Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԽՈՒՃԱՊ

Ասում են… ո՞վ… որտե՞ղ… Կարծում եմ պատասխան փնտրելը առնվազն միամտություն է, ուղղակի` խոխայություն։ Դրա համար նույնիսկ ժամանակ չկա։ Չես էլ հասցնի։ Ի՞նչ վերլուծություն, ի՞նչ բան…Եթե ասում են, ուրեմն մի բան գիտեն։ Իբր ո՞վ է հիմա հենց այնպես, ուզում եմ ասել՝ արտահայտվում... Ասում են` էդ ասողի մոտիկ բարեկամն էլ մեծ, շատ բարձր պաշտոն է զբաղեցնում և, օրինակի համար, չի կարող չիմանալ, թե ինչ է կատարվում էս` տիրոջը վաղուց կորցրած, անիծյալ աշխարհում։ Ի՞նչ եք կարծում, չէ՞ր կարող ոչինչ էլ չասել։ Իհարկե, կարող էր։ Ավելին, մի քանի ժամում կհավաքեր իրերն, ու էս մեր խեղճ ու կրակ ժողովրդին էլի տիրություն անող չէր լինի, էլ փրկության մասին չեմ խոսում։ Կնշանակի ասողին պարտադիր լսող է պետք։ Քննարկում-մննարկում չկա։ Լսել և առանց ժամանակ կորցնելու համապատասխան որոշում կայացնել։ Սա է օրվա հրամայական պահանջը։ Ուզում եմ իմանալ, մինչև հիմա էդ ո՞ր ասածն է, որ չի համապատասխանում իրականությանը կամ, օրինակի համար, պարզվել է, որ, մեղմ ասած, սուտ է։

