Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԴՊՐՈՑԸ

Շուշիի իմ դպրոցը աննկարագրելի գեղեցիկ էր, բարձր, կամարազարդ դուռ ու պատուհաններով, ընդարձակ դասասենյակներով, բաց, երկար-երկար պատշգամբով։ Հատակը փայտից էր, առաստաղը՝ նույնպես։ Պատերը՝ հաստ, սրբատաշ քարից։ Նստարաններն ամեն տարի ներկում էին, և ներկը հաճախ չէր հասցնում չորանալ, և երբ մենք սեպտեմբերի մեկին գնում էինք դպրոց, նստարաններին տետրակների գրոտած թերթիկներ էինք շարում ու այդ թերթիկները մինչև տարեվերջ այդպես էլ նստարաններին կպած մնում էին։ Մնում էր նաև հոտը՝ խառնված պատերը սպիտակեցրած կրի հոտին։ Դժվարը ձմռանն էր, երբ ցուրտն անարգել մտնում էր քաղաք։ Մենք դպրոց էինք գնում ոտքով, ընկերներով, հաճախ ո'չ ձմեռային կոշիկներով ու բարակ բաճկոններով։ Մինչև խոնավ փայտը հասցնում էր տաքացնել մեր դասասենյակը, դասերն ավարտվում էին, թեպետ դպրոցի հավաքարարները մեծ պատասխանատվությամբ էին կատարում իրենց գործը՝ դպրոց գալով մեզանից 2-3 ժամ առաջ։ Իսկ վառարանում կրակը թեժացնելը մտնում էր նրանց պարտականությունների մեջ։ Բայց չէինք մրսում, չէինք հիվանդանում։ Ճիշտ է, ուսուցիչներին բոլորին չէ, որ սիրում էինք, բոլորի դասերին չէ, որ հաճույքով էինք հաճախում, բայց աշխատում էինք չարտահայտել մեր այդ տրամադրությունները, ուզում եմ ասել` վատ չէինք սովորում, խոսքն, իհարկե, բոլորի մասին չէ։ Ինչպես բոլոր ժամանակներում ու բոլոր երկրներում, կային և' լավ սովորող աշակերտներ, և' վատ սովորող, և' իրենց մասնագիտությանը փայլուն տիրապետող ուսուցիչներ, և' վատ։ Բայց ուսուցիչը ուսուցիչ էր, աշակերտը՝ աշակերտ։ Եթե ավելի անկեղծ, մենք մեր ուսուցիչներից մի քիչ էլ վախենում էինք։ Իսկ մորս ասելով, օրինակ, դա այնքան էլ վատ չէր։ Մի բան էլ եմ ուզում ասել, բայց ամաչում եմ… Օրինակի համար, մենք համոզված էինք, որ մեր ուսուցիչները հաց չեն ուտում, գիշերները չեն քնում, երեխաներ չունեն, նույնիսկ չգիտեինք նրանք որտեղից էին գալիս դպրոց և ուր էին գնում դասերից հետո…

Չգիտեմ՝ դա լա՞վ էր, թե՞ վատ, դա մեզ խանգարո՞ւմ էր, թե՞ օգնում…

Իմ առաջին ուսուցիչը՜ … ռուսերենի հրաշալի մասնագետը՜… ընդամենը մի քանի օր գրականություն դասավանդած ընկեր Մարկոսյանը… սովետմիության գաղափարի, սկզբունքի ու մշակույթի մեջ մեծացած այդ մարդիկ… մի տեսակ՝ լուսավոր, վերերկրային… Շուշիում… Մենք նրանց միայն դպրոցում էինք տեսնում… Թվում էր, նրանք միայն դպրոցի համար էին… մեզ համար… Հագուկապը՝ խիստ նորաձևությունից հեռու, չնկատվող… ոչ մեկից չտարբերվող… սև… մուգ կապույտ…մոխրագույնի մի քանի երանգ… ուրիշ գույն չի մնացել իմ հիշողության մեջ, որովհետև … ուրիշ գույն չկար…

Եվ ինձ համար ամենևին էլ զարմանալի չէր, որ նրանց մասին բոլորն ընդգծված հարգանքով էին խոսում, հաճախ գեղեցիկ ու անհավատալի պատմություններ հորինում, մեծարում… Զարմանալին այն էր միայն, որ ընդամենը մի քանի տարի դպրոցում կորցրած հայրս էլ էր նրանց մասին պատկառանքով խոսում, ասում էր դասատուները չլինեն, մարդիկ իրար կուտեն…

