ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐՆ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԵՆ
Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ
Հայաստանի և Արցախի ծանր պարտությունը (որպեսզի իրատես լինենք՝ այդպես ձևակերպենք) 44-օրյա պատերազմում ամենախիստ ձևով բերեց վերլուծությունների, հակասությունների, մեղավորների փնտրտուքի, հաղթողների ու պարտվողների միջև հասկանալիորեն անցկացվող զուգահեռների, ապատեղեկատվության հեղեղի և մինչև հիմա շարունակվող փոխադարձ մեղադրանքների։
Սա այն իրական պատկերն է, որն առաջին հայացքից կարելի է տեսնել մեր Հայրենիքի և՜ քաղաքական, և՜ հանրային կյանքում։ Որքան էլ հիմա դժվար է խոսել այդ մասին, այնուամենայնիվ, հստակ է, որ ստեղծված իրավիճակում ամենատուժած և ամենատուժող հատվածը հանրության այն շերտն է, որի համար հարցը, պատերազմից դուրս անգամ, խորքային հիմքեր ունի։
Կարելի է տարբեր ձևակերպումներ տալ ստեղծված իրավիճակին, սուր քննադատությունից մինչև հիմնավորված արդարացում, բայց փաստ է, որ դրանից չի փոխվելու մեր վիճակը, եթե չկարողանանք գտնել հարցի խորքային բացթողումները, իսկ դրա համար հեռու գնալ պետք չէ, այն սկսվում է սխալ կրթամշակութային համակարգից և սխալ կադրային քաղաքականությունից։
Ինչպիսի՞ կրթական համակարգ, կամ ինչպիսի՞ ռազմավարություն ունենք մենք մեր կրթամշակութային համակարգում. կարծում եմ՝ և՜ ավագ, և՜ երիտասարդ սերնդի ներկայացուցիչները կպնդեն՝ աղետալի։
Վերջերս մեծ թափ ստացավ այն տեսակետը, որ խորհրդային կրթական համակարգը մեզ համար լավագույն տարբերակն էր։ Իհարկե, այն իրականում կարելի է դիտարկել որպես արդարացված, քանի որ կան այդ համակարգը բնութագրող լավ օրինակներ, եթե չասենք՝ բացառիկ օրինակներ։ Սակայն, կարծում եմ, որ մեր ձախողման պատճառներից մեկն էլ հենց այն է, որ այս կամ այն կրթական համակարգից, ծրագրերից օգտվելուց զատ, մենք այդպես էլ այս 30 տարվա ընթացքում չունեցանք մեր սեփականը, ազգայինը, որի մեջ հստակ կլինեին ուղղությունները, մեզ յուրահատուկ մենթալիտետը։
Նույն պատկերն ունենք մշակույթում։ Մեդալներն ավելի շատ են, քան իրական մշակույթ տարածող գործիչները։ Չգիտես ինչու, մեր մեջ արմատացած է այն պատկերացումը, որ մշակույթը սկսվում և ավարտում է լավ համերգով, մինչդեռ համերգը մշակույթի ընդամենը մի ճյուղն է, և սա լավագույն դեպքում։
Մշակույթը հստակ ռազմավարություն է, որի վրա պետք է կառուցել ուժեղ հեռանկար, և այդ հեռանկարը պետք է հիմնված լինի ազգային գաղափարի վրա։ Անկեղծ լինելու համար ասենք, որ մենք այդպես էլ պատկերացում չկազմեցինք, թե ինչ է մշակույթը, և այն աստիճան, որ մինչև պատերազմը և պատերազմից հետո անգամ մեր գյուղերի ակումբները ծառայում են ոչ թե որպես մշակութային օջախներ, այլ սոսկ ժամանցային վայրեր և աշխատատեղ ապահովող հիմնարկներ (իհարկե, սա ընդհանրացված պատկեր է, ունենք ակումբներ, որոնք աշխատում են ամբողջ ներուժով)։
Կրթամշակույթից ոչ այնքան ճիշտ պատկերացում կազմեցինք, և Արցախի ամբողջ տարածքում երաժշտական դպրոցները վերակազմավորվեցին արվեստի դպրոցների։ Իսկ թե սա որքան ծանր հետևանք թողեց և դեռ թողնելու է մեր մշակութային կյանքում, դա էլ առանձին թեմա է։
Եվ այս ամենին եթե գումարենք կադրային այն սխալ քաղաքականությունը, որը հիմա ունենք, պատկերը կամբողջանա։
Սա ամենևին էլ քննադատություն չէ, այլ վերլուծություն, տեսակետ, կարծիք և, ինչու չէ՝ նաև ափսոսանքի ու ցավի արտահայտություն։ Աշխարհի հզորագույն երկրները ամուր ու անվտանգ պետություն ունենալու հիմքում դնում են լավ կրթահամակարգը, ուժեղ մշակութային ռազմավարությունը, ճկուն կադրային քաղաքականությունը։ Ամեն ինչ զինվորի ուսերին թողնելը, մեղմ ասած, սխալ է։
Ինչևէ։ Այժմ, Աստծո կամոք, ունենք հնարավորություն նորից ամեն ինչ սկսելու և, կարծում եմ, սխալները միասնական ուժերով ուղղելու։ Չկա ավելի վեհ զգացողություն, քան այն բանի գիտակցումը, որ ունես հզոր, շատ հզոր հայրենիք, որի ապագան ոչ միայն զենքով, այլ կրթությամբ, մշակույթով, գիտությամբ և լավ կոփված հասարակությամբ է պաշտպանված։