունքից էլ, բնականաբար, զուրկ է։ Ավելի ճիշտ ու ազնիվ բան ասեմ, ամեն մի պաշտոնյա երկրիս ամեն մի գյուղում, չասեմ ամեն տան, գոնե մի գիշեր պիտի քնած լինի, հնարավոր է նաև բաց երկնքի տակ… Այդպես լիներ` չէր զարմանա, որ տան պատը ծռված է, որ շինական մարդու կյանքը, իբր, կյանք չէ, որ գյուղ տանող ճանապարհը հաճախ քարուքանդ է, որ մոլախոտը այգու միջով, դռների արանքով, աստիճաններն ի վեր բարձրանում, մտնում է տուն… Կհասկանար, որ հազար ու մի բան է փոխվել աշխարհում, բայց գյուղացին մնացել է նույնը… որ այդ գյուղացին, ամոթ էլ է ասելը, առանց օգնության չի ուզում ապրել, ցանկություն չունի… խոսքն, իհարկե, բոլորի մասին չէ։ Գյուղացի մարդ կա վաղուց աշխարհից առաջ է` իր երկհարկանիով, իր այգիներով ու դաշտերով, իր նստել-վերկենալով, իր ավտոմոբիլներով… իր լիքը-լիքը ամբարներով ու գինու հսկայական տակառներով։
Այ դրա համար եմ ասում, եթե մի գիշեր… և՜ լավ քեֆ կաներ մարդկանց հետ, և՜ աշխարհը կարգին կճանաչեր, և՜ համեմատելու, իրար կողքի դնելու բան կունենար։ Եվ ամենակարևորը, այդպես, երեխայի նման զարմացած էլ չէր կանգնի գյուղամիջում…
Ինչ ասեմ, բան չմնաց, շուտով ամեն ինչ էլ պարզ կլինի, կերևա, որ երկրին հին ու նոր չի լինում, կերևա ում են վստահում մարդիկ, հենց առաջին հերթին` այդ Վարդանյան Հարությունը։ Ասում եմ` Վարդանյան Հարությունը, որովհետև նա սուտի-մուտի բաների հավատացողը չէ, նա հողի մարդուն, գյուղ սիրող մարդուն սարի ետևում էլ է տեսնում, հին ու նորն էլ իրարից լավ էլ տարբերում է, գիտի` ով որտեղից է գալիս, ինչպես է գալիս և, ամենակարևորը, ինչո՞ւ է գալիս… Միայն մի բան չի հասկանում կարգին կյանք տեսած այդ Վարդանյան Հարությունը` ինչո՞ւ է այդքան մարդ այդպես տենչում դառնալ նախագահ ու պատգամավոր, եթե, իսկապես, երկիրը ղեկավարելը այդքան բարդ բան է, այդքան ծանր ու անանձնական։
Հա, որպես ընտրող մի առավելություն էլ ունի Վարդանյան Հարությունը, կարողանում է մեկ-մեկ իրար կողքի դնել յուրաքանչյուրի անցյալն ու ներկան, արածն ու չարածը, ապրածն ու չապրածը, կարողանում է տղամարդավարի ընդունել թույլ տված սխալներն ու խոստովանել, որ ուժեղ մարդը երբեք չի խոսում ժողովրդի անունից…