Logo
Print this page

ՉԱՎԱՐՏՎՈՂ ՊԱՏԵՐԱԶՄ, ԿԱՄ` ՄԻ ԼԱՉԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Նորեկ Գասպարյան

 Չեմ կարծում, որ 1994-ի մայիսին մեզնից մեկը մտածում էր, որ պատերազմն ավարտվել է, պրծել է, վերջացել։ Ուրիշ բան ասեմ. մեզնից մեկը, ինչքան էլ ցանկանար, ինչքան էլ սիրտն ուզեր, ինքն իրեն թույլ չէր տա, ուղղակի չէր կարող։ Չէր էլ ստացվի։ Գիտե՞ք ինչու, ասեմ, որովհետև մեր շարքերում միամիտ մարդ չկար, թուրքին հավատացող մեկը։ Թուրքը գոյություն ունի, ուրեմն պատերազմը կողքին է։

             Ընկեր ունեմ, ամբողջ պատերազմն անցած տղա, գիտե՞ք ինչ էր ասում  մայիսի 13-ին, ասում էր՝ ով հավատաց էս հրադադար կոչվող ստին, տանուլ է տալու․․․ Սխա՞լ էր մարդը կամ գուցե գժվու՞մ էր պատերազմի համար։ Հա, ասում էր, մենք պատերազմից հոգնելու իրավունք չունենք, հոգնեցինք, էլի կորցնելու ենք․․․ Մշեցի պապի մասին էլ էր պատմում․

-Ասում էր՝ երանի քեզ, որ տեսնելու ես Էրգիրը․․․ չհասար, հաշվիր պապ չունես․․․ Պապս հասկացել-համոզվել էր, որ Էրգիր տանող ամենակարճ ճանապարհը հենց Արցախով էլ անցնում էր․․․ Այնպես որ, հրադադար-մրադադար չկա․․․ թքած, թող թուրքը դրան հավատա․․․ Ինքը խնդրել է, ինքն էլ թող վայելի՝ ինչքան ուզում է․․․

              Ես էլ եմ մտածում, որ մեր բաժին պատերազմը երբեք էլ չի ավարտվելու։ Մենք ուղղակի մեկ-մեկ կանգնում, ուսումնասիրում ենք իրար, լվացվում, ազատվում մեր դեմքին առատորեն աճած մազից, շորերի փոշուց։ Կարգի ենք բերում մեր խրամատներն ու գետնատնակները, ուրախանում նոր զինատեսակներով։ Ուզում եմ ասել՝ մենք ամեն օր էլ պատերազմի մեջ ենք, պատերազմի մեջ էլ հարս ենք բերում տուն, երեխա ենք ունենում, տուն ենք շինում, նույնիսկ՝ ծառ տնկում․․․ զենքը՝ կրակելու պատրաստ, պատկերացնու՞մ եք, ժողովրդին խաղաղության պատրաստելով․․․ Մի տեսակ ծիծաղելի էլ է հնչում, իբր իմ ներսի խաղաղությունը քիչ է, չի հերիքում, բավարար չէ կարգին հարևանություն անելու, իրար տուն գնալ-գալու համար․․․ Չէ, ձեր խաղաղությունը՝ ձեզ, ինձ հանգիստ թողեք, իմ խաղաղությունից լավը, աշխարհն էլ ոտքի տակ տաս, չես գտնի, գիտե՞ս ինչու, ասեմ, որովհետև դրանից միայն մեկն է, չկա և չի էլ եղել երբեք․․․

Հիմա ասում ես՝ թշնամին խախտել է երկրիս սահմանը։ Չէ, եղբայր, դա ամենևին էլ այդպես չէ, թշնամին հարձակվել է երկրիս վրա, ավելի ճիշտ կլիներ ասել՝ վերսկսել է կիսատ թողած պատերազմը։ Ուզում եմ ասել՝ դա սահմանի խախտում չէ, դա ամենասովորական պատերազմ է` ժամանակակից զինատեսակներով, խաղաղ բնակավայրերս թիրախավորելով։ Եթե ձեր պատկերացրած պատերազմը աներևակայելի պոզեր ու ականջներ ունի, ասեք, իմանանք և ազատվենք մեր այս հետամնաց գաղափարներից ու պատկերացումներից․․․

