[ARM]     [RUS]     [ENG]

ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԱՆ ՉԻ ՄՆԱՑԵԼ

Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Գրառումներ աղետից հետո շարքից

Ընդամենը մի քանի ամիս առաջ բոլոր ճանապարհները բերում էին Արցախ։ Մեզ տեսնելու էր գալիս ճապոնացին, չինացին, իտալացին, բրազիլիացին…չէ, չեմ հասցնի թվարկել բոլորին… Թվում էր` աշխարհում ով կար՝ այստեղ էր։ Եվ ասեմ, որ քիչ չէին մեզնով հպարտացողները, մեր ունեցածով հիացողները, մեզ ամենուր մեծարողները։ Եվ դա մեզ համար, կարծես, սովորական կենցաղ էր, մենք արդեն չէինք զարմանում այդ վերաբերմունքից, եկող-գնացողների նման առատությունից։ Իսկ ամենածիծաղելին մեզ հետ լուսանկարվելու նրանց ընդգծված ցանկությունն էր։ Լուսանկարվելուց հետո էլ արտաբերած շնորհակալությունը… 

Լա՛վ էր… շա՛տ լավ էր…
Իսկ մենք չգիտեինք… Մենք շարունակում էինք դժգոհել մեր վիճակից, անարդարությունից, մեր կողքին ապրողների անտարբերությունից, մենք չէինք մոռանում մեղադրել հարստացողներին, մեծ-մեծ տներ շինողներին ու թանկ-թա՛նկ հարսանիք անողներին։ Մենք լավ տեսնում էինք, որ նյութը մտել էր երկիր ու ավերում էր ամեն ինչ, բայց չէինք հրաժարվում դրանից, դրա դեմը չէինք առնում, հանդիպելիս չէինք փորձում անգամ փոխել մեր ճանապարհը։ Իրար հետ քնում-արթնանում էինք և, պատկերացնո՞ւմ եք, դա մեզ, կարծես, նույնիսկ հաճույք էր պատճառում։ Ամենևին էլ չէինք ուզում հասկանալ, որ մի բաժակ սուրճն ու մի կտոր հացը հարազատ օջախում երկնային պարգև է, ծննդավայրում ապրելը՝ մեծագույն շնորհ, վաղուց նորոգման կարիք ունեցող պատշգամբից արևածագի գույներն ու սառը ջերմությունը վայելելը՝ եզակի հնարավորություն… պապերից կտակվածի և քո ազատագրածի խորհուրդը մեկնելը՝ աղոթք ու երանություն…
Ինչքա՛ն հարուստ էինք…
Մեկ զոհի համար խելագարվում էինք, մեղադրում` ում ասես, պահանջում պատասխան։ Զինվորի սեղանը համարում էինք աղքատիկ, հագուկապը՝ պակաս, խրամատները՝ հազար տարվա, հրամանատարներին՝ անտարբեր, տասնյակ տարիների արածը՝ ոչինչ։ Մենք մեզ իրավունք էինք վերապահում խոսել ամեն ինչից՝ ժողովրդավարությունը համարելով պատերազմական իրավիճակում գտնվող երկրի զարգացման ու կայացման միակ ճանապարհը։ Պատկերացնո՞ւմ եք… պատերազմ և ժողովրդավարությո՛ւն… Պատերազմ և ոչ մի գաղտնիք…
Եվրոպայի ամենա-ամենակենտրոնը մեր կողքին, այդ ժողովրդավարության տեսակետից, հաշվեք զրո։ Ուզում եմ ասել, մենք մեզ հավասարը չունենք, ամեն ինչ էլ մեզնից է սկիզբ առնում… մեզ մոտ էլ ավարտվում…
Մենք ինչքա՛ն միամիտ ու անհասկանալի էինք…
Միասնականությունից շատ էինք խոսում, զարմանում, որ եթե միասնական չենք, ապա միայն ու միայն խաղաղ պայմաններում։ Իսկ ահա, երբ պատերազմը չոքում է մեր դռանը, անձնականը բնակության այլ վայրեր է փնտրում, և մենք կարողանում ենք կանգնել կողք-կողքի, կարողանում ենք ամբողջանալ, հավաքվել, մոռանալ կուսակցություն ու բաժանում… Դա էր մեր ամենահզոր, թշնամուն լեղաճաքության հասցնող եզակի զենքը` պահած ամենաճակատագրական օրերի համար, դրանից, ինչպես ասում են, փրկություն չկար։ Դրա առաջն առնելը հնարավոր չէր։ Եվ համոզված էինք, որ այդ զենքից միայն մենք ունենք և դա մեր ստեղծածն է։ Հավատացողը հավատում էր, չհավատացողը՝ մոլորվում։ Իբր այդպես եղել է միշտ, այդպես էլ լինելու է… որովհետև մենք, ուղղակի զրկված ենք պարտվելու իրավունքից, ավելին, դա Երկնայինի պահանջն է, Երկնայինի հրամանն ու ցանկությունը… Չէ, չեմ ասում, որ այդտեղ սուտ բան կար, որ ինքներս մեզ շատ էինք գովաբանում, միամիտ վազում չեղած բաների ետևից, բայց մի տեսակ, կարծես, իրականությունը մի ուրիշ տեղ էր, մենք՝ մի ուրիշ, չասեմ՝ աշխարհի հետ էլ էինք այդպես։ Եվ եղածը եղավ… Պարզվում է` գողացել են մեր այդ եզակին, մեր վերջին հնարավորությունը… մեր ունեցած-չունեցածը…
Եվ չեղավ փրկությունը…
Հիմա նեղլիկ է մեր ճանապարհը, և մեզնից բացի այդ ճանապարհով քայլող չկա։ Ուժեղներն էլ, ինչքան գիտեմ, երբեք հույսով չեն ապրում։ Իսկ մեր հպարտությունից բան չի մնացել։ Երկու պատերազմ հաղթողներին նայել չի լինում, սգավորներին նայել չի լինում, նահանջի հրամանի տակ մտածներին նայել չի լինում… Մենք չենք համարձակվում նայել ինքներս մեզ, մենք մեզ հետ մենակ մնալուց վախենում ենք… ամոթը ամենուր հետևում է մեզ…
Երբ երեխա ժամանակ Շուշիում, դա 60-ականներին էր, երկու-երեք հոգով մի տաս մուսուլման երեխաների դեմ մտնում էինք մարտական գործողությունների մեջ ու հաղթում, մեզ հետ խոսել չէր լինում, մենք մեզ քաղաքի իրական տերն էինք համարում և պատրաստ էինք այդ նույն երկու-երեք հոգով քսանի դեմ էլ գնալ, երեսունի դեմ էլ… Իսկ երբ մեկը տասի դեմ էր (այդ մեկը՝ բնականաբար, այդ երեքից մեկն էր) և այդ մեկը չհանձնվելով պարտվում էր, ամաչում էր բացել հարազատ տան դուռը, ամաչում էր նայել այն երկուսի աչքերին ու թաքնվում բոլորից` քաղաքից, բակից, հարազատներից, թեպետ բոլորն էլ փորձում էին համոզել, որ մենակ հնարավոր չէ տասին հաղթել և պարտությունն ամենևին ձեռքերը բարձրացնել չէ… իսկ մեկն էլ, մինչև հիմա չեմ մոռացել, գիտե՞ք ինչ էր ասում, ասում էր` ամեն պարտություն չէ, որ պարտություն է…
Ես այն օրերին էլ չէի դրան հավատում, հիմա էլ… Վաղը գուցե ինչ-որ բան փոխվի, չգիտեմ…