ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՎ ԽԱՎԱՐԸ
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Ցավի, ամոթի ու դառնահամ բառերի մրուրը վերուվար է անում կոկորդում, մի կերպ կուլ տալու բոլոր փորձերդ անիմաստ են արդեն քանի շաբաթ։ Ավելի հաճախ այն սպառնում է պայթել ու սպանել քեզ վերջնականապես: Փորձում ես նախկին օրերի հանգույն անելիքների երևութականություն ստեղծել, անօգուտ: Ապրելը դժվար է դարձել: Առավել դժվարանում է, եթե պատշգամբիդ դիմաց հայոց բերդաքաղաքն է, նրանից քիչ ներքև` քեզ գրեթե ամեն շաբաթ ծնողներիդ տուն տանող ճանապարհը, որը ուղիղ կեսից պատվել է փշալարերով ու դարձել սահման, շփման գիծ: Սա է իրողությունը, որը դժվար, անիմաստ ու անտանելի է դարձնում քո ապրելը: Պատմություն ու հայրենիք չունեցողները նստել են քո տանը, գովում են քո մոր եփած մուրաբան, քայլում են առյուծի պես կռիվ տված երեկվա երեխաների արյամբ շաղախված քո հողի վրայով, իսկ դու կարկամած սպասում ես, որ ահա գետինը կպատռվի, զզվանքից քարացած տունը կփլվի, երկնքից կրակ կթափվի։
Ես շատ եմ ուզում, որ նորից սկսվի,- ասում է քրոջս ռազմական բժիշկ որդին,- եթե սկսվի՝ այս անգամ արդեն սխալներ թույլ չենք տա՚։ Ասում է նա, ով սեպտեմբերի սկզբին Հադրութի զորամասի բուժծառայության պետի պարտականությունները հանձնել էր ընկերոջն ու գնացել Երևանում ուսումը շարունակելու, իսկ 28-ին արդեն նորից այնտեղ էր։ Պատերազմի առաջին շաբաթների ընթացքում երկու անգամ լուրը, որ Մասիսը զոհվել է Ջաբրայիլից վիրավոր բերելիս, հապաղել են հայտնել մորը, հաջորդել է նրա զանգը ու հապաղողը իմաստուն է երևի համարել իրեն։ Աստված էլ գուցե ավել է համարել առաջին պատերազմում զոհված հորեղբոր անուն ազգանունով ևս մեկ շիրմաքարը: Կորցրել է ընկերների մեծ մասին, միայն հարավային հատվածի զորամասերում ծառայող 26 բժիշկներից 11 հոգի նահատակվել են վիրավորներ տեղափոխելիս։ Բոլորն էլ ուրախ, խոստումնալից մասնագետներ, կատակասեր այնքան, որ երբեմն նրանց հավաքույթներին մտածում էի՝ ռազմական բժիշկներ ու այսքան աղմկո՞տ։ Այդ տղաներից ովքեր ողջ են, այսօր լուռ են, չեն պատմում ոչինչ, խոսում են, երբ միայն պարտություն բառն են լսում, խոսում են բարձր, կոպիտ ու պինդ բառերով։ Իսկ դու հազար անգամ կրկնում ես նույն նախադասությունը. իհարկե, դուք չեք պարտվել, չի պարտվել վիրավոր, զոհված, անհայտ կորած, շրջափակման, գերության մեջ հայտնված ձեր ոչ մի զինվորը ։ Այս խնդիրը պարզապես սխալ կազմություն ուներ ու կամ միտումնավոր են անլուծելի դարձրել, գուցե մենք էլ մեր հերթին հիմարաբար խճճվեցինք բազմաթիվ անհայտների մեջ, դրա համար ինչքան էլ ջանացիք, անգամ սեփական կյանքից հրաժարվելու դիմաց, չստացվեց լուծում գտնել:
