[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ ՄԵՆԱՇՆՈՐՀԸ

Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 Չասեք գնալու տեղ չունեմ, դրա համար եմ այսպես մեծ-մեծ, չէ, ճոռում-ճոռում, ավելի ճիշտ՝ անիմաստ խոսում, չեմ ուզում ասել՝ դուրս տալիս։ Գնալու տեղ, եղբայր, բոլորն էլ ունեն, անգամ ամենախեղճ ու կրակը, եթե մտքին դրեց, կգնա-կհասնի Ամերիկա, օվկիանոսներով կանցնի, Ավստրալիան էլ կգտնի։ Այս մոլորակի եղածն ի՞նչ է, մի ծայրից մյուսն ընդամենը մի քանի ժամվա ճանապարհ։ Գլխիդ մի քիչ էլ, որ զոռ տաս, հաստատ, հեռու-մոտիկ բարեկամից- բանից էլ կգտնես, նախկին հարևաններից ու ծանոթներից, կգան ու քեզ հենց օդանավակայանում էլ մարդավարի կդիմավորեն, որ, հանկարծ, մեծ երկիր է, չմոլորվես։ Ուզում եմ ասել` քոնը այնտեղ հասնելն է։ Մի օր` լավ, մի օր` վատ, փողոցում, ուրիշի տանը, ապրելու ես, հո չե՞ն թողնելու, որ հոգիդ փչես։ Կարգին երկիրը մնում է կարգին երկիր, թեպետ, հնարավոր է, իրենք ուտեն, քեզ էդ կերածից ոչինչ էլ չտան։ Չէ, չեմ ասում, որ պարտադիր այդպես է լինելու, բայց հնարավո՞ր է, չէ՞։ Տեսականորեն, իհարկե, ամեն ինչ էլ հնարավոր է։ Նախօրոք պետք է պատրաստ լինես, որովհետև ճանապարհ ընկելուց առաջ պետք է մի կարգին, խելքը գլխին որոշում կայացնես, բարեկամ-հարազատի հետ քննարկես, կարծիք հարցնես, թե չէ գնալը միշտ էլ կա ու կա։ Մարդիկ լուսնի վրա տուն ու տեղ են դնում, ծառ տնկում, շուտով երեխա էլ կունենան, մենք եկել Ամերիկա կամ Եվրոպա, ծայրահեղ դեպքում՝ Ռուսաստան հասնելու դժվարությունների մասին ենք խոսում։ Անծանոթ մի տեղ պատահաբար ասես, կծիծաղեն, կասեն մարդը խելքը լրիվ թռցրել է։

Չասեք, որ ասածս չեք հասկանում, կամ սխալ բաներ եմ խոսում։ Մեկ է, համաձայնության չեմ գալու։ Ասելու եմ, ինչ մտածում եմ, ինչը, կարծում եմ, կարելի է ներկայացնել։ Ուզում եմ ասել՝ բոլորն էլ կարող են գնալ, բայց չեն գնո՞ւմ, չէ՞, բոլորը չեն, չէ՞, հեռանում, մնացողը մնո՞ւմ է, չէ՞, երկիրը պահողը, երկրի համար կյանքը տվողը, թշնամու առաջն առնողը։ Չէ, հայրենասիրության մասին չեմ խոսում, որովհետև չգիտեմ, ոչ մեկն էլ չգիտի, ինչ բան է էդ հայրենասիրությունը։ Այնպես որ մնալը լրիվ ուրիշ բան է, չեմ ուզում ասել՝ հայրենասիրության հետ բացարձակապես կապ չունեցող։ Եվ մի քանի հազար տարի է այդպես է, գնացողները գնացել են, մնացողները` մնացել։ Թեպետ ամենևին էլ չգիտեմ` գնացողնե՞րն են շատ եղել, թե՞ այդ մնացողները։ Պարզ է միայն մի բան. մեր ունեցած ծովիցծովը անընդհատ փոքրացել է, դարձել է մի բուռ, մի թիզ, մի ափ, գրող ընկերոջս ասած՝ ինքնաթիռի թևերի տակ մի կերպ տեղավորվող…պատկերացնո՞ւմ եք՝ ինքնաթիռի թևերի տակ…չտեղավորվող…

