ԱԴՐԲԵՋԱՆԻ ԷԹՆՈՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐԸ. ՔՐԴԵՐ (մաս 4)
Դավիթ ԲԱԲԱՅԱՆ
(Սկիզբը՝ ԱԱ թիվ 85)
Սակայն իրավիճակը փոխվել է 1950-1960-ական թվականներին։ Հենց այդ ժամանակ քուրդ ժողովրդի ներկայացուցիչները եղել են Ադրբեջանի ԽՍՀ բարձր իշխանության կազմում եւ ամրապնդել իրենց դիրքերը՝ առայսօր մնալով այդ երկրի իշխանության ղեկին։ Էթնիկ քրդերի շրջանում այնպիսի քաղաքական գործիչներ էին, ինչպես Մամեդ Իսկանդերովը, էնվեր Ալիխանովը, Արիֆ Հեյդարովը, Քյամրան Հուսեյնովը, Սուլեյման Ռագիմովը եւ այլք։ Մամեդ Իսկանդերովը Բաքվի քաղխորհրդի առաջին քարտուղարն էր (1953-1954թթ.), Ադրբեջանի ԽՍՀ նախարարների խորհրդի նախագահ (1959-1961 թթ.), Ադրբեջանի ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ (1961-1969 թթ.)։ էնվեր Ալիխանովը փոխարինել է Մամեդ Իսկանդերովին Ադրբեջանի ԽՍՀ կառավարության ղեկավարի պաշտոնում 1961-1970 թվականներին։ Արիֆ Հեյդարովը եղել է Ադրբեջանի ներքին գործերի նախարար 1970-1978 թվականներին նախքան իր սպանությունը։ Քյամրան Հուսեյնովը զբաղեցրել է Ադրբեջանի կառավարության փոխնախագահի պաշտոնը 1968-1980 թվականներին։ Սուլեյման Ռագիմովը եղել է Ադրբեջանի ԽՍՀ գրողների միության նախագահ (1939-40 եւ 1954-57 թթ.)։
Սակայն, իհարկե, քուրդ ժողովրդի ներկայացուցիչներից ամենաբարձր քաղաքական ձեռքբերումներն է գրանցել Հեյդար Ալիեւը՝ դառնալով հանրապետության ղեկավար։ Մի շարք հետազոտողներ համարում են, որ նա ազգությամբ քուրդ է։ Հեյդար Ալիեւի օրոք բազմաթիվ էթնիկ քրդեր զբաղեցրել են առանցքային պաշտոններ Ադրբեջանում։ Փաստորեն, Սալադինի էթնոքաղաքական ռազմավարությունը դարձյալ տվել է իր պտուղները, ընդ որում՝ այն ցույց է տվել իր արդյունավետությունն ամենատարբեր էթնոքաղաքական հանրույթներում եւ սոցիալ-տնտեսական կազմավորումներում՝ ֆեոդալիզմից մինչեւ կապիտալիզմ եւ սոցիալիզմ։
Այդկերպ, քրդական հարցն Ադրբեջանում լուծվել է բավականին ինքնատիպ կերպով։ Մի կողմից՝ չեզոքացվել է քրդական պետականությունը, քրդերը ձուլվել են, մյուս կողմից՝ էթնիկ քրդերը զբաղեցրել են բարձրաստիճան պաշտոններ այդ հանրապետության քաղաքական օլիմպում: Այդկերպ, ադրբեջանական իշխանության քրդական սեգմենտը լուրջ վտանգ էր սպառնում քրդական պետականության վերականգնման եւ այդ հանրապետությունում իրենց իրավուքների համար՝ քրդերի պայքարի համար։ Այդպիսի պայքարը կստեղծեր լուրջ խնդիրներ իրենց իշխանությունը պահպանելու համար քրդական կլանի ներկայացուցիչների շրջանում։ Տրամաբանությունը շատ պարզ է։ Ինչու՞ պայքարել, օրինակ, Կարմիր Քրդստանի վերականգնման համար, եթե քրդերը եղել են ամբողջ Ադրբեջանում իշխանության ղեկին։ Ուստի իշխանությունը ներկայացնող քրդերն իրենք էին դեմ դրան՝ դրանում տեսնելով իրենց հնարավորությունների կրճատում, ինչպես նաեւ սպառնալիք Ադրբեջանում բարձր դիրք զբաղեցնելու հարցում։ Այդ պատճառով Ադրբեջանում քրդական քարտեզի վերակենդանացումը դեռեւս իրականացվել է միայն արտաքին ուժերի կողմից։
