[ARM]     [RUS]     [ENG]

ՁՈՆ ԶԻՆՎՈՐԻՆ

Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 Իմն էլի դու ես, հաճախ առանց մեծ-մեծ աստղերի ու շարք-շարք շքանշան-մեդալների…ազա՛տ… զենքին ձույլ… աշխարհի բոլոր զինվորներից տարբեր…

Դո՛ւ… պարտություն չտեսած, երկիրդ կարգին չճանաչած, փառքի ու մեծարումի տեղը չիմացող, հաճախ մենակ… միշտ՝ մի քանիսի դեմ… Ի՞նչ արած, քիչ ենք, միշտ էլ քիչ ենք… Եվ դա քեզանից լավ ոչ ոք չգիտի։
Մենք չհասցրինք քեզ ճանաչել կարգին, վայելել քո ներկայությունը, տեսնել ունեցածդ։ Մինչ մենք տարված էինք մեծերի խաղերով, դուք հերոսանում էիք, դուք կերտում էիք ձեր սերնդի անհավատալի պատմությունը, դուք մեզ սովորեցնում էիք… մատուցում լինելիության բանաձևը… Ձեզ համար չկար կուսակցություն, կազմակերպություն, միություն։ Եվ երկիրն էլ քաղաք-քաղաք չէր, գյուղ-գյուղ, բնակավայր-բնակավայր։ Ուզում եմ ասել, որ դու արդեն հասցրել էիր ամբողջացնել այն՝ կորցրածով ու գտածով, գունավոր ու անգույն, խրամատով ու ծննդավայրի բույրերով։
Ճիշտն ասած, երբ դու դեռ շատ փոքր էիր, ես այնքան էլ չէի վստահում քեզ, ճիշտ այնպես, ինչպես ինձ չէր վստահում իմ հայրը, իմ հորն էլ` պապս։ Ինձ թվում էր` դու անթույլատրելի շատ ես հեռացել մեր ունեցածից, և անցյալը քեզ համար հորինվածք է, ամեն օր մատուցվող ձանձրալի ու ավելորդ պատմություն։ Թաքցնելու բան չկա, ես ուրախ էի, որ քեզ համար ավելի թանկը իրական հայրենիքն է, տեսանելին ու շոշափելին, քո ասելով` չհորինվածը… որ դու հենց այդ հայրենիքի զինվորն ես, նրա պահապանը…
Չէ, դու չհրաժարվեցիր քո անցյալից, քեզնից հազար-հինգ հազար տարի առաջ տեղի ունեցածից, ուղղակի մի կողմ դրեցիր միֆականը, նախնիներիդ ավելորդ փառաբանությունն ու հերոսականացումը և համոզեցիր, որ առանց զորավոր ներկայի անցյալը սուտ է, պարապ վախտի խաղալիք ու մխիթարանք։ Դրա համար էլ դու ինքդ քեզ զրկել ես տեղի-անտեղի ետ նայելու գեղեցիկ թուլությունից ու գայթակղությունից։ Ավելի կոնկրետ բան ասեմ, դու այլևս անցյալի պատանդը չես, դու կարողացել ես ազատվել նրա իշխանությունից ու հնազանդեցնող ներկայությունից։ Եվ, ամենակարևորը, դու քո նախնիներից չժառանգեցիր ուրիշներին անվերապահորեն հավատալու միամտությունը։ Չեմ կասկածում, որ ինքդ կսկսես ստեղծել քո զենքը, անսպասելի, ժամանակի մտածողությունից վեր, չավերող, բայց տիրող, չսպանող, բայց ոչնչացնող… չերևացող, բայց սարսափեցնող-պարտադրող… Այսքան վստահ եմ խոսում, որովհետև քո միտքը ունակ է նման արարումի ու սխրանքի, որովհետև մի օր դա պիտի լինի, որովհետև մենք ուշացումի իրավունքից զրկվել ենք վաղուց։ Ով հավատա-չհավատա ասածիս, դու հաստատ հավատացողն ես, դու մի գրամ անգամ չես կասկածում, որ ասածիս մեջ սուտը վաղուց է հոգին փչել։
Ազնիվ չէր լինի, եթե չասեմ, որ փառահեղ մարտեր ես մղել, որ թշնամիդ քեզ հաղթել չկարողացավ և ոչ էլ զարմացրեց իր բազում զինատեսակներով։ Զարկվեցիր, վերքեր ստացար բազում, բայց տանուլ չտվիր, չհանձնվեցիր, թշնամիդ թիկունքդ չտեսավ… բան չի փոխվել, ախպերս, դու էլի նույն քաջն ես, նույն հզորը, նույն մարտիկը… տղամարդու կռիվ տալու, կորցրածը ետ բերելու պատրաստ…
Հիմա չասե՞մ դու ես այս երկրի թագավոր տղան, հեքիաթներից դուրս, շինծու պատմություններից հեռու։ Եվ միայն դու իրավունք չունես թուլանալու, զենքդ վայր դնելու, անկողին մտնելու… և միայն դու ես ունակ գծելու երկրիդ սահմանները, ընտրելու ապրելու տեղդ… ուրիշ ոչ մեկը՝ քեզանից բացի։
Գիտեմ, չես սիրում, երբ քեզ բնորոշող մի քանի բառ են շարում կողք-կողքի, երբ, այսպես ասած, փորձում են քեզ ներկայացնել հանրությանը։ Որ ի՞նչ… ասում ես… հետո՞… և ոչ մի բացատրություն։
Բայց ասեմ, որ դա ինձ բացարձակապես չի վերաբերվում, որ ես քեզ հետ չեմ կարող համաձայն լինել, որ քո այդ դիրքորոշումը ինձ համար ընդունելի չէ։ Գիտե՞ս ինչու, ասեմ, որովհետև ես հեռու եմ քեզ մեծարելու, քո մասին սուտ-սուտ բաներ գրելու թուլությունից։ Այսօր ուղղակի քեզ հետ զրուցելու ցանկությունն ինձ հանգիստ թողնելու մտադրություն, երևում է, չունի։ Ձորի Միրոյի նման ասում եմ՝ զինվորը մեծ բան է, շա՛տ մեծ… զինվոր տուն կպահե, լեռ կպահե, գետ կպահե, երկինք կպահե, զինվոր երկիր կպահե… զինվոր արժանապատվություն է, զինվոր ասկյար չէ… դե, հիմա ասա, որ ասածս քո սրտից չէ, որ ասածս ժամանակի ու քեզ հետ կապ չունի, որ էլի չես կարողանալու թաքցնել վիրավորանքդ։ Վերջ, էլ ոչինչ չեմ ասի, գլուխդ բարձր, ախպերս։ Գիտես ինչքան գործ կա մեզ սպասող, անցնելիք ինչքան ճանապարհ, ինչքա՛ն անելիք… մենակ ու միասին, միասին ու մենակ…
Ինչ մնում է ինձ, խոստանում եմ տեղի-անտեղի չանհանգստացնել քեզ, բայց չեմ կարող խոստանալ մի բան, լռել, երբ ինձ հասնի քո նոր հաղթանակների ավետիսը։ Լավ, չմանրամասնեմ, գիտես խոսքն ինչի մասին է…