[ARM]     [RUS]     [ENG]

ԱՊՐԵԼՈՒ ԵՄ…

Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 Գրառումներ աղետից հետո շարքից

Չգիտեմ՝ մե՞նք ենք ավելի տարիքով, թե՞ մեր բաժին պատերազմը, մեր այդ հավերժական ուղեկիցը, այդ նողկալին, այդ այլանդակը… Ուշունցը իմ բանը չէ, թե չէ հանգիստ կարելի էր դրա մինչև յոթը պորտը հասնել…

Բայց երկար խոսելու, դրան մեղադրելու, ուրիշներից բամբասելու ժամանակ չկա։ Ընդամենը մի քանի բան։ Կարծում եմ, հիշում եք պատերազմի առաջին օրերին տղերքին ճակատ ճանապարհող քահանայի խոսքը՝ երբ ես նայեցի մեր տղաների աչքերին, հասկացա, որ նրանք ավելի շատ են սիրում հայրենիքը, քան ես էի հավատում երկնային Տիրոջը…
Կարո՞ղ էիք պատկերացնել։ Ես՝ չէ։ Դա մեր գաղտնի զենքն է, մեր չզարկվելու պահանջը։ Եվ եկողը չէր գալիս հայրենիքի համար ընկնելու, գալիս էր ապրելու… գալիս էր բոլորին մարտիրոսվելու իրավունքից զրկելու…
Սասունցի տասնապետին էլ պատահական հանդիպեցի, ասում էր` սրանք ինչո՞ւ են այսքան ցանկանում մեզ հետ կռվել, սատկելուց չե՞ն հոգնում… չեն հասկանո՞ւմ, որ երկիրը մերն է… և դեռ շատ բան ունեն մեզ տալու…
Մեկին էլ հարցնում եմ` քանի՞ անօդաչու ես խոցել, ծիծաղում է՝ ես այդքան հաշվել չգիտեմ, ես մինչև հարյուրն եմ հաշվում…
Արդեն երկու պատերազմի կիսատը բռունցք առած մեկն էլ ուղղակի բացատրում է, որ ոչ մեկը իրավունք չունի ասել, թե մենք ինչ պիտի անենք և որտեղ պիտի կանգնենք։ Եթե հարձակվողը մենք լինեինք, լրիվ ուրիշ բան… Իսկ ով ուզում է, որ ընդամենը մի քանի տարի հետո կրկնվի այս ամենը, թող կանգնի, ես՝ չէ… ես իմ գործը պիտի ավարտեմ… Այսպես եմ խոսում, որովհետև մեր թշնամին մեզ զրկել է ընտրության իրավունքից ու հնարավորությունից…
Այսպես ճակատ մեկնեցին տղերքը, և ես հաղթող էի, զարկվելու իրավունքից զուրկ, պարտությունից հեռու՛-հեռու, երկրի փառահեղ պատկերը պինդ պահած… Եվ ես ամենևին էլ մեղավոր չէի այդպես մտածելու համար, ես վաստակել էի այդ իրավունքը…
Բայց տեղի ունեցավ ուրիշ բան, ես հայտնվեցի առեղծվածի, չբացահայտվածի, չարչարանքի ու ամոթի տարածքներում։ Ես կորցրի հազար տարվա շեներ, հայրենիքն իրենց հայրերից ավելի շատ սիրող որդիներ, և բան չգտանք ցավի առաջն առնելու, ցավը մեզնից գոնե մի քիչ հեռացնելու համար…
Այնքա՛ն քաջ էինք, բայց չհաղթեցինք, այնքա՛ն խիզախ էինք, բայց տանուլ տվեցինք, այնքա՛ն նվիրյալ էինք, բայց կորցրինք… Ավելի լավ է չասեմ ինչու… Չասեմ, որովհետև խրամատում կանգնած, երկրի իր բաժինը պաշտպանող զորեղը դուրս է մեր անիմաստ մեկնաբանություններից ու հուսահատ վիճակներից…
Եվ եթե կա մեկը, ում պիտի փառաբանենք, այդ մեկը նա է, զինվորը՝ 18-20 տարեկան, նաև՝ 70… մեր արժանապատվության պահապանը, մեր չծնկածը… Հիմա կա՞ մեկը, ով այսքանից հետո ինձ կբացատրի, թե ինչ է հայրենասիրությունը կամ ինչ բան է, ավելի ճիշտ՝ ՈՎ Է ՀԱՅՐԵՆԻՔԸ…
Հարցնում եմ, որովհետև աղետն ամեն ինչ դարձրեց ավելի քան իրական, ավելի քան շոշափելի… Երկիրն էլ, սերն էլ, հեռացումն էլ, նաև՝ վերադարձը…
Չասեմ՝ սերը չհերիքեց։ Ուղղակի թոնրահացի պակաս կար… գունավոր, տաք շալի մեջ գյուղ ու օջախ պահող տատիկների պակաս… Մի քիչ, կարծես, անհասկանալի բան եմ ասում, բայց երկար բացատրությունների կարիք էլ չկա…
Չհարցնեք ինչ եմ անելու։ Դա այս պահին կլինի աշխարհի ամենաանիմաստ հարցը, թեպետ յուրաքանչյուրն ունի իր պատասխանը։ Իմը սա է.
-Ապրելու եմ…