ՄԵԾ ՋՈՒՐ
Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Սկիզբը՝ ՙԱԱ՚ թիվ 11)
Կյանքը՛... ինձ համար չավարտվող սուտ է, շարունակական, չընդհատվող, միշտ ներկա սուտ։ Դա միլիարդավոր մարդկանց ընդհանուր, հավաքական, ամբողջական սարդոստայն է, և այդ միլիարդից յուրաքանչյուրն իր ձևով, իր ունակությունների ու ուժերի սահմաններում ձգում, տատանում է այդ հսկայական ոստայնի գունավոր թելերը, թեպետ հաճախ ոչ ոք դա չի էլ նկատում, չի զգում, ուղղակի չի տեսնում... Եվ ամենաողբերգականն ու առեղծվածայինը, դա չեն տեսնում նաև այդ ոստայնի ուղիղ կենտրոնում բազմածները, ովքեր համոզված են, որ հենց իրենք են, միայն ու միայն իրենք են կառավարում այդ հսկայական շինությունը։ Եսասիրության, փառասիրության, լկտիության ու խաբվածության նման դրսևորում ուրիշ ոչ մի տեղ հնարավոր չէ տեսնել։ Դա միայն ու միայն սարդոստայնի մենաշնորհն է, կործանման գնացողի մենաշնորհը... Իսկ ամենաողբերգականն այն է, որ մենք չենք համարձակվում խոստովանել, որ մոլորվել ենք մեր իսկ ստեղծած այդ լաբիրինթոսում և չգիտենք որտեղ ենք... Իսկ եռագլուխ հրեշն ամեն օր խժռում –պատառոտում է մեզանից մեկին, հերթով, և յուրաքանչյուրին թվում է` հերթը իրեն չի հասնի...
Աշխարհի վերջի մասին խոսողներն էլ չեն քիչ։ Մեկ-մեկ այնքան վստահ, որ ես էլ եմ վախենում, բայց դա ընդամենը մի քանի օր է տևում։ Մարդ արարածը, ինչքան էլ ցանկանա, չի կարող կործանել արարչագործությունը։ Դա անհնարին բան է, մարդու ուժերից վեր։ Ինչ խոսք, մարդն ինչ-որ բան կարող է ձևափոխել, խեղել, պատերազմ հայտարարել, սպանել իր նմանին, բայց ահա աշխարհ կործանելը մարդու խելքի բանը չէ, ինչքան էլ սատանան ուղեկցի ու օգնի նրան, զորացնի, զինի ու մղի...
Կործանել կարող միայն ԱՐԱՐԻՉԸ, սակայն նա էլ երբեք ձեռք չի բարձրացնի իր ստեղծածի վրա, ինչքան էլ այն անկատար լինի։ Բայց անկատա՞ր է, արդյոք, արարվածը, կա՞ մի բան, որ չի հերիքում, չի բավարարում, ձանձրացնում է... չէ... ամեն ինչ կատարյալ է, էլի միայն մարդն է, որ խաղում է ՏԻՐՈՋ համբերության հետ, սոր համարձակվում է խաչել, որ փորձում է ժխտել նրան և արարչագործությունն էլ համարում է պատահականություն, ինքնաստեղծում, դիալեկտիկա՛...
Տեսնու՞մ եք, ինչքան տկար ենք մենք, ինչքան խղճուկ, ինչքան անմիտ, փոքր ու մեղավոր... Ես այդ մարդու վերջնական կործանումից եմ վախենում, վախենում եմ, երբ չեմ տեսնում ցանկությունը ապաշխարելու, երկնայինին տեսնելու... առանց տեսնելու հավատացողները քիչ են, անհուսալի քիչ... ԱՐԱՐԻՉՆ, իհարկե, ամենազոր է, ամենատես, բայց նրան չի կարելի թողնել մենակ... ոչ երկնքում, ոչ էլ երկրի վրա, դա դավաճանություն է, ստորություն...
Պատկերացնու՞մ եք, հիմա մարդն է մենակ... իսկ մարդ արարածը մենակությունից կարող է խելքը թռցնել, կարող է դիմել ցանկացած հիմարության, հետո էլ ինքնասպանություն գործել... Պատերազմները, կենցաղը, գաղափարախոսությունը, իշխելու տենչը փոխում են մարդու բնությունը, հնարավոր է նաև գենետիկ համակարգը, նրան դարձնում զենք, գործիք, տիկնիկ, ծաղրածու, ինքնասիրահարված, ինքն իրեն գերագնահատող, ընտրյալ, եզակի փրկիչ... և բացառված չէ, որ վաղն այդպիսին կդառնա մեզանից յուրաքանչյուրը։ Մեզանից յուրաքանչյուրին կհամոզեն, որ հենց ինքն է այդ ընտրյալը, այդ եզակի փրկիչը, կասեն ամեն օր, անընդհատ, ամեն տեղ, և, պատկերացնու՞մ եք, մենք կսկսենք հավատալ՝ չկասկածելով անգամ, որ դա է կործանումը, որ մեզնից անվերադարձ հեռանում է հենց ինքը՝ ՄԱՐԴԸ։
Աշխարհն այսօր տառապում է անզորությունից, մոլորակը բաժան-բաժան է, մարդն ատում է իր նմանին, հայրը սպանում է որդուն, որդին՝ հորը, ապաշխարելը դարձել է ծիծաղելի թուլություն, ձևական մի բան, հավատքը խախուտ է, պատերազմները զրկվել են գաղափարից ու դարձել հարստության, նյութի, դարերով ստեղծված արժեքների կործանման աղբյուր... Պատերազմների արյունոտ դաշտերում, հազարավոր անթաղ դիակների վրա աննկարագրելի արագությամբ բարձրանում է նյութի մոնումենտալ աշտարակը։ Մտածե՞լ եք ինչից է դա։ Դա նրանից է, որ աշխարհը մոռացել է իր մանկությունը, մարդկությունը դարձել է մանկուրտ։
Զինվորի ամենաժամանակակից ու ամենահզոր զենքը միշտ էլ եղել է հիշողությունը, հավատքը, Մեծ մեռելների կտակը, հայրենապաշտությունն ու մարդապաշտությունը, անընդհատ հարություն առնելու հրաշքը։ Կարճ՝ աշխարհի ամենազինվորը մեր ԴԱՎԻԹՆ է, զինվորի նախահայրը` դուրս նյութից, քաղաքականությունից, կենցաղից... եզակի զինվոր, ով չի սպանում, ով կարողանում է հաղթել առանց սպանելու, միակը, ով երբեք չբաժանվեց իր մանկությունից...
