ԹԱԳԱ... ՎԻՐՈՒՍ...ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ԺԱՄԱՆԱԿԸ
Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Բոլորը մեղավոր են, բոլորը՝ արդար։ Եվ բոլոր գաղտնիքները` բացահայտված։ Փակ տարածք չմնաց։ Ով ինչ է արել, ում հետ է արել, որտեղ է արել և ինչու է արել։ Հազար տարվա ընկերներն ու մտերիմները հայտնվել են տարբեր ճամբարներում, երեսուն տարվա աշխատանքը, պարզվում է, անիմաստ է, 94-ից այս կողմ` դատարկություն… Բոլորը պատասխան են տալու, հեղափոխությունը ոչ մեկին չի ներելու… և ամեն ինչ ժողովրդի անունից, հանուն ժողովրդի… ժողովուրդն այսպես, ժողովուրդն այնպես… գիշերը՝ ժողովուրդ, ցերեկը՝ ժողովուրդ… և ամենաիմաստունը՝ ժողովուրդը, երբեք չի սխալվում… իսկապես, արդեն ոչ ծիծաղելու տրամադրություն կա, ոչ էլ՝ տխրելու… Մի անգամ էլ ասեմ` մեկի կողքին կանգնած հարյուր մարդը ժողովուրդ է, մյուսին երկրպագող հազարը՝ ոչ, կամ` հակառակը։ Հետո այդ հազարը հարյուրին է մեղադրում, հարյուրը՝ հազարին, երկու հարյուրը՝ հինգ հարյուրին, հինգ հարյուրը՝ վեց հարյուրին… Եվ, պատկերացնո՞ւմ եք, ժողովուրդը ճիշտ է, միշտ ճիշտ է, իմաստուն էլ… Երբեք չեմ ասի` համաձայն եմ, երբեք չեմ ասի, որ ինչ անում է` այդ ժողովուրդն է անում, հիշո՞ւմ եք կոմունիստներին՝ ժողովուրդն է պատմության շարժիչ ուժը… Ով համաձայն է, թող ձեռք բարձրացնի… Ասել ենք, ու անհատը քանդել է երկիրը, եղբորը հանել եղբոր դեմ, որդուն՝ հոր դեմ, հարյուրը` հազարի դեմ, հազարը՝ մեկի… Երկիրը երկրի վրա է տարել ու նաև խաչել է…
Մեզնից խոսենք։ Բայց, ինչքան հնարավոր է, անկեղծ։ Եվ մեր ասածն էլ թող պարտադիր մնա մեր մեջ։ Ասեմ, որ ինձ ամենաշատը վախեցնում է կուսակցությունից կամ խմբավորումից, կամ կազմակերպությունից անընդհատ արտագաղթողը։ Այդ նրանք են, որ փորձում են տրամադրություն փոխել՝ խոսելով բարոյականությունից, արժեհամակարգից ու ազգային գաղափարախոսությունից։ Եվ ամենամտահոգիչը՝ այդ արտագաղթը դանդաղելու միտում չունի։ Գաղթականների շարժը չի դադարում։ Չասեք` նրանք մեր մոլորյալ զավակներն են, ասեք էլ, չեմ հավատա։ Գիտե՞ք ինչու, որովհետև նրանք համարյա բոլոր ընտրություններում էլ այդպես մոլորվում են։ Եվ ամենատարօրինակն այն է, որ այդ մոլորյալների կարիքը բոլորն էլ զգում են՝ անասելի հաճույքով օգտագործելով նրանց կարողություններն ու ունակությունները, բնականաբար, ի շահ ժողովրդի ու նոր հայրենիքի… Միայն եզակիներն են հրաժարվում նրանց օգտագործելուց… Եվ ամենևին էլ զարմանալի չէ, որ այդ մոլորյալները դառնում են երեսփոխան, իշխանավոր, ամենուր ժողովրդավարական ու հեղափոխական գաղափարներ տարածող առաքյալներ… Եվ խառնվել են ընդդիմադիրն ու իշխանավորը, ուզում եմ ասել` նոր երկրի տեսլականով տառապողներից շատերը մի ժամանակ լավ էլ ձիավոր են եղել, տեղը տեղին մեղադրել են բոլոր այլախոհներին, անմնացորդ օգտվել, իրենց ձևակերպմամբ՝ պետության բարիքներից, համոզված, որ իրենց իմաստնությունը միշտ էլ պահանջված է լինելու, որ առանց իրենց երկիրը դանդաղեցնելու է ընթացքը, որ առանց իրենց զինվորը կորցնելու է տեսողությունը, և թշնամին ավերելու է մեր բնակավայրերը։
