ՔԹԵԴ ՀԱԼԸ ՀԱԼ ՉԻ
Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Էլի մեր Ստեփանակերտի մասին եմ մի երկու բառ դնելու իրար կողքի, թեպետ դա ժանրին այնքան էլ չի համապատասխանում, ինչպես ընդունված է ասել՝ ժանրից դուրս։ Հետո ի՞նչ, մեկ-մեկ կարելի է։ Կարևորը գեղեցիկ խոսելը չի, ճիշտ խոսելն է։ Կարծում եմ կհամաձայնեք, եթե ինձ իրավունք վերապահեմ ասել, որ այսօր գեղեցիկ խոսողների քանակը չի համապատասխանում շուկայի պահանջարկին։
Օրինակի համար, ավելցուկը բավականին մեծ է։ Իմ խորին համոզմամբ, 50-60- հազարանոց բնակավայրին մեկը-երկուսը լրիվ հերիք է, բայց… մենք այսօր վստահաբար կարող ենք ասել, որ գեղեցիկ խոսողներ ներմուծող բնակավայրից դարձել ենք գեղեցիկ խոսողներ արտահանող բնակավայր… Ճիշտը մի տեսակ քչություն է անում, մեկ-մեկ նույնիսկ բացակայում է, չկա, գոյություն չունի, շուկան նման արտադրանք չի ընդունում։ Եվ կան տեղեկություններ, որ վերջին անգամ դրանից արտադրվել է, երևի ամենաքիչը մի, չգիտեմ, քանի՛-քանի տարի առաջ։
Ուզում եմ ասել ՝ մեկն էլ չկա պելին փափախը տինի և ներկայացնի իր հեղինակավոր կարծիքը՝ Մելիք Շահնազար, ախպեր ջան, ընկեր ջան, հարգելիս, էս էրկու քոռ կապեկը քեզ ինի, բայց քթեդ հալը հալ չի…
Դեմ չեմ, մեր էս Մայրաքաղաք Ստեփանակերտը վերջին տարիներին այնքան է փոխվել, որ չես կարողանում ճանաչել, մտածում ես, էս ի՞նքն է, թե՞ ինքը չէ… Համարյա բոլորը ինչ-որ բան են կառուցում՝ է՜լ տուն, է՜լ խանութ, է՜լ կրպակ, է՜լ անհասկանալի ինչ-որ բան, և, ամենաանհասկանալին, ով ինչպես ուզում է ու որտեղ կարողանում է։ Ճարտարապետական ոչ մի լուծում, ոչ մի հետաքրքիր մոտեցում, ժամանակակից մտածողության ոչ մի ծվեն… Ասեք, որ ասածս չեք ընդունում, որ ինձ հետ մի գրամ անգամ համաձայն չեք։ Իսկ ընդհանուր պատկերն, իսկապես, սարսափելի է՝ լացելու, ճչալու աստիճան տխուր, քաղաքի համար, չասեմ, չի լինի՝ կործանարար։ Թվում է, վերջ, հանգիստ կարելի է շունչ քաշել, բոլոր մայթերը նվաճված են, կանաչ գոտիներում անճոռնի շինություններ են, շենքերի արանքներում վաղուց տեր ու տնօրինություն են անում դուքանները, մի քանի քառակուսի մետր տարածություն ունեցող կոշիկի և գեղեցկության սրահները, հյուրատներն ու ավտոլվացման կետերը… Լվացիր ինքդ, փորձիր ինքդ, համտեսիր ինքդ… Էլի Մելիք Շահնազարն ապրած կենա… Այսպես էլ, որ մնա` վատ չէ… բայց էլի մի քանի մետր գտնվում է, անունն էլ` հասարակական տրանսպորտի կանգառը սպասարկող կետ… Է՜լ օծանելիք, է ՜լ ծաղիկ, է ՜լ… մի խոսքով` զիզի-բիզիների չտեսնված-չլսված առատություն, շքերթ, սելավ… Վայելիր մինչև հանրակառքի ժամանումը… Ժամանակը թռչուն է… Էլի Մելիք Շահնազարն ապրած կենա… Ամեն օր մի բան փոխվում է… անընդհատ առաջ, միայն ու միայն առաջ… Ինչո՞ւ, օրինակի համար, չփակվեն որոշ փողոցներ։ Կարելի է, չէ՞, կարգին շինարարությամբ զբաղվել, գոնե պատկերացնո՞ւմ եք, ինչ հնարավորություններ կբացվեն նոր ժամանակակից դուքանների համար… Մարդիկ էլ առանց վախենալու օրեցօր բազմացող ինքնագնացներից, հանգիստ կվայելեն իրենց ազատ և ոչ ազատ, կամ՝ միշտ ազատ ժամանակը։ Մի՞թե հետաքրքիր չէ մի խանութից մյուսը գնալը, միշտ մի խանութից մյուսը, հետո՝ մյուսը, ասենք՝ տնտեսական ապրանքներից՝ կոշիկ, կոշիկից՝ հացաբուլկեղեն, հացաբուլկեղենից՝ շինանյութ, շինանյութից՝ կանացի հագուստի տարբեր տեսականի, այնտեղից՝ հագուստ տղամարդկանց համար…