Բայց չեմ մտածում, որ անցյալը պետք է դարձնել կուռք, ինչքան էլ այն արժան լինի պաշտամունքի։ Հրաժարվելն էլ է կործանարար։ Այն` լավ-վատ մերն է, ուզենք-չուզենք պատկանում է մեզ և հավերժ ուղեկցելու է, ամենուր լինելու է մեր կողքին, մեզ հետ։ Եվ ամենևին էլ իմաստ չունի անընդհատ բացատրել, որ իմ նախնին պինդ-պինդ կանգնած է եղել աշխարհի քաղաքակրթության ուղիղ կենտրոնում, որ իմ նախնին ԵՐԿԻՐ մոլորակում առաջինն է ճանաչել ու ընդունել Քրիստոսին, որ իմ նախնին այդ ճանապարհին կրել է բազում զրկանքներ, դարձել սատանայի ատելին...
Դա, կարծում եմ, պարապ ու անլուրջ զբաղմունք է, մի տեսակ նույնիսկ՝ խոխայություն, այդ նույն աշխարհի համար էլ՝ անընդունելի ու ծիծաղելի։ Ես ինքս այդպես սպառում եմ ուժերս, տկարանում, դառնում կույր, ներկայից դուրս... Չե՞ք մտածում, որ մենք շատ ենք կորցրել անընդհատ անցյալի խորքերում ապրելով, մեր անցյալը փառաբանելով, մեր նախնիների կատարածն ու չկատարածը վերաիմաստավորելով, մեզ միշտ հզորների կողքին դնելով...
Չէ, եղբայր, իմը ներկան է, իմ խենթությունը, իմ կիրքը, իմ պոռթկումը, տիեզերքի հետ իմ զրույցը... Անցյալիս հաղթանակներն, անշուշտ, ոգևորում են ինձ, բայց ինձ այդ հաղթանակները պետք են նաև ներկայում, ամեն օր, այդ ԾՈՎԻՑ ԾՈՎԸ ինձ այսօր է պետք, հաղթանակ է հարկավոր` առանց զոհերի, թեպետ այդպիսի բան չի լինում` առանց կորցնելու... ուրիշ հաղթանակ չեմ ընդունում, ԲԱՐՈՅԱԿԱՆ կոչվող հաղթանակները հյուծել են ինձ, դա ինքնամխիթարանք է, ազգովի զոհաբերվելը՝ դավաճանություն, մեղանչում...
Մեկ-մեկ պիտի կարողանալ տղամարդավարի հրաժարվել անցյալից, հեռանալ, նաև՝ ժխտել։ Չունեցանք այդ արիությունը, այդ նույն հզոր, իմաստուն անցյալը մեզ խժռելու է, կործանելու է, վերացնելու է վերջնականապես... մեր ներկան դարձնելու է անգույն, անիմաստ, խղճուկ... որովհետև այդ անցյալ կոչվող երևույթը եսակենտրոն է, գոռոզամիտ, միշտ քաղցած, ծարավ, անհագ, երբեք չբավարարված, անկուշտ... խոստովանեմ, ես վախենում եմ նրանից... պարզապես մեր հարաբերությունները չփչացնելու համար ես մեկ-մեկ հանդիպում եմ նրան, անգամ՝ գրկախառնվում... և դա նրան դուր է գալիս, ուզում եմ ասել՝ առայժմ դա նրան էլ է բավարարում, ինձ էլ...
Ինչքան մտածում եմ, ԱՐԱՐԻՉՆ ինչ շինել է, պինդ է պահում, մինչև հիմա իր շինածից ոչինչ չի վերացրել։ Իսկ նա մարդուն ամենաշատն է սիրում։ Եթե կա մահը, իսկ իմ կարծիքով նա հավերժ է, ապա հավերժ է նաև ՄԱՐԴԸ ...
Ցավալի բան ասեմ, եթե չսիրեմ սուրը, նիզակը, դանակը, ատրճանակը, մոսինը, հրանոթը, հրասայլը, ռմբակոծիչը, ռումբը, միտքը, վերջապես՝ խաչը, կկորցնեմ տեղս ԵՐԿԻՐ մոլորակում, կոտնահարվի արժանապատվությունս, կկորցնեմ ժամանակի զգացողությունս, ուղղակի կմեռնեմ անփառունակ... աշխարհն այսօր այլ փիլիսոփայություն չի ընդունում, անզեն մարդու պահանջարկ չկա, համարձակվեմ ասել՝ ԵՐԿՆԱՅԻՆՆ ինձ առանց զենքի չի ընդունի, ավելին՝ նա կհրաժարվի ինձնից... միակ մխիթարությունն այն է, որ իմ զենքը չի սպանում, իմ զենքը այլ առաքելություն ունի աշխարհի վրա, իմ զենքը փրկիչ է...