Այդպես էլ է լինում։ Իսկ ես միամիտ-միամիտ տարիներ շարունակ փնտրել եմ մաքուր, դասական չափանիշների մեջ տեղավորվող գոնե մի ընդդիմադիր` հետը մի քիչ զրուցելու համար, ու չեմ գտել։ Եվ հասկացել եմ, որ ընդդիմադիր-այլախոհի դերակատարից վտանգավոր մեկը չկա երկրիս երեսին… Որ անիմաստ է երբեք ընդդիմադիր-այլախոհի երես չտեսած տարածքները նման անհատներով վերաբնակեցնելը։
Երանի մեկը կարողանար ինձ համոզել, որ ես հեռացել եմ ժամանակակից մտածողությունից ու էլ ոչինչ չեմ հասկանում, ուղղակի չգիտեմ ինչ է կատարվում շուրջս, իմ քաղաքում, հազար անգամ այցելած իմ մեծ ու փոքր շեներում, նաև մարդկանց մեջ, ովքեր եղել են կողքիս, ում հետ տառապել ու տքնել ենք, ովքեր երբեք չեն տրտնջացել…
Ես ինձ մի տեսակ վիրավորված եմ զգում, չթաքցնեմ` ամաչում էլ եմ… Մտավորական, ծանր ու ուսանելի ճանապարհ անցած մարդը լուռ է, չի խոսում արվեստագետը, ոչ հեռու անցյալի խորքերից եկածը, դպրոցի ճանապարհին անհաշիվ կոշիկ մաշած ուսուցիչը… Եվ բանականության տարածքներում ճնշող, մաշող, վախեցնող լռություն է… Մնացածը՝ մեծ հաշվով, աղմուկ է, աղաղակ, ոչ մի լեզվով չթարգմանվող… Հաճախ այն տպավորությունն է, որ յուրաքանչյուրն ինքն իրեն պատերազմ է հայտարարել, որ ամեն մեկը փորձում է ժխտել ինքն իրեն, որ ամեն մեկն ինքն իրենից արագորեն հեռանում է…
Էլի մեր՝ ընտրողներիս վիճակն է ծանր, էլի մենք ենք մեր թեկնածուին աստվածացնողը, երկնքում բնակեցնողը, ծափահարողը, խոնարհվողն ու հիասթափվողը։ Էլի մենք ենք մտածում, որ մեր թեկնածուն ամենակարող է, որ միայն մեր թեկնածուն գիտի ռամիկ մարդու տեղը, արվեստագետի ու ուսուցչի տեղը, բարեկեցության ու երջանկության տեղը։
Ես մի բան լավ գիտեմ` սերը հրաժեշտ տվեց մեզ` տանուլ ենք տալու, կորցնելու ենք գտածը, մեզ տրվածը, դարերով կուտակածը։ Դառնալու ենք սովորական, անհետաքրքիր, անուժ, անպաշտպան… Մենք մեզ չենք ճանաչելու, մենք մեզ արհամարհելու ենք…
Վատ չէ, որ դու ունես քո թեկնածուն, որ դու հավատում ես քո ընտրյալին, ուզում եմ ասել` ես հարգում եմ քո ընտրությունը, դա քո անձնական, կարելի է ասել նաև՝ փակ տարածքն է։ Բայց խելոք մի բան ասեմ. մյուսներին մի մեղադրիր, մի վիրավորիր, մի սադրիր։ Մենք դատապարտված ենք կողք-կողքի ապրելու, իրար օգնելու, իրար ներելու։ Կրկնում եմ, ուրիշի անձնական տարածքում մեզանից ոչ մեկը անելիք չունի, չի թույլատրվում, խստիվ արգելվում է… Մատ թափ տալը ամենևին էլ տղամարդկային չէ…
