ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՎԱԽԵՐ ԿԱՄ` ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Հե՛յ, ո՞վ կա այդտեղ... Մեկ-մեկ ցանկություն ես ունենում, չէ՞, այսպե՛ս, սարոյանավարի՛... չմտածելով անգամ՝ քեզ լսու՞մ են, թե՝ չէ... գոնե մեկն ու մեկը...
Լինում է, մտածում եմ, որ աշխարհն ամբողջությամբ, ծայրից ծայր դատարկ է, մեկ-մեկ էլ, թվում է, շարժվելու տեղ չկա, մենք այնտեղ չենք տեղավորվում, ուղղակի լցված ենք իրար գլխի։ Բոլորը կամ միասին խոսում են, կամ՝ միասին լռում։ Միայն լացելն է, որ առանձին-առանձին է, նաև՝ ծիծաղելը։ Թեպետ վերջերս ցավը, առանց իմ ու քո անելու, առանց ընտրություն կատարելու, ծեծեց բոլորի դուռը և բոլորի վրա էլ լրջորեն մատ թափ տվեց՝ կարծես հասկացնելով, որ հարկավոր է վերջ տալ հիմարություններին, մեծամտությանը, պատերազմին, չարությանն ու ատելությանը։ Բայց այդքանից հետո էլ բան չփոխվեց, հետո էլ ընդամենը մի քանիսը հասկացան, որ աշխարհ կոչվածի եղածը մի բուռ է, մի թիզ, մի ափ և այն հավասար պատկանում է բոլորին։ Չգիտես որտեղ է հոգին փչում սուտը, և որ ծովն է ճշտի ծննդավայրը, եթե, իհարկե, հավատանք, որ բոլորիս էլ հանել են ծովից։
Չասե՞մ՝ աշխարհի հետ գործ չունեմ, իմ ցավը ինձ հերիք է։ Հետո էլ էդ աշխարհը ե՞րբ է իմ մասին մտածել, որ ես նրա համար այսպես քարուքանդ եմ լինում։ Բայց չի ստացվի, մի տեսակ նույնիսկ անհարմար էլ է։ Չեմ կարող։ Վերջին հաշվով՝ ես երբեք էդ աշխարհից դուրս չեմ էլ եղել, ուղղակի մեկ-մեկ թվացել է, որ նրանից անջատ եմ, առանձին, բաժան... Իմ բաժինը պահանջեի՝ այդպես չէր լինի, ուզում եմ ասել՝ ինձ երեխայի տեղ չէին դնի և անընդհատ չէին խաբի...
Ով ինչպես ուզում է, կարող է արտահայտվել, բայց ես էլի ինձ եմ մեղադրում, միայն ու միայն ինձ։ Այդ ես եմ, որ ինքս ինձ չեմ հավատացել, որ աշխարհից միշտ էլ խռովել եմ երեխայի նման, որ ինքս ինձ չեմ սիրել, չեմ մեծարել, որ վախեցել եմ նույնիսկ իմ բաժինը պաշտպանելուց, բարձրաձայն խոսելուց, կաղապարներից հրաժարվելուց... Մի ինչ-որ անհասկանալի, անմարմին տագնապ ինձ հեռացրել է մյուսներից, ինձ մղել ինքնամեկուսացման...
ՄՏԱՎՈՐԱԿԱ՛ՆՍ ...
գրչի, վրձնի, գրքի, խազի հետ գործ ունեցողը՛... որտե՞ղ է մոլորվել-մնացել... Մեկ՝ ժամանակից առաջ, մեկ՝ այդ նույն ժամանակից անշոշափելի ետ... անհասանելի, հեռու՛, օտա՛ր... երկիրը՝ թաքստոցից սիրող...
Չենք երևում, ոչ մի տեղ չկանք, ավելի ճիշտ կլիներ ասել՝ կանք, բայց մեր արժեհամակարգից դուրս, իրականությունից կտրված, պատմական երևույթներից անջատ։ Եվ զարմանալի չէ, որ մեզ չեն նկատում, որ մեր տեղը չգիտեն, որ մենք ավելորդ ենք։ Հենց մեր թույլտվությամբ ամեն ինչ վերածվել է կենցաղի, առարկայականի, նյութի... խոսքը զրկվել է գեղեցկությունից, մշակույթից ու խորհրդից... նրա մեջ անարգել բազմացել է վիրավորանքը, ատելությունն ու արհամարհանքը, նաև՝ մեծամտությունն ու ամենազորությունը... ե՛ս... ե՛ս... ե՛ս...
Այդ ոչինչ չհանդուրժող ԵՍ-ը կրկին հայտնվել է առաջին գծում։ Ո՞վ է մեզ փրկելու մեզանից։ Թվում է՝ կոշտ, կոպիտ, տգեղ, խառնածին խոսքի մրցույթ է հայտարարվել։ Իսկ մենք բոլորին հավատում ենք, ծափահարում, ոտանավոր ձոնում, անընդհատ բարձրացնում՝ կեցցե ՓՐԿԻՉԸ... միակը, եզակին, անփոխարինելին... դարերից այդպես գալիս ենք... Կա՞ մեկը, որ զգում է մեր ասածի կարիքը, որ կանգնում է մեր կտավի առաջ, որ զգում է մեր երեխաներին այբն ու բենը մատուցողների տառապանքը... Ասեմ՝ մեկը-երկուսը, ընդամենը մի քանի միամիտ, աշխարհից ոչինչ չհասկացող։ Մեր միտքը, մեր երևակայությունը, մեր գաղափարը ինքնամեկուսացումից դուրս գալու ցանկություն չունի...
Իսկ մեր բնակավայրի մայթերին, որտեղ մի ժամանակ, կարծես, հազար տարի առաջ հանգիստ զբոսնում էինք, բանջարեղենի ու մրգեղենի ծանրաբեռ արկղեր են, ավելի ու ավելի շատ, ավելի ու ավելի արհամարհող... անհասկանալի կրպակներ, փուչիկ ու զիզի-բիզի վաճառողներ... փողոցն ամեն տեղից հատող ինքնահավան մարդիկ, ամեն օր օրենքից խոսող, բայց ամեն օր էլ այդ օրենքի հերն անիծող հասարակ մահկանացուներ...
Փրկությունն էլի, ինչքան մտածում եմ, ինքնամեկուսացումն է, ոչինչ չտեսնելն ու չլսելը։ Թե չէ կարող ենք վարակվել, չենք դիմանա։ Քաղաքականությունը, հաստատ, մեր տեղը չէ, գործ չունենք։ Առանց մեզ էլ մի բան կանեն, այսպես չի մնա։
Չէ, եղբայր, առանց ինձ ոչինչ չեն կարող անել, նույնիսկ ծառ չեն կարող տնկել, ոչ էլ տուն կարող են կառուցել, ոչ էլ, չզարմանաք, հաց կարող են ուտել։ Բառը բառի կողքին չի կանգնի, երեխան փողոցից տուն չի գնա, հետո էլ նոր կուռքեր կհայտնվեն հենց մեր շեմին։ Երկիրը համ չի ունենա։ Եվ, ամենասարսափելին՝ մենք իրար չենք ճանաչի...