Logo
Print this page

ԱՊՐԵԼՈՒ ԵԶԱԿԻ ԲԱՆԱՁԵՎԸ

Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

  Անընդհատ ծանր, անասելի դժվար, վտանգավոր ու բարդ ճանապարհ անցնողի մոտ հենց նոր, մի կերպ հաղթահարած սովորական ու հարթ ճանապարհից խոսելը, կարծում եմ, խոխայություն է, կարելի է ասել՝ նաև անտրամաբանական  ու անլուրջ։ Չի կարելի։ Համաձայն եմ, բարդ ճանապարհ անցածներից բոլորը չեն, որ արժանի են մեծարանքի, բոլորը չեն բավարարվում ունեցածով, եղածով, սեփական քրտինքով ստեղծածով՝ աշխարհից ոչինչ չպահանջելով, հերոսական անցյալի գունավոր ու անգույն պատկերները օր ու գիշեր մեր առջև տեղի ու անտեղի չտարածելով, ներկայի վրա չծանրանալով, ամեն մեկին չմեղադրելով ու չարհամարհելով։ Բայց մտածե՞լ եք, որ քիչ չեն ճիշտ ապրողները, մինչև հիմա երկրի համար ամեն ժամ տքնողները, ցավի, չարչարանքի ու աղետների դեմ մենակ գնացողները, նրանք, ովքեր արածի դիմաց ոչինչ չեն պահանջում, ում համար փառքը, հսկայածավալ նյութը, պարգևներն ու կոչումները ծիծաղելի ոչինչ են։ Այդպիսիք ամենևին էլ չեն նեղվում ու խռովում, երբ իրենց չեն հիշում, երբ չեն նկատում, երբ, իբր մոռանում են...

Հենց այդպիսիներն են, որ պատերազմում հաղթում են, որ երկիր են կառուցում, ճանապարհ ու տուն են շինում, հող են մշակում, ավերվածն են վերականգնում, իմաստավորում մեր յուրաքանչյուր օրն ու տարին, որ մեզ իրավունք են տալիս չընկճվել, չերերալ, ապրել...

                Հետո ինչ, որ նաև սխալվում են, գայթում, պահանջում ավելին, որ չեն դիմանում փառքին, ուսադիրների ծանրությանը, որ մեկ-մեկ էլ մոռանում են անցած ճանապարհի խորհուրդը, որ արածի մեծությունից մոլորվում են։ Այդպիսին է մարդ արարածը, ցավոք, հաճախ սխալական, անուժ՝ փորձությունների առաջ, ժամանակավորն ու հավերժականը իրարից չտարբերող։ Եթե ասեմ՝ էլ չի լինելու նման բան, կնշանակի տարիներն անցել, ինձ ամենևին էլ չեն նկատել, կնշանակի ես այս աշխարհից ոչինչ էլ չեմ հասկանում։ Հիշու՞մ եք, կուռք չշինեք երկրի վրա։ Չասեք, որ հիշում եք, ասեք էլ, չեմ հավատա, որովհետև մենք առանց դադարի ու հանգստի, նույն ոգևորությամբ ու եռանդով շարունակում ենք կուռքաշինության  մեր, պատկերացնու՞մ եք, առաքելությունը... ոտանավոր ենք ձոնում ամենասովորական մահկանացուներին, քանդակում ենք, երկիրը՝ իր անցյալով, ներկայով ու ապագայով նվիրում ենք նրան, խոնարհվում ենք օրը հազար անգամ, ճակատն ու ձեռքն ենք համբուրում, սրբում ենք կոշիկների փոշին, շալակած տանում ենք սարերով ու ձորերով ու վերջում էլ, հանուն այդ մեկի, ողջակիզվում ենք...

                Չէ, բարեկամս, չի ավարտվում բռունցքի փառաբանությունը, և սիրո ու գեղեցիկի տարածքներում անարգել բնակություն է հաստատում նորին մեծություն վախը...

                Բայց 88-ից այս կողմ կարգին գործ ենք արել, մեծ ու փոքր, կին ու տղամարդ։ Զոհելով առաջացել ենք, դանդաղ, բայց համառորեն վստահ, ուրիշներին չմեղադրելով, չդժգոհելով։ Ճիշտ է, միշտ չէ, որ հաջողել ենք, որ իրար հասկացել-ընդունել ենք, որ օրենքի առաջ խոնարհ ենք եղել ու հավասար, որ անձնականը անանձնականի մոտ խեղճ ու կրակի մեկն էր, որ առաջնորդը եղել է պետական մտածողությունը... բայց չենք հուսալքվել, կանգ չենք առել, ճանապարհից դուրս չենք եկել ու չենք շեղվել։ Կառուցել ենք մեր երկիրը, նախագահ ենք ընտրել, Ազգային ժողով ու Կառավարություն ենք ձևավորել, մեր ազատությունների ու իրավունքների համար ենք պայքարել, օտարների հետ ենք սեղան նստել։ Եվ մեզ տեսել են, չցանկանալով ընդունել են, մեզանից չեն հրաժարվել, որովհետև տեսել են, որ մենք ոչ մեկից պակաս չենք, և ժողովրդավարություն  ասածն էլ երբեք նորություն չի եղել մեր կողմերում, ուզում եմ ասել՝ ամենևին էլ կապ չունի նոր ժամանակների մտածողության ու պահանջների հետ։ Խելոք, կրթությունից էլ քիչ-միչ հասկացողը չի զարմանա իմ այս եզրահանգումներից, ընդհակառակը, մի ահագին բան էլ ինքը կավելացնի՝ հաստատելով ասածս։