Մենք հետաքրքիր մի բառ ունենք՝ երախտամոռ, բազում հոմանիշներով, օրինակ` ապերախտ, անշնորհակալ, աներախտիք, անաղուհաց, աղուհացը գետնովը տվող, մեկի դռանն ուտող, մյուսի դռանը հաչող… Շատ քիչ է օգտագործվում, հազվադեպ, այն էլ՝ ցածրաձայն։ Ես նաև այդ ուտող-ուրացող մարդուց եմ վախենում, այդ նրանք են, որ ոչ մեկին չեն սիրում, որ ամեն ինչ ժխտում են ու անընդհատ պահանջում են՝ տուն, մեքենա, գործ, փող, ուշադրություն, հազար ու մի բան… Դրանք էլ են արտագաղթող և, ցավոք, հաճախ նրանք են ձիավորը… Բոլորի մոտ, բոլորի կողքին, բոլոր ժամանակներում… Տերը հեռանում է, գտնում են ուրիշին, հետո գալիս է հաջորդը, հետո՝ նորից… Այստեղից` այնտեղ, այնտեղից՝ այստեղ, դադար գոյություն չունի… Ես սովորել եմ նրանց տեսնել, սովորել եմ տեսնել ու չզարմանալ։ Ուղղակի առանց հապաղելու նշեմ, որ ամենաշատը հենց նրանք են գովերգում նոր եկողին, նոր իշխանավորին, նոր, իրենց համար՝ թագավորին… Որովհետև միայն նրանք գիտեն, թե ինչ է լինելու վաղը, մյուս օրը, հետո… Եվ, ամենակարևորը՝ երբեք չեն ուշանում… Ես գոնե նման մեկին չեմ ճանաչում…
Իրավունք ունե՞մ, չէ՞, հարցնել՝ ի՞նչ անենք, որ ճիշտ լինի, որ եթե հիասթափվենք էլ, արտագաղթելու տրամադրություն չունենանք… Հատկապես, որ հներին փոխարինում են նորերը, և ոչ մեկի տեղը մինչև հիմա դատարկ չի մնացել, և չեմ էլ կարծում, որ մնալու է… Եթե լինի նման բան, անկասկած, կխախտվի օրերի ու եղանակների հաջորդականությունը, երևույթների ու իրադարձությունների դիալեկտիկան…
Հա, մի բան էլ, էլի երևի ինչ-որ անհասկանալի իզմ-ից։ Նկատե՞լ եք մեր խորհրդատուներին։ Պարզվում է, մենք ուղղակի չենք տիրապետում ընտրությունների կազմակերպման ոչ քաղաքականությանը, ոչ էլ՝ պահանջներին։ Եվ մինչև հիմա ինչ արել ենք, պատկերացնո՞ւմ եք, պարզվում է, որ այնքան էլ ճիշտ չենք արել, ուզում եմ ասել՝ թափանցիկ չենք եղել, ոչ էլ արդարությունն է բավարարել…և ամենևին էլ կապ չունի միջազգային դիտորդների հիացական խոսքն ու մասնագիտական մեկնաբանությունը։
Այսպես որ վերցնում ես, բավականին գունապակաս պատկեր է ստացվում, ընտրություն կատարելու պայմաններից զուրկ մի տարածք` մոլորվելու ու գայթելու բոլոր հնարավորություններով։ Դրա համար եմ ասում` մի պահ մոռացեք ձեր թեկնածուներին, ամեն ինչ ավերող այս հազարամյա թագա-վիրուսը, գովերգությունն ու հիացական բացականչությունները, հենվեք ձեր բանականությանն ու տեսողությանը և կատարեք ձեր ընտրությունը, հանգիստ, խաղաղ, առանց ուրիշներին վիրավորելու ու մեղադրելու։ Իսկ եթե հանկարծ պարզվի, որ ձեր թեկնածուն կամ կուսակցությունը չի արժանացել ընդհանուրի համակրանքին, ամենևին էլ չմտահոգվեք, որովհետև թեկնածուներից յուրաքանչյուրը խոստացել է լինել բոլորիս նախագահը։ Ինչ խոսք, երևի մի քիչ դժվար է դրան հավատալը, բայց ուրիշ տարբերակ էլ չունենք։
Ի՞նչ եմ անելու ես։ Մարտի 31-ին հագնելու եմ իմ ամենագեղեցիկ, ամենատոնական հանդերձը ու օգտվելու եմ ընտրություն կատարելու Արցախի Հանրապետության քաղաքացու իմ իրավունքից և, համոզված եմ, կատարելու եմ ճիշտ ընտրություն, ընտրելու եմ նրան, ով մեկ ամսվա քարոզարշավի ընթացքում ամենաքիչն է խոսել ժողովրդի անունից ու ոչ մի թեկնածուի հասցեին մեղադրական չի հնչեցրել և, ամենակարևորը, իր պատվից ցածր է համարել գոնե մեկ-մեկ զբոսնել ուրիշի անձնական տարածքներում…