[ARM]     [RUS]     [ENG]

ՍԱ­ՏԱ­ՆԱՆ ԷԼ ԹԱՔՆ­ՎԵ­ԼՈՒ ԿԱ­ՐԻՔ ՉՈՒ­ՆԻ, ԿԱՄ` ՈՒ­ՐԻ­ՇԻՆ ԺԽ­ՏԵ­ԼՈՎ ՉԵՍ ԿԱ­ՅԱ­ՆԱ

Նո­րեկ ԳԱՍ­ՊԱ­ՐՅԱՆ

 Մեկ է, ինչ­քան էլ փոր­ձեմ ինքս ինձ հա­մո­զել, որ ինձ ո­չինչ չի զար­մաց­նում, ազ­նիվ չի լի­նի։ Ընդ­հա­կա­ռա­կը, այդ զար­մա­նալն ինձ օգ­նում է ապ­րել, ա­վե­լի լավ տես­նել ինձ շր­ջա­պա­տող մարդ­կանց ու՝ երևի աշ­խարհն ամ­բող­ջու­թյամբ։ Դա ինձ մղում է ա­նընդ­հատ ներ­կա լի­նե­լու ժա­մա­նա­կա­կից կոչ­վող հա­մա­րյա բո­լոր ներ­կա­յա­ցում­նե­րում` բնա­կա­նա­բար, եր­բեք չկտր­վե­լով ան­ցյա­լի խո­րա­խոր­հուրդ երևույթ­նե­րից։ Սա լա՞վ է, թե՞ վատ։ Ի­հար­կե, լավ է, հրա­շա­լի է, ուղ­ղա­կի՝ գե­րա­զանց։ Իսկ երբ մտա­ծում ես, որ այդ զար­մա­նա­լու շնոր­հից բո­լո­րին չէ, որ բա­ժին է հա­սել, ու­րա­խու­թյու­նից սկ­սում ես թռչ­կո­տել, հա­մար­ձակ­վում ես քեզ հա­մա­րել ընտ­րյալ, վեր­ջա­պես՝ Տի­րոջ ա­ջի տակ ապ­րող ե­զա­կի մե­կը։ Պատ­կե­րաց­նու՞մ եք, տա­րի­ներն ա­նընդ­հատ ա­վե­լաց­նում են զար­մա­նա­լու իմ բա­ժին պա­շար­նե­րը, ու­զում եմ ա­սել՝ ինձ սկ­սում է զար­մաց­նել ա­մեն-ա­մեն ինչ։ Ե­րե­խան ա­ռա­ջին քայ­լերն է ա­նում, ես զար­մա­նում եմ, քա­րե­րի ա­րան­քից գլ­խիկն է հա­նում ծա­ղի­կը՝ զար­մա­նում եմ, զար­մա­նում եմ, երբ հրա­ժար­վում են տված խոս­տու­մից, երբ խա­բում են, երբ ա­նընդ­հատ դժ­գո­հում են, երբ վի­րա­վո­րում են մար­դուն, երբ ցավ են պատ­ճա­ռում կող­քին ապ­րո­ղին, զար­մա­նում եմ, երբ ա­նի­ծում են, երբ երկ­րից խռո­վում են, երբ քնում-զարթ­նում են ու­րի­շի անձ­նա­կան տա­րածք­նե­րում, նույ­նիսկ, երբ... մա­հա­նում են...