Դուք անկասկած չեք պարտվել, չնայած, այս է քանի տարի« զորանոցներից դուրս գտնվողներս« ինքներս մեզ մի մեծ պարտության էինք պատրաստում ամեն անգամ, երբ իմաստուն ուղեցույցներով էինք սկսում մեր խոսքը տարերային աղբանոց հիշեցնող ՙսոցիալական հարթակներում՚, երբ մեզնից բացի բոլոր մյուսների անելիքները լավ գիտեինք՝ զինվորից մինչև նախագահ, երբ մի քանի տկարամիտի անհոդաբաշխ պահանջները քաղաքացիական բողոքի ալիքի տեղ էինք հրամցնում ու հրճվում ճղճղացող նորանոր հերոսներով։ ՙԱյն ժամանակներից, ինչ մեզ մոտ հաստատվել է ժողովրդավարությունը, մի պատերազմը հաջորդում է մյուսին՚. Մեծ Բրիտանիայի պատմության ամենահայտնի քաղաքական գործիչը՝ Ուինսթոն Չերչիլն է ասել։ Միացյալ թագավորության վարչապետը թերևս ակնարկել է ՙբաղձալի Ժողովրդավարության՚ ու ամենաքաոսի գերզգայուն սահմանաբաժանը, որը կոխկրտվեց փողոցի հեղափոխականների կողմից։
Ու հետո, հերթական անգամ ճայթած ամբողջ այս պատերազմի ընթացքում սսկված սպասում էինք հաղթանակի, որը պետք է 18-20 տարեկան մեր երեխաներն ապահովեին։ Եվ կապահովեին, անշո՜ւշտ կապահովեին, եթե մեզ պատուհասած ամենաքաոսի արդյունքում երկդեմ Յանուսի կերպարանքով թելադրողները շատ չլինեին, եթե չկորցնեինք մեր զգոնությունը, չջլատեինք ինքներս մեզ, եթե...
Շատ երկար թաքնվեցինք 18 տարեկանների թիկունքում, աններելիորեն երկար։
Դժվար է այսօր այստեղ ապրելը, առավել դժվար է դառնում, երբ փողոցում շիվար ու տարակուսած հադրութցիներին ես հանդիպում, նրանց, ում վերջին անգամ իրենց ծննդավայրում՝ չորս տասնյակ գյուղերից մեկում ես տեսել՝ արարող, շիտակ ու մի փոքր էլ մեծամիտ։ Ովքեր հպարտությամբ ժամերով կարող էին պատմել, թե ինչպես առաջին պատերազմի տարիներին սեփական ուժերով ինքնակազմակերպվել ու թշնամուց խլել են շրջանի14 գյուղերը: Այսօր նրանք խուսափում են ուղիղ նայել աչքերիդ, չնայած տղամարդկանց մեծ մասի համար սեփական կռիվը սկսվել է Ջրականում ու ավարտվել Շուշիում:
Ապշեցուցիչ է, բայց արդեն անվերջանալի դարձած թունելի վերջում ամեն ինչ կորցրած այդ մարդիկ են քեզ համար լույսը նշմարելի դարձնում, վերադարձնում հավատիդ փշուրները, չնայած պիտի հակառակը լիներ։ ՙՔեզ ով է ասել, որ կռիվը պրծավ, բեսպիլոտիկներն են փասա-փուսեները քաշել։ Թյուրիմացություն ա կատարվել, Հադրութը հետ ենք բերելու, մի րոպե էլ կասկածիս վեչ, քեզ պեն ըմ ըսես: Պանիկա գցեցին. ինչ տեսակի զենք ունեին՝ մեր կողմերի վրա թափեցին՚,- ասում է նախկին զինվորական Գրիգորը, ով Առաքել գյուղում նախորդ ամռան օգոստոսի 8-ին ինձ բնակարանամուտի էր հրավիրում։ Հիմնահատակ ավերված գյուղում Արցախյան պատերազմից հետո սեփական ձեռքերով երկրորդ տունն էր կառուցել որդու համար, փոքրիկ այգի հիմնել: Ես թաքցնում եմ արցունքներս, ինքը անժպիտ կատակում է՝ երկու հադրութցի հանդիպում են՝ առաջին հարցը ո՞րն է՝ տեղ ունե՞ս ապրելու։ Սա էլ կանցնի, ոչինչ, հո Թուրքիան ու Իսրայելը չեն երդվել միշտ էդ փսլնքոտների տեղ կռվեն։ Կանցնի, նորից նույն ոչխարները կմնան, հետո, թե կարող ես՝ հասիր փախչող հոտի հետևից։ Գիտես, չէ՞« Սուվորովն ինչ է ասել 18-րդ դարում, թուրքը, որ սկսեց փախչել, հետևից հասնող չի լինի։ Ոչ մի բան չի փոխվել։