ՇՈՒՇԻՆ ԵՎ ԻՄ ԿԱՑԻՆ ԱԽՊԵՐԸ
Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ
…Քաղա՜քս…
…Կարծում եմ, կհասկանաք, եթե գիրս այսօր մի քիչ զգացմունքային լինի, մի քիչ, ո՞նց ասեմ, մի քիչ պոետիկ, եթե, իհարկե, ինչ-որ բան ստացվի, ուզում եմ ասել՝ օրինակի համար, հաջողվի մտնել քաղաք, հորս հետ, եղբորս հետ, պապիս հետ, պարտադիր՝ թիվանգով, դանակով… ցաքհատով… բա ո՛նց… ախպերս… Քաղաքս այլ կերպ ինձ ընդունողը չէ… միշտ էլ այդպես է եղել, ոչինչ չի փոխվել՝ ո՛չ թուրքը, ո՛չ էլ, բնականաբար, հայը… դեմ-դիմաց։ Նա՝ ինձ սպանելու վայրենի ցանկությամբ, ես՝ հրացանս կրակելու պատրաստ պահած։ Այլընտրանք չկա, բացառվում է։
Վերջակետ չունեցող մենամարտ… հաճախ առանց մարտավկաների ու կանոնների…
…Երբ հայրս թիվանգով մտավ թուրքի տուն, գառին կլանչեց… Իսկ տղամարդիկ ծնկի եկան հորս առաջ՝ կուրբան օլում (մատաղ լինեմ)… գիտե՞ք ինչու, որովհետև դրանց 20 տարեկան լակոտն օրը ցերեկով ուշունց էր տվել բակում իր համար հանգիստ խաղացող, միամիտ, ընդամենը տասը տարեկան Նորեկին… Եվ ուստա Աբոն հենց օրը ցերեկով էլ գրոհել է թուրքի տունը… բա ո՜նց, ախպերս, կոմունիստական Շուշիում, 60-ականներին… ու հասկացրել է` ով ով է, չէ, պարզ ներկայացրել է խաղի կանոնները… ամբողջությամբ, ընդամենը որսորդականի մի կրակոցով… իհարկե, ուշունցախառը.
-Ես ձե՛ր…
Այո, այո, ընդամենը որսորդականի մեկ կրակոցով ուստա Աբոն թուրքին հասկացրել ու համոզել է նաև, որ դա իր քաղաքն է, իր բակը, իր փողոցը, և ինքը զիջելու բան չունի, ոչ էլ՝ մտադրություն։ Ինչքան հիշում եմ, այդ դեպքից հետո հայրս ինձ ու եղբորս, քաղաքից ներքև՝ Հունոտի կիրճում, կրակել էր սովորեցնում, այն էլ՝ մեր հրացաններով… ինչ-որ անհասկանալի նկարներ էր կպցնում ծառերին ու հրամայում՝ կրա՛կ, և մենք էլ համարյա անվրեպ կրակում էինք… ինչ մնում էր ուշունցին, դա համարում էր միայն ու միայն իր գործը, և ասում էր՝ դեռ փոքր եք, ձեզ չի կարելի… կրակելը սովորեք, նոր…
Իսկ Շուշին շա՜տ գեղեցիկ էր, գունավոր, ցուրտ ու տաք, վտանգավոր ու չմշակված… դատարկ տուն չկար։ Բոլորն իրար ճանաչում էին և, օրինակի համար, գիտեին՝ ով ինչ զենք ուներ և քանի աքլոր։ Թուրքերն էլ մուսուլման էին, ո՛չ ադրբեջանցի, ո՛չ էլ՝ թուրք, ուղղակի՝ մուսուլման։ Թուրք կոչելը պատերազմ հայտարարելու նման մի բան էր, չգիտես ինչու, վիրավորական։ Բայց մենք նրանց երբեք մուսուլման չկոչեցինք, միայն ու միայն՝ թուրք, և՝ վերջ։
Քաղաքը գեղեցկանում էր հատկապես ամռանը, երբ փողոցներն ու միակ զբոսայգին լցվում էին ոսկեմազ, կապուտաչ ու ճերմակամաշկ գեղեցկուհիներով, ովքեր Շուշի էին ժամանում սովետերկրի մեծ ու փոքր բնակավայրերից… Ասեմ, կզարմանաք, մազերս մինչև հիմա զգում են նրանց մատների քնքուշ տաքությունը… Բայց չեմ կարող չխոստովանել, որ քաղաքի հայ ու մուսուլման կանայք ամառային այդ ամիսները համարում էին դժոխային, անեծք, փորձության շրջան։ Եվ, թաքցնելու բան չկա, քչերն էին դիմանում… քչերն էին ողջ և առողջ դիմավորում քաշաթուխպի հետ քաղաք մտնող աշունը, երբ փողոցները, կարծես միանգամից, դատարկվում էին… և երբ մութը թանձր նստում էր բակերում ու տների առաջ, լսվում էր մի խուլ, մի վախեցնող ոռնոց… և ոչ մեկը, ոչ մեկը չէր հասկանում` այդ շներն ու բորենինե՞րն էին այդպես ոռնում, թե՞ անտեր մնացած ու հուսահատ մուսուլման որձերը…