              Ասեմ՝ չզարմանաք, ամեն մի կրակոցն ինձ համար պատերազմի շարունակություն է, իմ հասցեին հնչող յուրաքանչյուր ատելությամբ լեցուն խոսք, ամեն չար հայացք ինձ համար պատերազմի շարունակություն է։ Թուրքն իր, այսպես կոչված, բաքվի կենտրոնում, ամբողջ աշխարհին լսելի, ինձ այդ նույն աշխարհի երեսից վերացնելու կոչեր է անում, ես ինքս ինձ պատրաստեմ խաղաղությա՞ն․․․ Իսկապես, ինչ-որ անլուրջ բան է տեղի ունենում, ես՝ անտեղյակ․․․

               Մի անգամ, դա 60-ականներին էր, Շուշիում թուրքը հարձակվեց հորս վրա, հսկայական բահը հրացան դարձրած․․․ Հորս կողքինը կացինն էր, պատ շարողի կացին ախպերը․․․ որն էլ, բնականաբար, արժանապատվորեն ու ամենայն պատասխանատվությամբ կատարեց իր գործը․․․

Եվ երբ սկսեցին հորս  նախատել, հայրս հանգիստ շարադրեց միտքը՝ եթե բարձրացրել ես, պիտի խփես, եթե ձեռքդ դրել ես  ձգանին, պիտի կրակես, եթե, իհարկե, չես ուզում մեռնել։ Եվ այդպես հայրս Շուշիում անընդհատ ապացուցում էր, որ ուզում է ապրել, որ մեռնելն իր բանը չէ, որ մեռնելու իրավունք ինքն ուղղակի չուներ․․․

          Դրա համար եմ ասում` 94-ին հրադադարին հավատացող մեկը չկար։ Իսկ գետաշենցի, տարիքն առած զինվորներից մեկը վիրավորանքից երեխայի նման լաց էր լինում ու անընդհատ ասում․

-Բա մեր շե՞նը․․․

          Չեմ հակաճառում, եթե մեկը գիտի այդ զարմանահրաշ, այդ առեղծվածային խաղաղության տեղը, կարող է առանց ուշացնելու, առանց ամաչելու, առանց երկմտելու հայտնել ինձ։ Մնացածն արդեն իմ գործն է, դրան ընդունել-չընդունելն էլ, հետը ընկերություն անելն էլ, հրաժարվելն էլ․․․ Հրաժարվելն, իհարկե, վերջում, եթե հանկարծ պարզվի, որ էդ ձեր ասած խաղաղությունը սուտ խաղաղություն է, տուն քանդող, ապրելու իրավունքից զրկող խաղաղություն․․․ Այնպես որ, ով ինչ ուզում է՝ կարող է ասել, ես զենքս դեռ չեմ իջեցրել, կրակեցին՝ կրակելու եմ, փորձեցին խփել՝ տապալելու եմ, եկան երկրիս վրա՝ տեղ չեն հասնելու` ո՛չ առաջ, ո՛չ էլ ետ․․․ Ւսկ էդ իրենց բաքվում աքլորացողներին հիշեցնեմ 88-ը, երբ այն ժամանակվա աղդամից խուժանը եկավ Ասկերանի վրա․․․ Հիշողները լա՜վ են հիշում, որ չօգնեց անգամ Խուրաման խանումի փոշու մեջ գալարվող կախարդական լաչակը․․․ Ուզում եմ ասել՝ լաչակի վրա հույս դնելը արկածախնդրություն է, չէ, ավելի ճիշտ՝ լակոտություն․․․ Եթե ուզում եք իմանալ, դա լաչակակիրների ամենամեծն էլ գիտի, դրա զուգված-զարդարված կնիկն էլ, պարտված բանակի հերոս գեներալներն էլ հետը․․․

         Իսկ նրանք, ովքեր ո՜չ հիշողություն ունեն, ո՜չ էլ՝ խելք, կարող են փորձել, ոչ ոք չի արգելում, իմն էլի զգուշացնելն է, ես զգուշացրի․․․

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.