Բայց քա՛ղցր, քա՛ղցր, քա՛ղցր…անասելի, անպատմելի լավը…օտարի համար՝ անհասկանալի…հացաբույր, ծիրանաբույր, արևաբույր…Չգիտեմ, գուցե չափից ավել սենտիմենտա՞լ եմ, իրականությունից հեռո՞ւ, գուցե դա միայն ինձ է թվում, և սա ազգային յուրահատկություն է, միայն ինձ հատուկ տեսողություն ու ապրո՞ւմ… թաքցնելու բան չկա, ամեն ինչ էլ հնապավոր է։
Ավելի անկեղծ բան ասեմ, խորհուրդ եմ տալիս գնացողներին հանգիստ թողնել, որովհետև ինչ էլ անենք, գնացողն են, եթե որոշել են, չեն մնալու, տեղ էլ չունենան, մեկնելու են, ոտքով էլ լինի՝ հատելու են հազարավոր կիլոմետրերը։ Նրանցից հրաժարվելն էլ չի տրամաբանական, ինչ էլ անեն` մեր արյունակիցն են, մեր մի մասնիկը, մեզ հետ ճանապարհ անցած, մեզ հետ` տառապած, մեզ հետ՝ կորցրած…Ճիշտն էլի, ինչքան մտածում եմ, հարազատավարի բարի ճանապարհ մաղթելն է, առանց ախ ու վախ անելու հրաժեշտ տալը։ Մեծ աշխարհ է, ամեն ինչ էլ պատահում է։
Մեկը, մի քանի օր առաջ, կարո՞ղ եք գուշակել, ինչ էր ասում, ասում էր՝ պարզվում է Աստծո ձեռքին էլ բան չկա։ Չգիտեմ ինձ փորձելու համա՞ր էր ասում, թե՞ ինքն է եկել նման եզրակացության։ Հարցնելն էլ անիմաստ էր։ Հարցնեմ, որ ի՞նչ։ Ենթադրենք ասաց, դա իր համոզմունքն է, ի՛նչ էր փոխվելու դրանից հետո։
Այնպես որ, գնացողն էլ է իմը, մնացողն էլ։ Եկողի մասին էլ չեմ խոսում դեռ. կան այդպիսի մարդիկ, մեծ-մեծ երկրները թողնում, գալիս են։ Առաջին հայացքից զարմանալի է, իհարկե, բայց եկող կա։ Ճիշտ է՝ քիչ, բայց մեզ համար այդ քիչն էլ է կարևոր, նույնիսկ մեկը։ Եվ ի՞նչ ենք անելու մենք՝ մնացողներս։ Անսովոր ու տարօրինակ ոչինչ։ Էլի տնկելու ենք մեր ծառը, պահելու ենք մեր տունը, երկրի սահմանն ենք ամրացնելու մեր եղած-չեղածով, նաև երդվելու ենք Մեծ մեռելների շիրիմների առաջ, և ամեն օր էլ փառք ենք տալու Տիրոջը ունեցածի համար։ Ժխտելու խնդիր չկա, հեշտ չի լինելու, մի քանի հոգու տանելիք բեռը ստիպված մեկն է տանելու, մեկն է կռիվ տալու մեր շեմին պպզած ցավի ու չարչարանքի դեմ, մեկն է դուրս գալու բաց դաշտ, միշտ մեկը, մենակ…միշտ` նաև հեռացածների փոխարեն։ Ով ապրելու ուրիշ ճանապարհ գիտի, դեմ չեմ, թող մեզ տանի կանգնեցնի այդ ճանապարհին։ Միայն չասեք աշխարհը ամենաքիչը հազար անգամ փոխվել է և սպարտացիների ժամանակն էլ վաղուց անցել-գնացել է։ Մեկ է, չեմ ընդունելու։ Աստծո ընծա տեղս ուրիշին տալու մտադրություն չեմ ունենալու, հեռացածներից ով էլ վերադառնա, ինչքան էլ հոգնած լինեմ, դիմավորելու եմ ցնծությամբ, հնարավոր է պահած-պաշտած եզն էլ մորթեմ, մի կարգին մատանի էլ գտնեմ…բա՛ ոնց, եղբայր, միայն, խնդրում եմ, չծիծաղեք, չասեք՝ էս մարդը երբեք չի փոխվելու, դարեր էլ անցնեն նույն միամիտն է մնալու…նույն անհասկանալին…