Մի անչափ կարևոր դիտարկում էլ, երևում է այդ «ասող»-ները մեծ կապեր ունեն (փաստերը ճշտված են) համարյա բոլոր բնագավառների, հատկապես՝ ուժային կառույցների, աշխարհի տարբեր երկրների հետախուզական ծառայությունների ու առաջնորդների հետ։ Հանաք բան չէ, մինչև, օրինակի համար, գազատարի վնասվելը, մարդիկ իրենց պարտքն են համարում տեղեկացնել, որ էս ինչ օրը, էս ինչ ժամից դադարեցվելու է գազի մատակարարումը… կամ էս ինչ օրը, էս ինչ ժամին, էս ինչ րոպեին տեղի է ունենալու ավերիչ երկրաշարժ… 8-9 բալ ուժգնությամբ…պատկերացնո՞ւմ եք… Հիմա ի՞նչ խորհուրդ եք տալիս, չասե՞ն, չզգուշացնե՞ն… Մեր մասին չմտածե՞ն… Չէ՞ որ մարդիկ մեզ շարունակում են այդպես փրկել ուժեղ քամիներից ու ցունամիներից, զինված հարձակումներից և մեծ ու փոքր աղետներից… Այնպես որ, խստիվ արգելվում է այդ տեղեկատվությունը մի ականջով ընդունելն ու մյուսով ազատ արձակելը, այդ փրկարար տեղեկությունները նվիրյալ պատասխանատվությամբ մեզ հասցնողներին մերժել-արհամարհելը, քննարկելն ու արհամարհելը… Չի կարելի… Ավելին՝ լսածն, առանց ժամանակ կորցնելու, պետք է փոխանցել մտերիմներին, հարևաններին, ծանոթ-անծանոթներին, հանդիպած յուրաքանչյուր մարդու… Միայն ու միայն այդպես կարող ենք խուսափել անընդհատ մեզ մոտեցող վտանգներից։ Այլ ճանապարհ գոյություն չունի, չկա և չի էլ կարող լինել։ Միայն այդպես, ազգովի ամբողջ, հավաքական։
Քաղաքում Հասմիկ անունով մի կին կար, բայց, չգիտես ինչու, բոլորը՝ մեծ ու փոքր, կին, թե տղամարդ, նրան Հասո էին ասում։ Ասեմ, որ լավ էլ գեղեցիկ էր։ Ճիշտ է, տարիքն արդեն այն չէր, բայց թաղի տղամարդկանցից մեկի համարձակ կարծիքով 20-25 տարեկան աղջիկները նրա մոտ ղալաթ են արել։ Չուտես, չխմես դրան մտիկ անես։ Մենակ ապրում էր ծնողներից մնացած իր հին, հսկայական տանը։ Ուրեմն էդ Հասոն ամեն տեղից խաբար ուներ, Միացյալ Նահանգների պրեզիդենտից սկսած մինչև Աֆրիկա ու Չինաստան։ Եթե մի անգամ, օրինակի համար, մի քանի րոպեով բարեհաճեր մտնել խանութ, ապա այդ խանութը մեկ ամսվա քննարկելիք նյութի պաշար, հաստատ, կունենար և հանգիստ կարող էր տարածել քաղաքով մեկ՝ ամենևին էլ չմտածելով հեղինակային իրավունքի մասին։
Ճիշտն ասած, ամբողջ քաղաքում ընդամենը մի քանի կին ու տղամարդ էին հավատում Հասոյի ասածին, բայց էդ չհավատացողներն էլ էին մի տեսակ անհանգստանում, մատուցված թեման իրենց մտերիմների հետ դնում քննարկման, կարծիք հայտնում, անհանգստանում և պարտադիր արթուն լուսացնում մի քանի ծանր գիշեր։ Իսկ երբ մի անգամ համարձակվեցին պարզել նրա մատուցած տեղեկատվության աղբյուրի տեղը, գիտե՞ք ինչ պատասխանեց, երկար ցուցամատը պարզեց վերև ու համարյա շշնջաց.
-Այնտեղից…
Հասոն, ի տարբերություն շատ ու շատ ասողների, մի հետաքրքիր, գովելի յուրահատկություն էլ ուներ, երբ նկատում էր, որ մարդիկ քիչ մը վախեցած են, սկսում էր ուրախ լուրեր տարածել, մարդկանց ոգևորել, տրամադրություն բարձրացնել, ուզում եմ ասել՝ Հասոն հաջողությամբ, իր ուզածի պես կառավարում էր քաղաքը, առաջնորդում։ Իսկ երբ մի օր էլ Հասոն անսպասելի թողեց քաղաքը, քաղաքը, կարծես, դատարկվեց, կյանքը դարձավ ձանձրալի ու միապաղաղ, օրերը՝ անգույն ու անորոշ։
Փորձառու, տարեց մարդկանց մեկնաբանությունը սա է՝ Հասոն գնացել է ավելի մեծ քաղաքներ կառավարելու, մեր քաղաքը Հասոյի համար նեղվածք է…
Բայց, մի քանիսն էլ ուղղակի համոզված էին, որ կին արմատը, ինչքան էլ խելոք լինի, մենակ չի կարող նման ծանրաբեռնվածության գործ կատարել, որ, իբր, թիկունքում ուժեր են կանգնած, չերևացող ու հատուկ ֆինանսավորվող։ Հասոն պարզապես հրամաններ կատարող է, գործիք, մանիկեն…
Մեկ է, ով ինչ ուզում է ասի, առանց Հասոյի տխուր էր։ Մարդ չգիտեր ինչպե՞ս մթնեցներ օրը, ի՞նչ խոսեր, ո՞ւմ հետ կիսվեր։ Ոչինչ չէր ստացվում։
Հասոն, իհարկե, մնում էր Հասո, բայց մեկն էլ կար, անունը, ինչքան հիշում եմ Ռուդոլֆ, ոչ մեկին չէր հավատում, ով ինչ ասում էր, մեր էս Ռուդոլֆը կարճ էր կտրում.
-Չե՛մ հավատում…
Ինչ խոսք, նրա հեղինակությունը Հասոյի հեղինակությանը չէր հասնում, բայց այն, որ մարդը կողմնակիցների մի մեծ ջոկատ ուներ, ոչ մեկը կասկածի տակ չէր դնում։ Օրինակի համար, եթե ասում էր՝ չեմ հավատում, ուրեմն մի բան գիտեր, ուրեմն, նույնիսկ էդ Հասոյի ինֆոն սուտ էր, իրականությունից հազարավոր կիլոմետրեր հեռու։
Հետաքրքիրը, սակայն, այն էր, որ ո՛չ Հասոն էր Ռուդոլֆին խանգարում, ո՛չ էլ՝ Ռուդոլֆը Հասոյին։ Յուրաքանչյուրն ուներ իր գործունեության տարածքը և այնտեղից դուրս գալու ցանկություն բացարձակապես չուներ։ Ընդամենը մի անգամ Հասոն Ռուդոլֆի ներկայությամբ համարձակվեց մատուցել իր հերթական գուշակության զարմանահրաշ արդյունքները, և ընդամենը մի անգամ մեր էս Ռուդոլֆը քաջություն ունեցավ հավաքվածների ներկայությամբ, էլի կարճ կտրել՝ չեմ հավատում… Ասում են հենց այդ անմեղ միջադեպից հետո ո՛չ Հասոյին տեսան քաղաքում, ո՛չ էլ՝ Ռուդոլֆին։
Իհարկե, մի քանի շաբաթ մարդիկ դեռ շարունակում էին խոսել նրանց մասին, բայց հասկացան նաև, որ խոսելով ոչինչ չես փոխի, որ բնակավայրին նոր Հասո է պետք ու նոր Ռուդոլֆ, հասկացան ու սկսեցին որոնողական աշխատանքները…

Հետգրություն. Ինչ մնում է ինձ, ես մինչև հիմա չեմ կարողանում կողմնորոշվել՝ խուճապ ասվածը նրանց ներկայությունի՞ց է, թե՞ բացակայությունից…

Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