Սար­սա­փե­լի է, կար­ծիք հայտ­նո­ղին ըն­դա­մե­նը մի քա­նի ժա­մում կա­րող են դարձ­նել, չզար­մա­նաք, հայ­րե­նի­քի դա­վա­ճան։ Կապ չու­նի՝ ով է այդ ան­կեղծ խոսք ա­սո­ղը՝ հրա­շա­լի գրո՞ղ, նկա­րի՞չ, ու­սու­ցի՞չ, թե՞ մի քա­նի ճա­կա­տա­մարտ շա­հած հին զին­վո­րա­կան։ Դա­վա­ճան և՝ վեր­ջա­կետ։ Նաև՝ գոր­ծա­կալ, թուրք, ան­տա­ղան­դի մե­կը, հե­ղի­նա­կու­թյուն չու­նե­ցող, ա­նի­մաստ մե­ծար­ված, ա­վե­լորդ գնա­հատ­ված։ Հե­տո՞... Ինչ գր­վել է, սխալ է գր­վել, սխալ է քան­դակ­վել, սխալ է ա­րար­վել... բո­լո­րը սխալ են ապ­րել, էլ սո­վո­րա­կան մահ­կա­նա­ցու­նե­րի մա­սին չեմ խո­սում` չնա­յած ա­մե­նա­շա­տը հենց նրանք են քան­դել-ա­վե­րել...