Սովետմիության փլուզումից դեռ շատ չենք հեռացել, բայց շատ բան է փոխվել դպրոցում, անասելի շատ բան… և' ուսուցիչներն են փոխվել, և' աշակերտները… ուսուցիչն արդեն վերերկրային երևույթ չէ։ Նա և' հաց է ուտում, և' երեխաներ ունի, նրան կարելի է տեսնել փողոցում, խանութում, մեքենա վարելիս… իսկ դպրոցական երեկույթներին նրան կարելի է նաև պարի հրավիրել, նրա հետ վիճել, խնդրել հեռախոսահամարը…

Դա լա՞վ է, թե՞ վատ, դա մեզ խանգարո՞ւմ է, թե՞ օգնում… Էլի չգիտեմ պատասխանը։ Մայրս լիներ, առանց երկմտելու կասեր՝ իհարկե, խանգարում է։ Հայրս էլ կարտահայտվեր ահա այսպես.

-Էդ խոխան հինչա՞ տեռալ, վեր քինի դասատվեն կոխկեն հավասար կանգնե… Տիյք ըրալ է՜, վեր երկիրը քանդվալա…

Մի քանիսն էլ երևի գիտեք ինչ են ասում, ասում են ուրիշ երկրներում այդպես է և դա լավ է։ Ապացույցը՝ նրանց կենցաղը, տունը-տեղը, նրանց քաղաքները, էկո-նո-մի-կա՜ն … հզորությունը…մարդիկ ազատ են, ինչպես ուզում, այնպես էլ ապրում են… ոչ մեկը ոչ մեկին չի մեղադրում, ոչ մեկը ոչ մեկին չի հետաքրքրում…

Բայց լավն այն է, որ այսօր էլ մեր դպրոցում բարձրակարգ մասնագետներ կան և խելոք աշակերտներ, որ դպրոցը փորձում է լսել ժամանակի ձայնը և դուրս չմղվել այդ ժամանակների ավելի ու ավելի արագացող ընթացքից, որ դպրոցը ուզում է վերադարձնել իր երբեմնի շքեղ ու պահանջված տարածքները՝ հաճախ նույնիսկ չտեսնելով ճանապարհին ընկած գոց դռներն ու դարպասները բացելու եզակի բանալին…

Իսկ պետական այրերն ահազանգում են՝ առանց դպրոցի գնալու տեղ չունենք… միակ ճանապարհը ռեֆորմների ճանապարհն է… Երկիրը կերտվում է դպրոցում… Երկրի վաղվա տիրոջ միտքն ու հայացքը ձև ու բովանդակություն է ստանում այնտեղ… Ուշանալը դավաճանություն է… իհարկե, եթե արդեն չենք ուշացել…

Եվ՝ ի՞նչ անել… ավելի ճիշտ` ինչի՞ց սկսել… ո՞վ է ամենախիզախը, չէ՝ ամենահամարձակը, իսկ գուցե՝ ամենաիրատեսը… կա՞ այդպիսի մեկը։

Խոստովանեմ, ես ի վիճակի չեմ լուծումներ առաջարկել, բայց գիտեմ, որ ամենակարևորը գեղեցիկ շենքերը չեն, ոչ էլ՝ գունազարդ դասագրքերը, կամ՝ ժամանակակից համակարգիչները, գնահատման ձևն ու չափանիշները… Անգամ ուսուցիչ-աշակերտ հարաբերությունը կարող է լինել երկրորդական…Ինչքան մտածում եմ, ամենաբարդ ու նուրբ գործը մարդուն կատարածին համապատասխան վարձատրելն է, կներեք, ստեղծված անտրամաբանական անհավասարաչափության հերն անիծելը։ Զարմանալի բան ասեմ՝ մտածե՞լ եք, որ երկրում պարապությունը գին ունի, այն էլ` բավականին բարձր, շատ ավելի բարձր… քան, օրինակի համար… ավելի լավ է չշարունակեմ… Ուրիշների գրպանը մտնելն այնքան էլ բարոյական չէ…

Ուղղակի ճապոնացիներին հիշեցի։ Գիտե՞ք ինչ են պատասխանել, երբ փորձել են նրանցից ինչ-որ բան իմանալ երկրի հզորության առեղծվածի մասին, ասել են՝ մենք ուսուցիչների համար սահմանել ենք նախարարի աշխատավարձ, դիվանագետի անձեռնմխելիություն և կայսրին վայել մեծարանք։

Ես ավելացնելու բան չունեմ, եթե դուք ունեք, առաջարկեք…

 Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