[ARM]     [RUS]     [ENG]

ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԼԱՎ ՄԱՐԴԸ

Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Գրառումներ աղետից հետո

Ինչքան էլ փորձենք ինքներս մեզ համոզել, որ տարին ավարտվել-պրծել-գնացել է, չի հաջողվի, սուտ մի բան կստացվի։ Գիտե՞ք ինչու եմ այսպես խոսում, ասեմ. որովհետև նման տարիները երբեք չեն պրծնում, ընդհակառակը, անընդհատ շարունակվում են, ձգվո՛ւմ-ձգվում են, հետևում մեզ՝ զրկում հանգստությունից ու խաղաղությունից, նույնիսկ ժամանակի անհանգիստ շնչառությունը զգալու կարողությունից։ 

Բայց դրա զզվելի ներկայությունից ազատվելն ուղղակի պարտադիր է։ Եվ ինչքան արագ, այնքան՝ լավ։ Ընդունում եմ, համարյա անհնարին բան եմ ասում, բայց ուրիշ ելք էլ գոյություն չունի, մերը դա է, համարյա ճակատագրի նման։
Չէ, խնդիրը միայն պարտությունը չէ, բոլոր հաղթողներն էլ մի օր պարտվում են, հետո՝ նորից հաղթում։ Խնդիրը մենք ենք, մենք, միայն ու միայն մենք։ Բոլորս իմաստուն, ամեն ինչ իմացող, ամեն բանից տեղյակ։ Եվ՝ ես եմ միակ անմեղը… Այսպես կոչված հաղթող բանակի գերագույն գլխավոր հրամանատարն էլ անձամբ վայր է գցում հայկական բնակավայրի, բնականաբար` հայերեն գրված ցուցանակը… Պատկերացնո՞ւմ եք մեկ ուրիշ երկրի առաջնորդ նման իրավիճակում։ Ես, օրինակ, չեմ պատկերացնում… Այդ ուրիշ երկրներում ապրողներն էլ չեն պատկերացնում… դա ցավի չափ ծիծաղելի է… լացելու աստիճան տխուր… ամբոխի համար՝ գժվելու բան…
Չասեք՝ պատերազմից ոչինչ չեմ հասկանում, դրա համար եմ այսպես խոսում։ Մեծ-մեծ խոսելու սովորություն չունեմ, բայց ասեմ, որ լավ էլ հասկանում եմ ու գիտեմ, որ այդ պատերազմ ասվածը ամենևին էլ վայրենության ցուցադրություն չէ, ոչ էլ՝ մոլագարություն։ Հիշում եք, չէ՞, ինչպես հաղթեցինք 94-ին. մաքուր, գեղեցիկ, վեհանձն, իսկական մարտիկի նման՝ մի գրամ անգամ չնվաստացնելով մեր հակառակորդին… չոտնահարելով նրա արժանապատվությունն ու ինքնասիրությունը… Գիտե՞ք ինչ էր ասում ազերբայջանցի գերիներից մեկը, ասում էր՝ մենք ձեզ մոտ ազատության մեջ ենք, դուք անհասկանալի մարդիկ եք, մենք, օրինակ, ձեզ այսպես չէինք պահի…
Դա 93-ին էր, Քարվաճառում… Իսկապես, գուցե ոչ միայն ես, այլ, ընդհանրապես, մեզնից ոչ մեկը պատերազմներից բան չի հասկանում… Դրա համար էլ ազերբայջանցու կարծիքով անհասկանալի ենք… Ես չեմ կասկածում, որ միայն ազերբայջանցին չէ այդպես մտածում… չնայած ոչ հասարակ ամերիկացիներից մեկի կարծիքով մենք պարզապես լավ մարդ ենք…
Մի՞թե տարօրինակ չէ այս ամենը…