                Տեսնում եմ՝ մեկը մեծ տուն է շինում, մեկը՝ փոքր, մեկը հազար-հազար ծառ ունի, անծայրածիր դաշտեր ու բանջարանոցներ, մեկ ուրիշի այգու ծառերը կարելի է մատների վրա հանգիստ հաշվել։ Բայց մտածե՞լ եք, որ այդ մեծ տունն էլ է երկրինը, փոքրն էլ, հազար-հազար ծառն էլ, տասն էլ, դաշտերն ու այգիները... ոչ տունը կարող ես տեղավորել ճամպրուկիդ մեջ, ոչ ծառը, ոչ էլ նույնիսկ՝ կարոտը։ Բանաստեղծ Հրաչյա Բեգլարյանը սիրում էր ասել, որ մարդ ինչ կառուցում է, այս երկրի համար է կառուցում, ինչքան շատ, այնքան՝ լավ... դրանից վնաս չկա, վնասը ուրիշ տեղից է...

                Չասե՞մ՝ իմաստուն բան էր ասում մարդը, ժամանակից առաջ ընկած խոսք։ Չասե՞մ՝ այսքան արյուն տեսած, այսպիսի ճանապարհ անցած ժողովրդի զավակների մեջ որտեղի՞ց այդքան ատելություն ու գոռոզամտություն, այսպիսի ինքնասիրահարվածություն ու մերձավորին անընդհատ մեղադրելու մոլուցք։ Իսկապես, որտե՞ղ փնտրել ակունքը, սկիզբը, պատճառը։

              Չասե՞մ՝ չի ստացվում այս ներմուծովի խաղը, շարժը, նույն բանը ամեն օր մատուցելու ձանձրացնող պարտադրվածությունը, քաղաքականության այս ապաշնորհ կրկնօրինակ- պատճենը, սադրանքի ծիծաղելի փորձերը; Չասե՞մ՝ ես անզոր եմ իմ վրա եկող անգամ ամենաանկարող ու թույլ հայի՝ իմ ցեղակցի առաջ... ես չասեմ, մեկ ուրիշ հայ ասելու է։

Նորից չգնամ հասնեմ ութսունութ, միայն 16-ի ապրիլից խոսեմ։ Ով ասես, որտեղից ասես եկավ, կանգնեց մեր կողքին։ Էլ դերասան, էլ գրող, ռամիկ, երեսփոխան, հին զինվորական, կին ու տղամարդ... ոչ երկրի քաղաքներում ու շեներում կանգնելու տեղ կար, ոչ էլ՝ խրամատներում։ Տղերքից մեկն էլ, միամիտ-միամիտ, գիտե՞ք ինչ ասաց, ասաց՝ ես չգիտեի, որ մենք այսքան շատ ենք, որովհետև մեզ միշտ էլ ասել, որ մենք ընդամենը երեք միլիոն ենք, այդ ո՞վ է տեսել, որ երեք միլիոնը այսքան շատ լինի...

            Չէ, եղբայր, ես չեմ ուզում, որ միայն ցավը համախմբի մեզ, և պատերազմները ցույց տան մեր հավաքական ուժի մոնումենտալությունը։ Այդ ուժը, այդ ամբողջականությունը երկրին պետք են նաև ուրախ ու սովորական օրերին, ամեն ժամ, սարը մագլցելիս, հող մշակելիս, հաց արարելիս, տանը, թե՝ դրսում, դպրոցներում ու մանկապարտեզներում... ամենուր մեզանից յուրաքանչյուրն ունի այդ հավաքականության կարիքը, առանց դրա մեզանից ոչ մեկը չի կարող կարգին սիրել, տուն շինել, սահման պահել, թշնամու հերն անիծել, չի կարող ապրել... գիտե՞ք ինչու, ասեմ՝ որովհետև հայ է...

             Ի՞նչ ենք անում հիմա։ Ամենակարևորը՝ նախագահ ենք ընտրել։ Հազարավոր մարդիկ իրենց վստահության քվեն տվելեն մի մարդու, ով պատրաստ է շարունակել կիսատը, տեր կանգնել մեր արժեհամակարգին, լինել յուրաքանչյուրի նախագահը, պինդ պահել երկրի սահմանները, այն ամենը, ինչ ազատագրվել է դաժան մարտերով, ով մեզանից մեկն է և երբեք մեզնից չի հեռանալու... Նրա կողքին կանգնելը պարտադիր է, միասին քայլելը, գործ անելը, ամենածանր բեռն ուսելը, ամեն օր խիզախելը, չարածի ու սխալների մասին ցավով խոսելը... Ապրեցինք այդպես, նախագահը վստահ է առաջնորդելու մեզ, օտարների հետ բանակցելիս չի երերալու, ծանր ու բարդ օրերից չի վախենալու։

             Այլ բանաձև մեզ համար ուղղակի գոյություն չունի, և, ինչքան մտածում եմ, դա է լավագույն ժողովրդավարությունը, ազատությունն էլ, ժամանակի հետ համատեղ ընթանալու հնարավորությունը, նաև սուտ փրկիչների առաջն առնելու կարողությունը։ Եթե համաձայն չեք, ասեք, որ համաձայն չեք, ասեք, որ սխալվում եմ ու բացարձակապես չգիտեմ ինչ բան է այդ ազատություն կոչվածը...

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.