Պետք է ասել, որ Ադրբեջանում քրդական քարտեզի որոշ տարրեր, այնուամենայնիվ, պահպանվել են։ Բավականին ուշագրավ ֆենոմեն էր այն, որ նախքան 1960-ականների սկիզբը Կարմիր Քրդստանի նախկին վարչական կենտրոնում՝ Լաչին քաղաքում, լույս էր տեսնում ՙԽորհրդային Քրդստան՚ թերթը։
Պարզ է, որ Բաքուն շատ կցանկանար փակել այդ թերթը կամ առնվազն փոխել դրա անվանումն, ու այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել են։
Սակայն այդպիսի հնարավորություն ընձեռնվել էր 1962 թվականին։ 1962 թվականի նոյեմբերի 7-ին լույս տեսած համարում՝ առաջին էջի ամենավերեւում տպագրվել էր հետևյալ կարգախոսը. ՙԿեչան գուլլարա գյուն չաթմազ՚ (ոչ մի օր չի կարող համեմատվել անցած օրերի հետ)։ Այդ գրառումը խորիմաստ էր, արտացոլում էր Կարմիր Քրդստանի կարոտը, այն վերացնելու որոշման, քրդերի նկատմամբ Ադրբեջանի քաղաքականության հետ անհամաձայնությունը եւ այլն։ Արդյոք թերթի աշխատակիցներն արել էին դա սեփական նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով շրջանի բնակչությունը, թե դա ադրբեջանական իշխանությունների լավ մտածված սադրանք էր, բարդ է ասել։ Բաքվի իշխանությունները կարող էին դա պատկերացնել որպես ազգայնականների եւ իմպերիալիստների դիվերսիա այդքան ճակատագրական շրջանում եւ այդկերպ ամրապնդել իրենց դիրքերը թերթը վերացնելու գործում, ինչը հետագայում արվել էր։ Թերթը փակելու համար ստեղծվել էր հանձնաժողով, որում ներգրավվել էին նախկին ԼՂԻՄ-ի ներկայացուցիչները։ ԼՂԻՄ-ը ներկայացնում էր այդ ժամանակ ՙԽորհրդային Ղարաբաղ՚ թերթի գլխավոր խմբագիր Լազար Հաշիմովիչ Գասպարյանը, որն այնուհետեւ գլխավորել էր Ղարաբաղի մետաքսի կոմբինատի մամուլի բաժինը։
Կարմիր Քրդստանի վերականգնման մասին հարցը բարձրաձայնվել է նաեւ Հեյդար Ալիեւի կառավարման օրոք, որոշ տվյալներով՝ հենց նրա կողմից։ Դա, ըստ ամենայնի, թելադրված էր ԽՍՀՄ մերձարեւելյան աշխարհաքաղաքական շահերով՝ կապված հերթական քրդական քարտեզի շահարկման հետ։ Ի դեպ՝ ինքը՝ Հեյդալ Ալիեւը Քրդական Աշխատանքային կուսակցության հիմնադիրներից մեկն էր եւ, բնականաբար, Կարմիր Քրդստան ստեղծելու գաղափարը բավականին արդյունավետ միջոց էր Մերձավոր Արեւելքի քրդերի վստահությունը շահելու համար։ Սակայն այդ մտադրությունը գործնականում չէր զարգացել։ Ակնհայտ է, որ եթե Հեյդար Ալիեւը չունենար քրդական ծագում, հազիվ թե անմիջական մասնակցություն ունենար Քրդական աշխատանքային կուսակցության ստեղծման գործում։ Կրեմլը չէր ներքաշի էթնիկ թուրքին քրդական մարտական կազմակերպություն ստեղծելու մեջ նույնիսկ այն
պարզ պատճառով, որ քրդերի շրջանում դա կառաջացներ օբյեկտիվ եւ բնական անվստահություն, ինչը վտանգի կենթարկեր այդ ողջ նախաձեռնությունը։