Չէ, ես մտադրություն չունեմ հավերժ անհասկանալի լինել, ՙլավ մարդ՚ կոչումը ինձ վաղուց հոգնեցրել-ձանձրացրել է, դարձել դաջվածքի նման մի բան՝ վիրավորական-հետապնդող։ Անցյալապաշտությունն էլ ինձ լավ օրի չհասցրեց, ընդհակառակը, դանդաղեցրեց ընթացքս, զրկեց իրականությունն ամբողջությամբ ընկալելու կարողությունից ու ժամանակի հոտառությունից։ Ո՞վ է հիմա տարիք հարցնողը։ Ասում ես՝ ամենաքիչը մի հինգ հազար տարեկան կլինեմ, ծիծաղում են, դա, իհարկե, լավագույն դեպքում։ Այնպես որ, այսուհետ ով ինձնից տարիք հարցրեց, կասեմ՝ նոր եմ լույս աշխարհ եկել, ընդամենը մի քանի օր առաջ և կողքիս գոյություն ունեցողներին ո՜չ ճանաչում եմ, ո՜չ էլ ցանկություն ունեմ հետագայում ճանաչելու։ Պարտադիր կասեմ նաև, որ աշխարհը մի ուրիշ կերպ եմ տեսնում և, ամենաուրախալի նորությունը. ինձնից անընդհատ հեռանում է այդ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԼԱՎ ՄԱՐԴԸ… Ես նրանից հրաժարվում եմ։ Եվ սա իմ պաշտոնական դիրքորոշումն է։ Եվ ինչ էլ անեմ սրանից հետո, անելու եմ առանց ավելորդ շտապողականության, առանց ուրիշներին հավատալու, ինքս ինձ չխաբելով, համբերատար իմ ժամին սպասելով, աշխարհն ինձնից չհեռացնելով, ամեն ինչ հաշվարկելով, իմ բարեկամներից չհրաժարվելով, վերքերս արագորեն բուժելով, նոր հիվանդություններից խուսափելով… Բա՛….
Ականջը կանչի մուրհակը կորցրած Պեպոյի…
Իսկ անցնողը (տարվա մասին է խոսքս) մեզնից պոկ չի գալու, ուզում եմ ասել՝ մեզ հանգիստ չի տալու, շան նման հետևելու է մեզ, մեկ-մեկ էլ կծոտելու է, անընդհատ հաչելու է մեր պատուհանների տակ, դառնալու է միայն ու միայն մերը։ Եվ անիմաստ են լինելու նրան հալածելու, քշելու մեր փորձերը։ Ճիշտն էլի այս նոր կոչվող տարվա հետ լեզու գտնելն է, սրա մտադրությունը պարզելը, հետը ճանապարհ գնալը։ Գուցե հաջողվի մի քիչ շուտ ուշքի գալ, ժամանակից առաջ ոտքի կանգնել ու հասկանալ տեղի ունեցածը։ Ախր, ինչքան մտածում եմ, անտրամաբանական մի բան կա այս ամենի մեջ, աբստրակտ մի ընթացք։ Էլի չասեք՝ պատերազմներից բան չի հասկանում մարդը։
Մի բան էլ ասեմ, չզարմանաք։ Ցանկանում եմ նույն տրամաբանության մեջ տեսնել պաշտպանության նախարարին և, ասենք, կրթության, գիտության և մշակույթի նախարարին, ոստիկանապետին և էկոնոմիկայի ու գյուղատնտեսության նախարարին, ազգային անվտանգության ծառայության տնօրենին ու լրատվամիջոցների ղեկավարներին։ Գիտե՞ք ինչու։ Որովհետև յուրաքանչյուրն էլ հավասարաչափ պատասխանատու է երկրի անվտանգության, պաշտպանության ու զորացման համար, և առանձին-առանձին գոյություն ունենալ չեն կարող։ Ուզում եմ ասել՝ կրթությամբ կարգին զբաղվողն էլ է գեներալ, մշակույթը երկրի ճանաչման բանալի դարձնողն էլ, հաց արարողն էլ, ճիշտ գաղափար մատուցողն էլ… Նման դեպքերում են ասում, իսկապես, հանճարեղ է մտածված կլոր սեղանը…
Պատկերացնո՞ւմ եք, չես մտածում ինչպես նստեցնել նախարարներին… ի՞նչ հերթականությամբ…