Logo
Print this page

ԳՈՆԵ ՄԵԿՆ ՈՒ ՄԵԿԸ

Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 Գրառումներ աղետից հետո շարքից

Թաքցնելու բան չկա, մենք տանուլ ենք տվել, ուզում եմ ասել՝ պարտվել ենք հերթական պատերազմում։ Հանձնել ենք շեներ ու քաղաքներ։  Ամրոցներ։ Գետեր։ Զոհել ենք մեր հզորներին, կորցրել ենք այն, ինչ ազատագրել էինք, ինչ ամենամերն էր, մեզ  կտակվածը։ Ով դեռ չգիտի, հիշեցնեմ. տարիներ առաջ մեր ազատագրածը ամենաքիչը մի հազար-երկու հազար տարի մերն էր, ընդամենը մի 70-80 տարի` իրենցը  (գիտեք խոսքն ում մասին է), եթե ես ոչինչ էլ չասեմ, նախապապերիս թողածը անընդհատ հիշեցնում է… դա իրենք էլ լավ գիտեն (նորից եմ ասում, գիտեք խոսքն ում մասին է)։

Բայց մենք զիջեցինք մեր ունեցածը… Նաև առանց պատերազմի… նվիրեցինք…. քանդվեցինք… կուչ եկանք ամոթից… որտե՞ղ ենք… ինչպե՞ս ենք վերադառնալու  ինքներս մեզ… ո՞վ է մեզ կրկին հայտնաբերելու… Նրանք, ում հավատում էինք, պարզվում է, այս պատերազմի համար չէին, ուզում եմ ասել` մեզ այդպես էին բացատրում, երկիրն էլ հեռու էր պատերազմական տրամադրությունից… մեկը կռվում էր, հազարը՝ դիտում ու փիլիսոփայում, սովորեցնում կռվել… նահանջելիս՝ մեղադրում… կորցրածի համար՝ դատապարտում… Ասեմ, որ հենց այդ չկռվող փիլիսոփաները պարտվեցին, հավատացող չի լինի… Գիտե՞ք ինչու, որովհետև պարտության տերը միշտ էլ գեներալն է, հրամանատարը… հազար անգամ վիրավորվածը, մարմնի մի մասը խրամատում թողածը… Այդպես է եղել, այդպես էլ լինելու է… Պատերազմը այլ տրամաբանություն չունի…

Բայց… ինչ ասեմ, եթե տանուլ ենք տվել, տանուլ ենք տվել բոլորս… նույնիսկ նա, ով ծնվեց պատերազմից հետո… Չե՞ք հավատում… զարմանալի չէ… տարօրինակ ոչինչ էլ չկա… Հաղթանակն էլ է այդպես, եթե  հաղթում են` բոլորը միասին են հաղթում, նույնիսկ` տարիներ հետո ծնվածները…

Ուրեմն՝  ճիշտ չենք ապրել, ուրեմն՝ ճաք է տվել մեր հավաքականությունը։ Գոռոզամտությունը, եսասիրությունը, փառասիրությունն ու նյութապաշտությունը քանդել է մեր տունը, անընդհատ շատացել սևն ու սպիտակը… Այսպես են ամենուր մեկնաբանում, խոսում, բամբասում, իրար վիրավորում… Պարզվում է` չկա մաքուր մեկը ամբողջ  երկրում… գոնե մեկն ու մեկը… Դավաճան են և° նախկինները, և° նորերը… Նախկիններից իբր սարսափում են, նորերն էլ երկիրը տանում են կործանման… Ինչպե՞ս ենք ապրելու… ո՞վ է եզակի ազնիվը, միակ նվիրյալն ու հայրենապաշտը… Կա՞ մեկը, ով տեսնում է ելքը, ով կկարողանա համոզել, որ պարտությունը կործանում չէ… որ ամենածանր պարտությունից հետո անգամ կարելի է զորանալ, վերադարձնել  արժանապատվությունը, տեր կանգնել ունեցածի ու կորցրածի ու ստիպել հարգել իրեն, կանգնել կողքին…

Իհարկե կա,  հաստատ՝ կա… ուղղակի տեսողության խնդիր է առաջացել, թե չէ հարևան երկրի ինքնասիրահարված խանը աշխարհի աչքի առաջ մատ է թափ տալու երկրիս ղեկավարի վրա՝ ծաղրելով ու քրքջալով… Այդպես ոտնահարելով իմ ինքնասիրությունն ու արժանապատվությունը…

Եվ բացարձակապես կապ չունի՝ ով է ղեկավարը,  կարելի է ասել նաև՝ ում է ընտրել ժողովուրդը… Ես այդպես եմ մտածում և ամենևին էլ չեմ կասկածում, որ ծաղրվողը ես եմ… որ ամեն մի բառը ուղղված է ինձ… որ արյունահոսողը ես եմ…

Գոնե հիմա, այսքան բանից հետո« հասկանո՞ւմ եք կորցնելով ուր ենք հասել։ Ինձ նման մեկը մի օր այսպիսի մի պատերազմից  հետո գիտե՞ք ինչ է ասել, ասել է` այս պատերազմում, հնարավոր է մենք չմեռնենք, բայց  ինչպե՞ս ենք ապրելու պատերազմից հետո։  Հարցրել է ինքն  իրեն ու չի գտել  պատասխանը։ Խոստովանեմ՝ ես էլ չգիտեմ։ Իհարկե, քայլելու եմ, նաև մեկ-մեկ  ժպտալու եմ, փորձելու եմ հուսադրել ավելի հուսահատ մարդկանց, ծառ էլ եմ տնկելու, Շուշիում թողած մանկությանս հետ եմ կռիվ տալու, Տյաք  գյուղի նախշուն տների ու քարապատ նրբանցքներն եմ նկարելու, Հին  Հադրութը… Թալիշի առեղծվածն  եմ փորձելու բացահայտել ու Քարին տակի անըմբռնելի գաղտնիքը… մի քանի հազար անգամ էլ մեռնելու եմ, որ հասկանամ  Հարության բերկրանքը… որ հասկանամ՝ ով եմ և ո՞րն է իմ  տեղը Երկիր կոչվող այս անտեր ծերուկ  մոլորակում…

Մնացածը սուտ է, հորինվածք ու ինքնամխիթարանք… մնացածի հետ ես գործ չունեմ։

Ես այսօր, հենց այս ժամին, հենց այս պահին հայտարարում եմ մտքի, հավատքի, գաղափարի ու իրականության աչքերին նայելու ամրություն ունեցողների զորահավաք։ Մնացածը՝ հետո։

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.