Ինչպես հայտնի է, 1982 թվականին Հեյդար Ալիեւը դարձել է ԽՍՀՄ կառավարության փոխնախագահ։ Դա ամենաբարձրաստիճան պաշտոնն էր, որը էթնիկ քուրդը երբեւէ զբաղեցրել է Խորհրդային Միության եւ Ռուսաստանի իշխանական հիերարխիայում, սակայն այդ նշանակումը որեւէ կերպով չի անդրադարձել քրդական հարցի վրա։ Վերակազմավորումը որոշ առումով ակտիվացրել էր որոշակի քրդական օղակներ, որոնք հիմնականում բնակվում էին Ադրբեջանի ԽՍՀ սահմաններից դուրս։ Այսպես, 1990 թվականին ԽՍՀՄ Գերագույն խորհրդին կից ստեղծվել էր պատգամավորական հանձնաժողով, որը զբաղվում էր քուրդ բնակչության հիմնահարցերով Վ.Պ. Սոբոլեւի նախագահությամբ. հանձնաժողովի առաջին նիստը տեղի էր ունեցել 1990 թվականի նոյեմբերի 20-ին։ Հավաքագրված արխիվային փաստաթղթերի հիման վրա հանձնաժողովը եզրակացրել էր, որ քրդական պետականությունը գոյություն է ունեցել Անդրկովկասի տարածքում, սակայն Ստալինի անձի պաշտամունքի շրջանում ապօրինի կերպով վերացվել է եւ պետք է վերականգնվի։ Ստեղծվել էին նաեւ մի քանի քրդական կազմակերպություններ։ Դրանցից է ՙՅուկբուն՚ համախորհրդային քրդական ասոցիացիան, որի կանոնադրությունը գրանցվել է ԽՍՀՄ արդարադատության նախարարության կողմից 1991 թվականի մարտի 21-ին։ Ճիշտ է, այդ կազմակերպությունները գոյություն են ունեցել շատ կարճ ժամանակաշրջանում եւ արագորեն վերացել են։
Քրդերը ներկայիս
անկախ Ադրբեջանում
Մի շարք քուրդ գործիչներ հայտարարում են, որ ԽՍՀՄ փլուզումից հետո նրանք առաջարկել են Ադրբեջանի իշխանություններին վերստեղծել քրդական վարչական միավորը, սակայն Բաքուն համաձայնություն չի տվել այդ առաջարկին։ Կան նաեւ տվյալներ, որ Ադրբեջանում Ղարաբաղի հետ պատերազմի ընթացքում ստեղծվել էր քրդական ջոկատ ոմն Մստոյի հրամանատարությամբ։
Մի պահ Ադրբեջանում քրդական կլանի դիրքերը թուլացել էին, սակայն Հեյդար Ալիեւի՝ իշխանության գալուց հետո նրանք դարձյալ հայտնվել էին այդ երկրի իշխանության ղեկին։ Մի շարք մասնագետների գնահատմամբ՝ Ադրբեջանում կա քաղաքական առումով շատ ազդեցիկ քրդական կլան, որը հաջողությամբ ներթափանցել է իշխանության մեջ։ Որոշ տվյալներով՝ էթնիկ քրդեր են Ադրբեջանի Հանրապետության Պետական նավթային ընկերության գործադիր տնօրեն Ռովնագ Աբդուլաեւը, Գեզալը, Հաջիբալա Աբութալիբովը, որը Բաքվի քաղաքապետն էր 2001-2018 թվականներին եւ 2018-2019 թթ. զբաղեցնում էր Ադրբեջանի փոխվարչապետի պաշտոնը, Արիֆ Ալիշանովը, որը 2006-2019 թթ. զբաղեցնում էր ՙԱդրբեջանի հեռուստատեսություն եւ ռադիոհեռարձակում՚ ՓԲԸ-ի նախագահի պաշտոնը եւ բազմաթիվ այլ ղեկավարներ։ Քրդական ծագում ունի նաեւ Ադրբեջանի նախագահի անվտանգության ծառայության ներկայիս ղեկավար Բեյլար Էյուբովը, որը 1993 թվականին ղեկավարում էր Հեյդար Ալիեւի անձնական պահպանության ծառայությունը։ Մի շարք աղբյուրների տվյալներով՝ քրդեր են ադրբեջանական խորհրդարանի պատգամավորների 20 տոկոսը, օրենսդիր եւ գործադիր իշխանության