Տխուր է։ Չա­սե՞մ, որ ու­րի­շին ժխ­տե­լով չեն կա­յա­նում, գո­նե մինչև հի­մա այդ­պես է ե­ղել, չա­սե՞մ, որ ան­ցյա­լից հրա­ժար­վե­լով` կորց­նում են ներ­կան։ Չէ, ես եր­բեք չեմ ըն­դու­նել ու չեմ ըն­դու­նում ան­շարժ, ան­փո­փոխ վի­ճա­կը, կա­ղա­պա­րի վե­րած­վող ա­վան­դույ­թը, ար­ժե­հա­մա­կար­գի՝ ժա­մա­նա­կի ա­ռաջ ան­զոր երևույթ­նե­րը, նույն խոս­քը, նույն մո­տե­ցու­մը։ Եվ, ա­մե­նա­կարևո­րը, լավն էլ, վատն էլ՝ մերն է, ան­ցյա­լի ա­մո­թա­լի է­ջերն էլ, փա­ռա­հեղ հաղ­թա­նակ­ներն էլ, նաև՝ ներ­կան՝ մեկ-մեկ ան­շո­շա­փե­լի-ա­նըն­թեռ­նե­լի, մի տե­սակ նույ­նիսկ՝ օ­տա­րա­շունչ, ան­գա­ղա­փար... դա­րե­րով ձևա­վոր­ված այդ նույն ար­ժե­հա­մա­կար­գից դուրս։ Չկա­յա­ցած իշ­խա­նա­վորն էլ է մե­րը, ռա­միկն էլ, մեր քա­ղա­քի փո­ղոց­նե­րը գույ­նզ­գույն ծա­ղիկ­նե­րով զար­դա­րող կա­նայք, մեր տիե­զե­րա­կան միտ­քը եվ­րո­պա­նե­րի ու­ղիղ կենտ­րոն հասց­նող պոետն ու նկա­րի­չը, նաև՝ մեր ա­մեն մի ա­րար­չա­գոր­ծու­թյու­նը ժխ­տող­նե­րը, մեր բո­լոր մո­լո­րյալ զա­վակ­նե­րը: Դրա հա­մար էլ ինձ ի­րա­վունք եմ վե­րա­պա­հում ա­սել, որ չա­րու­թյունն էլ է մեզ­նից, չար­չա­րանքն էլ, ճա­կա­տագ­րա­կան պա­հե­րին ի­րար գտ­նե­լու, ի­րար կող­քի կանգ­նե­լու, ամ­բող­ջա­նա­լու կա­րո­ղու­թյունն էլ։ Ու­րի­շը մեր մա­սին մտա­ծո­ղը չէ, մեր ցա­վը միայն ու միայն մեզ հա­մար է։ Մենք ա­ռան­ձին-ա­ռան­ձին գո­յու­թյուն չու­նենք, մենք այդ­պես միշտ էլ զրկ­վել ենք, հա­լած­վել ու կորց­րել։
Ար­դեն ա­սել եմ, այն էլ՝ մի քա­նի ան­գամ ու կրկ­նում եմ՝ ես եր­բեք ան­ցյա­լա­պաշտ չեմ ե­ղել, բայց եր­բեք էլ չեմ փոր­ձել հրա­ժար­վել նրա­նից, ուղ­ղա­կի չեմ հան­ձն­վել նրա քմա­հա­ճույք­նե­րին, թույլ չեմ տվել ինձ թու­լաց­նել, զր­կել ներ­կան վա­յե­լե­լու, ներ­կան բա­ցա­հայ­տե­լու ի­րա­կան մտա­ծու­մից։ Բայց, ու­զենք-չու­զենք, այդ ան­ցյալն էլ է հա­վա­սար բո­լո­րինս, ան­գամ ա­մե­նա­հե­ռա­վոր մի երկ­րում բնակ­վող, հա­յե­րեն ո­չինչ չի­մա­ցող, ինքն ի­րեն չճա­նա­չող հայն էլ բա­ժին ու­նի դրա­նից։ Չե՞ք հա­վա­տում։ Գնա­ցեք, գտեք այդ հա­յին ու հարց­րեք։ Ես գի­տեմ՝ ինչ է ա­սե­լու։ Է­լի չզար­մա­նաք, ե­թե հա­յե­րեն մի քա­նի քաղցր բան ա­սի...
Թշ­նա­մին քթ­նե­րիս տակ լա՛վ էլ տե­ղա­վոր­վել է։ Մեր ա­մեն շշու­կից նրա ա­կանջ­նե­րը մե­ծա­նում-մե­ծա­նում են։ Չէ, չեմ ա­սում ձեն-ձուն չհա­նենք, ուղ­ղա­կի խա­ղա­ղու­թյուն բա­ռը պի­տի քշենք մեր տա­րածք­նե­րից։ Գի­տե՞ք ին­չու, ո­րով­հետև մենք դեռ ա­զա­տագ­րե­լու շատ շե­ներ ու քա­ղաք­ներ ու­նենք, մեր տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը վե­րա­կանգ­նե­լու պա­հանջ։ Համ էլ ո՞վ է ա­սել, որ խա­ղա­ղու­թյու­նը միայն ինձ հա­մար է, որ օ­րու­գի­շեր միայն ես պի­տի մտա­ծեմ այդ հե­քիա­թի մա­սին, միայն ես պի­տի պա­հեմ-պաշ­տեմ նրան։
Մենք պատ­րաստ ենք ա­զա­տագ­րել մեր կորց­րած տա­րածք­նե­րը...
Ի­հար­կե։ Ու­րիշ ինչ­պե՞ս... ու­րիշ կերպ չի լի­նում։ Բո­լորն էլ լավ գի­տեն դրա մա­սին։ Ռուսն էլ, ֆրան­սիա­ցին էլ, ա­մե­րի­կա­ցին էլ, եվ­րո­պա­նե­րից մինչև նա­հանգ­ներ... Եվ, հա­մոզ­ված եմ, երբ մե­կը խա­ղա­ղու­թյու­նից խո­սում է, ծի­ծա­ղում են, ա­վե­լին՝ խա­ղա­ղու­թյու­նը եր­բեք պա­հան­ջարկ չի ու­նե­ցել։ Բայց ես ու­րիշ բան էի ու­զում ա­սել, ցան­կա­նում էի ըն­դա­մե­նը մի փոք­րիկ, գե­ղե­ցիկ, հա­մեստ խոր­հուրդ տալ իմ մտե­րիմ­նե­րին, հա­րա­զատ­նե­րին, ծա­նոթ-ան­ծա­նոթ­նե­րին, նաև այն հե­ռա­վոր մի երկ­րում ապ­րող, հա­յե­րեն ո­չինչ չի­մա­ցող իմ ցե­ղակ­ցին` թե­պետ խոր­հուրդ տա­լը հա­րիր չէ իմ տե­սա­կին ու բնա­վո­րու­թյա­նը։ Բայց ըն­դա­մե­նը մի քա­նի բառ՝ ա­զատ­վեք ձեր ներ­սը հո­շո­տող չա­րու­թյու­նից, ե­թե, ի­հար­կե, ապ­րե­լու ցան­կու­թյու­նը դեռ չի հե­ռա­ցել ձեզ­նից...