ԵՐԿԻՐԸ ԵՐԿԻՐ Է, ԿԱՄ` ԵՐԿՆՔՈՒՄ ԱՊՐՈՂՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ…
Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Մի բան ասեմ, չզարմանաք, երբեք, այն էլ փետրվար ամսին հորդառատ անձրևների այսքան չեմ սպասել, թեպետ անձրևոտ օրեր չեմ սիրում։ Դրանք ինձ, կարծես, խանգարում են։ Ավելի ճիշտ կլինի ասել, ես անձրևից շուտ եմ ձանձրանում։ Բայց, պատկերացնո՞ւմ եք, հիմա անհամբեր սպասում եմ՝ լավ իմանալով, որ մեր կողմերում փետրվար ամսին նման բան ուղղակի հնարավոր չէ։ Ուզո՞ւմ եք ասեմ ինչով է պայմանավորված իմ այդ` ժամանակից առաջ ընկած սպասումը։ Չուզեք էլ ասելու եմ, որովհետև չասելը ճիշտ չէ։ Համաձա՞յն եք, չէ՞, որ մենք սովոր ենք մաքուր, գեղեցիկ, խնամված քաղաքում ապրել, որ մենք միշտ էլ փայլեցրել ենք մեր բնակավայրի փողոցները, բակերն ու հրապարակները, բայց, հաստատ, ո՜չ օտարներին զարմացնելու համար, ուղղակի մենք այլ կերպ չէինք կարող, թափթփվածությունը, փոշին, չհավաքած աղբն ազդում է մեր բավականին նուրբ ներվային համակարգի վրա, մեզ հանում ափերից, մեկ-մեկ էլ դարձնում անկառավարելի։ Ինչպե՛ս կարելի է… մի քանի հազար տարվա քաղաքակիրթ ժողովուրդը որտե՛ղ, կեղտոտ փողոցները որտե՛ղ… մարդ ամոթից քիչ է մնում… ոնց ասեմ, որ լավ լինի, հա, քիչ է մնում գետինը մտնի… թաքուն փորի ու արագ մտնի մեջը, որ հանկարծ տեսնող չլինի… ինչպե՛ս կարելի է… Չէ, բան չունեմ ասելու, պատերազմը շատ բան քանդեց-ավերեց, խառնեց ամեն ինչ, մեր ամուր ձեռքերը թուլացրեց, խեղեց մեր միտքը, մեր հայացքը, սպանեց էլ, բայց ապրելու տեղ էլ թողեց, կրկին ոտքի կանգնելու, կորցրածի ետևից գնալու հնարավորություն էլ տվեց, չէ՞։ Չասեք, չեք հասկանում ինչ եմ ուզում ասել, չասեք դրա ժամանակը չէ, հազար ու մի բան կա անելու, դու եկել բնակավայրի մաքրությունից ես խոսում, փետրվարյան հորդառատ անձրևներից։ Հետո ինչ, որ մաքրությունը էն առաջվանը չէ, որ ամենուր փոշի է՝ թանձր ու խեղդող։
Ուզում եք հավատացեք, չեք ուզում մի հավատացեք, առաջ գյուղ տանող ճանապարհներն այսքան փոշոտ չէին։ Ընդամենը մի քանի օր առաջ գյուղից ինձ տեսության եկած բարեկամս գիտե՞ք ինչ էր ասում, ասում էր մեր գյուղը ձեր քաղաքից մաքուր է… Ես, բնականաբար, ասացի, որ չի կարող այդպես լինել, որ դա ուղղակի հնարավոր չէ, որ մենք միշտ էլ… մի խոսքով, ի՞նչ գիտեի մեր` երբեմնի մաքրամաքուր բնակավայրի մասին, դարձրի իմ այդ բարեկամի սեփականությունը։ Բայց նրա հարցականը քարուքանդ արեց իմ պաշտպանական համակարգը։
-Հետո՞… Ես էլ առաջ կարգին, զորեղ, ամեն օր աշխարհը փոխելու մասին մտածող տղա էի… դու այսօրվանից խոսիր, եղբայր… առաջը արդեն եղել-պրծել է։ Մի քիչ էլ անցնի, ոչ մեկը չի հավատա քո այդ առաջ ասվածին, կասեն պատմածդ հեքիաթ է, կասեն հորինելու գործում լավ էլ առաջ ես գնացել…
Ի՞նչ անես, եթե մարդը ճիշտ է ասում… Քեզ անտեղյակի տեղ դնե՞ս, իմաստը։ Կողքից լսողը ի՞նչ կմտածի։ Չի ասի՞, այս մարդը խելքը տվել է ուրիշի կամ առավոտյան կերել է հացի հետ։ Բա ի՞նչ կանի, որ չի ասի։ Թաքցնե՞մ։ Բացատրեմ, որ մեր քաղաքը երբեք այսքան մաքուր չի եղե՞լ, ասեմ ընդամենը մի քանի օրվա բան է ու պատահականությո՞ւն… և մի քանի օրից ամեն ինչ տեղը կընկնի՞…
Չեմ հակաճառում, կարելի է նաև այդպես։ Բայց հավատացողն ո՞վ է։ Ո՞վ չգիտի, որ լսածն ուրիշ բան է, տեսածը՝ լրիվ ուրիշ։ Ուզում եմ ասել՝ մի հորդառատ անձրևի եղածն ի՞նչ է, որ չկա։ Ցանկության դեպքում առանց դժվարության ու խոչընդոտների կարելի է լա՛վ էլ կազմակերպել։ Թե չէ այսպես արդեն հնարավոր չէ, էս պակաս ու պռատ տարում ամեն օր պիտի լվացք անես, երեխաներին լողացնես, դու լողանաս, եթե մեքենա ունես մեքենան տանես լվացման, կոշիկներդ մաքրես օրը ամենաքիչը մի հինգ անգամ… Դժվար է հատկապես զուգված-զարդարված կանանց համար, դեռ ոտքը տնից դուրս չդրած ամեն ինչ դառնում է զրո, ոչ` եղած, ոչ` տեսած…
Չէ, ինչքան մտածում եմ, փրկությունը միայն ու միայն հորդառատ անձրևն է, ընդամենը մի քանի ժամը հերիք է մի ամբողջ ամիս քաղաքում հանգիստ քայլելու, զբոսնելու, երեխաներին դպրոց ուղարկելու համար։ Դրանից հետո էլ կմտածենք մի քանի փոսը ծածկելու, ամիսներ առաջ քանդած փողոցները կարգի բերելու մասին։ Վերջապես մեր քաղա՞քն է, չէ՞, մեր սեփականը, մեր ամեն ինչը։ Դրա եղածն ինչ է, որ մի քանի ժամում հարցերը չենք լուծում։ Էլի չասեք բա դրա ժամանա՞կն է… ինչ ենք կորցրել, ինչի հետևից ենք ընկել… Պապս ասում էր՝ ոտքիդ տակը մաքուր չեղավ, ոչինչ չես կարող անել, ինչ էլ անես չի երևալու։ Ասեք, որ ճիշտ չէր ասում մարդը։ Հա, քիչ էր մնում մոռանայի, էդ հորդառատը, որ ասում եմ, հանկարծ ձյան հետ չշփոթել, ձյունը քաղաքի մաքրության հետ բացարձակապես կապ չունի, ոչ էլ փոսերի։ Միայն ու միայն անձրև՝ վերջ։ Ով ի վիճակի է, կարող է օգնել։ Կոնկրետ` մեկը ես, դեմ չեմ…