ներկայացուցիչների, ինչպես նաեւ Ադրբեջանի ուժային կառույցների 12-15 տոկոսը։ Մինչդեռ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում քրդական համայնքի թիվը կազմում է ընդամենը 6,1 հազար մարդ, որոնցից մայրենի լեզվին է տիրապետում շուրջ 70 տոկոսը։ Ակնհայտ է, որ էթնիկ քրդերի թիվն ավելի մեծ է։ Որոշ աղբյուրներ նշում են 150 հազար մարդու հաշվարկը։ Ըստ էության՝ նրանց իրական թիվը գերազանցում է նաեւ այդ ցուցանիշը։ Որոշ քուրդ աղբյուրներ, օրինակ, հիշատակում են 240 հազարը։
Ադրբեջանի քրդերի շրջանում դեռեւս մնացել են ուժեր, որոնք պայքարում են իրենց իրավունքների համար։ Կան ինչպես առանձին գործիչներ, այնպես էլ քրդական կազմակերպություններ, որոնք մեծ դժվարությամբ են աշխատում Ադրբեջանի Հանրապետությունում։ Այդպիսի կազմակերպություններին է պատկանում, օրինակ, ՙRojhat՚ քրդական երիտասարադական կազմակերպությունը, որի ղեկավարը պնդում է, որ Ադրբեջանի քրդերի մշակույթն ու քրդերենը զարգացնելու խնդիրը միշտ արդի է եւ կենսական կարեւորություն ունեցող, շեշտադրում է ադրբեջանցիների շրջանում քրդերի անխուսափելի ձուլումը, սակայն միաժամանակ ընդգծում, որ կազմակերպությունն իր առջեւ չի դնում քաղաքական նպատակներ եւ խնդիրներ Ադրբեջանում եւ դրա նպատակն է պաշտպանել քրդական մշակութային եւ հոգեւոր արժեքները։ Ադրբեջանում գործում են նաեւ տարբեր քրդական կազմակերպություններ, որոնք բախվում են տարաբնույթ դժվարությունների հետ։ 1990 թվականին հիմնադրվել էր ՙՌոնաի՚ (ՙԼուսաբաց՚) քրդական մշակույթի կենտրոնը։ 2013 թվականին այդ կենտրոնն անցկացրել էր Արդբեջանի քրդերի համագումար, որի ժամանակ որոշում էր կայացվել այն մասին, որ ՙՌոնաի՚-ն պետք է նշանակալի դեր խաղա Ադրբեջանի քրդերի կյանքում, կառուցի հարաբերություններ Քրդստանի եւ ԱՊՀ-ում ու Եվրոպայում քրդերի հետ։ Այդ կազմակերպությունը թողարկել է ՙԴանգե Քուրդ՚ (ՙՔրդի ձայնը՚) թերթը, որը լույս է տեսել 1992-2013 թթ. եւ այդ ընթացքում հրատարակել է շուրջ 90 համար։ 2003 թվականին Ադրբեջանում սկսել էր թողարկվել ՙԴիպլոմատ՚ ամսագիրը, որը փակվել էր երկրի իշխանությունների կողմից 2012 թվականի սկզբում։
Սակայն քրդերի մեծամասնությունը դարձել է նոր ադրբեջանական ազգի մասը, ընդ որում՝ զբաղեցնում է տարբեր ոլորտներում բարձր, գերիշխող դիրք, եւ հատկապես այդ ասպեկտն է խոչընդոտում քրդերի կոնսոլիդացմանը, իրենց իրավունքների համար պայքարի կազմակերպմանը եւ, առավելեւս, Ադրբեջանում ինչ-որ քրդական ազգային միավորման ստեղծմանը։ Ադրբեջանում քրդական հարցն, ընդհանուր առմամբ, կարելի է համարել գրեթե լուծված, ընդ որում՝ բավականին ինքնատիպ կերպով։ Այնպես է ստացվել, որ ներկայիս Ադրբեջանի քրդերը, հատկապես, այդ ժողովրդի էլիտան, մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով ընտրել է Սալադինի էթնոքաղաքական ռազմավարությունը եւ բավականին արդյունավետ կերպով կյանքի կոչել այն։