Չես էլ նկատի ինչպես է անցնում քեզ չարչարող ժամանակը… Իսկապես, ի՞նչ վատ է լրիվ փակ, ուզում եմ ասել՝ առանց ինքնագնացների քաղաք ունենալը։ Ամեն ինչ՝ ոտքով, օրը, օրինակի համար, մի 10-15 կիլոմետրն ինչ է, որ մտածենք… հեչ բան, էլ չեմ խոսում մեր առողջության համար դրա սուպերդրական ազդեցության մասին… Այդպես ամենաքիչը մի հարյուր տարի կարելի է ուտել- խմելով ապրել։ Փոշին ու ցեխն էլ կմնան անցյալում և, ամենակարևորը, ամեն տարի ստիպված չենք լինի զբաղվել փոսալցման աշխատանքներով ու ասֆալտի կարկատաներով։ Չնայած, ես վաղուց էի ուզում առաջարկել էդ կարկատանները ներկել տարբեր գույներով… պատկերացնո՞ւմ եք ինչքան գունագեղ կլինեին մեր փողոցներն ու բակերը, ինչքան խայտաբղետ… Մի քանի քառակուսի մետրի վրա՝ տասնյակ կարկատաններ` կարմիր, կապույտ, կանաչ, դեղին, նարնջագույն, մոխրագույնի բազում երանգներ… Դա էլ իր հերթին կնպաստի զբոսաշրջության աշխուժացմանը… Ուղղակի մի քիչ, շատ չէ, մի քիչ մտածել է պետք։
Գիր ու գրականությունից մոտիկ, որոշ հարցերում էլ ճարտարապետությունից գլուխ հանող ընկեր ունեմ. ասում է՝ ինչքան գիտեմ, թե՜ շենքերը, թե՜ բակերն ու թաղամասերը, թե՜ փողոցները կառուցելիս հաշվարկները պարտադիր պետք է անել ամենաքիչը 50-60 տարի կտրվածքով, այսինքն՝ իմանալ, թե 50 տարի անց ինչքան բնակիչ է ունենալու տվյալ բնակավայրը, քանի ինքնագնաց, քանի օտարերկրացի է մտնելու քաղաք, քանիսն են դուրս գալու, մի խոսքով՝ ինչպիսինն է լինելու շարժը տարիներ հետո: Չասե՞մ հազար տոկոս ճիշտ է ասում մարդը՝ եթե նախագծողները այս ամենն ի վիճակի չեն հաշվի առնել, կնշանակի քաղաքը տանում են մահվան, կնշանակի այդ քաղաքում բացի անիմաստ վազվզոցից ու ձանձրալի կենցաղից ոչինչ էլ չկա։ Այո, ո-չինչ, բարեկամս, ո-չինչ…
Ի՞նչ եղավ մեր պատանեկության զբոսայգին… Որտե՞ղ են քաղաքի կանաչ գոտիները, ո՞վ է Թումանյան փողոցի անճոռնի հինգհարկանիների տակ թողել մեր անհոգ մանկությունը, ո՞ւր է գնացել մեր փոքրիկ քաղաքի վարար ջերմությունը…
Չասեք՝ նորը չեմ ընդունում, որ ես դեմ եմ քաղաքաշինության ժամանակակից մոտեցումներին, և իմ քթից, իմ մանկությունից այն կողմ ոչինչ չեմ տեսնում։ Դա սուտ կլինի։ Ծիծաղելի, չէ, տխուր սուտ։ Անտաղանդ հորինվածք։ Բարձրահարկ շենքը չի նշանակում ժամանակակից մտածողություն։ Բան չունեմ ասելու, գեղեցիկ շենքեր էլ ենք կառուցել, նաև թաղամասեր, բայց քաղաքի պատմությունը աղավաղվել է, մնացել կիսատ, Ստեփանակերտը մոլորվել է դուքանների, անճաշակ ու անճոռնի շենքերի արանքում ու անանցանելի, ընդարձակվելու ոչ մի հնարավորություն չունեցող փողոցներում ու բակերում։
Էլի Մելիք Շահնազարն ապրած կենա…
Մնացածը դուք որոշեք, ինչքան ուզում եք կառուցեք, բայց մի խնդրանք ունեմ, եղած-չեղածը ընդամենը մի փոքրիկ խնդրանք է, հավաքեք ձեր ետևից, մի կեղտոտեք մեր իբր մաքուր քաղաքը, և՜ հավաքարարներն են մեղք, և՜ դուք… Հա, մի բան էլ, մինչև փակ քաղաքի տարբերակին անցնելը, ինձ համար քայլելու տեղ թողեք, գոնե մի մարդու տեղ…