Մի բան էլ ասեմ, մենք երբեք մենակ թուրքաբնակ փողոցներով չէինք անցնում։ Եթե անցնում էլ էինք, ապա՝ խմբերով և պարտադիր՝ զինված։ Ես, օրինակ, տասը տարեկանից երբեք առանց դանակի տնից դուրս չեմ եկել, դա էլի հորս հորդոր-պահանջն էր։ Տղամարդն առանց դանակի աղջիկ է։ Հնար լիներ, որսորդականն էլ կվերցնեի, մի տասը-տասնհինգ փամփուշտ էլ հետը։ Եվ մենք միայն այդպես էինք կարողանում մեզ վրա եկող տասնյակ լակոտների առաջն առնել և տուն հասնել համեմատաբար քիչ վերքերով, առանց լուրջ կորուստների։ Մենք ուղղակի փայլուն էինք օգտագործում նաև Շուշիի քարը, ուզում եմ ասել՝ քարկոծությունը հասցրել էինք կատարելության, և մեր նշանառուների փայլուն գործողություններից հետո մարտի դաշտում մնում էին տասնյակ ջարդված սեխաձև գլուխներ։
Հա, իմ քաղաքում հայն ու թուրքը հարևանություն չէին անում։ Իրար առաջ դուռ բացել չկար։ Միայն մի բարև էր` կեղծ, թունոտ։ Փակ էին պատուհանները, վարագույրները՝ թանձր, պարիսպները՝ բարձր։ Մի բան էլ էի նկատել, թեպետ այն տարիներին դեռ ոչինչ չէի հասկանում, մուսուլման երեխաները հաճախ ծնվում էին հիվանդ, խեղանդամ, մտավոր բազում խնդիրներով։ Քիչ չէին նաև դեպքերը, երբ ծնվում էին մահացած։
-Աստծո պատժից չես խուսափի,- տատիս բացատրությունն էր։
-Տահանց մաման հալամ շատա լաց ինական, ես դրա՛նց…,- չասեմ էլ, կիմանաք, որ այդպես միայն հայրս կարող էր արտահայտվել, հասարակությանը, ինչպես միշտ, անկեղծորեն ներկայացնելով իր տեսակետը։
-Խոխան հի՞նչ մեղք օնե,-այսպես, բնականաբար, մտածել կարող էր մայրս, մի քիչ էլ՝ մորաքույրս։ Իսկ վերջակետը դնում էր մեր գրականության ուսուցիչ ընկեր Մարկոսյանը։
-Աստծո գործն անքննելի է…
Եվ մուսուլման երեխաներն այդպես էլ շարունակում էին ծնվել, համարյա ամեն տան դրանից մեկը կար, չորս-հինգ երեխայից մեկն, օրինակի համար, ինչ-որ արատ ուներ։ Մեկը կույր էր, մյուսը՝ կաղ, երրորդը՝ անշարժունակ, չորրորդը` խուլ… համր… Ասում են՝ անեծքը մտել է դրանց տներն ու դուրս գալու մտադրություն չուներ… Անեծքն առանց դադարի անում էր իր գործը, հաստատում իր իշխանությունը…
Իսկ հայ տներում ծնվածները պինդ էին, գեղեցկատես, բարձրահասակ, հաճախ՝ կապուտաչ ու ոսկեմազ։
Վերջում էլի դանակիս մասին: Դա հորս նվերն էր, երբ փոխադրվեցի երրորդ դասարան: Լավն էր, գեղեցիկ, սուր, գրպանում տեղավորվող։ Մայրս, իհարկե, դեմ էր նման նվերների, բայց ես դանակը չվերցնել չէի կարող… Հայրս, իհարկե, բացատրեց, որ դա ռազմական գաղտնիք է, բայց մի քանի օրը հերիք էր, որպեսզի այդ ռազմական գաղտնիքը դառնար իմ ընկերների ու մտերիմների սեփականությունը։ Եվ մենք հպարտ ու ուրախ էինք, որ դպրոց էինք գնում զինված և թուրքական թաղից ոչ մի հարձակում մեզ բացարձակապես չէր վախեցնում։ Իսկ երբ մի անգամ այդ փոքրիկ, ափի մեջ տեղավորվող դանակը կատարեց իր առաքելությունը, մենք մեկ անգամ ևս համոզվեցինք, որ առանց զենքի ապրելն ավելի ու ավելի դժվար է լինելու, չեմ ուզում ասել՝ անհնարին… որ առանց իմ այդ կացին ախպոր, մեր պատրաստած թղթե ծտերը երբեք, երբե՛ք չեն ճախրելու մեր արարած հնամյա քաղաքի վրա…