[ARM]     [RUS]     [ENG]

ԳՆԱՑՔՆԵՐԸ ՎԱՂՈՒՑ ՄԵԿՆԵԼ ԵՆ…

Ինչ­պե՞ս ենք ապ­րե­լու։ Չէ, սա հարց չէ։ Եվ պա­տաս­խա­նելն էլ ա­նի­մաստ է։ Ուղ­ղա­կի խոր­հե­լու խն­դիր կա, նույ­նիսկ` մինչև գլու­խը բար­ձին դնե­լը։ Կա­րող ենք ու­շա­նալ:
Ժա­մա­նակ կոչ­վա­ծը դառ­նում է ա­վե­լի ու ա­վե­լի ան­կա­ռա­վա­րե­լի։ Իսկ գնացք­նե­րը վա­ղուց մեկ­նել են, և կա­յա­րան­նե­րում էլ մարդ չկա։ Ոչ մե­կը չգի­տի՝ որն է հա­ջորդ կա­յա­րա­նը։
Գու­ցե ար­դեն ու­շա­ցե՞լ ենք և, պատ­կե­րաց­նո՞ւմ եք, էլ ան­հան­գս­տա­նա­լու կա­րիք չկա։ Միայն մենք ենք և մեր դա­տարկ կի­սա­կա­յա­րա­նը։ Ժա­մա­նա­կից ու մո­լո­րա­կից դուրս։ Չա­սեք սա մեր ժա­մա­նա­կը չէ, մենք սրա հետ ա­նե­լիք չու­նենք։ Եվ մեր ժա­մա­նա­կը դեռ գա­լու է: Շող­շո­ղուն, խա­ղաղ, շքե­ղա­հան­դերձ։ Բայց՝ որ­տե­ղի՞ց։ Պա­տաս­խան չկա ու չկա։ Հե­քիա՞թ է։ Իսկ ես եր­բեք հե­քիաթ չեմ ըն­թեր­ցել…ոչ էլ կա­րո­ղա­ցել եմ լսել։ Չէի հաս­կա­նում՝ ինչ է նշա­նա­կում. լի­նում է, չի լի­նում…հա, մեկ էլ չէի հա­վա­տում, որ եր­կն­քից կա­րող են խն­ձոր­ներ ընկ­նել…թվում էր, ինձ խա­բում են, օ­րո­րում բա­րու հաղ­թա­նա­կի ան­հա­վա­տա­լի պատ­մու­թյուն­նե­րով…տա­նում ու­րիշ եր­կր­ներ ու բնա­կա­վայ­րեր…Իսկ ես չէի գնում…ես վա­խե­նում էի կորց­նել ի­մը…
Հի­մա ա­մեն բան հե­քիա­թից դուրս է, գե­րի­րա­կան, ա­ռանց սիմ­վոլ­նե­րի…և բա­րին էլ ա­ռաջ­նորդ չէ…ու­զում եմ ա­սել՝ բա­րին ի­րա­կա­նու­թյա­նը չի դի­մա­նում, բա­րին ա­նընդ­հատ պարտ­վում է, ծն­կի է գա­լիս, նույ­նիսկ՝ մե­ղան­չում…Բա­րին տեղ չու­նի այս հս­կա­յա­կան թվա­ցող աշ­խար­հում, բա­րին, ա­սե՞մ, թե՞ չա­սեմ, ա­սեմ՝ բա­րին ծի­ծա­ղե­լի է, ան­մար­մին, վե­րա­ցա­կան…հո­րին­վածք…սուտ…ու­տե­լիք` չա­րի հա­մար…իր խար­խուլ կա­ցա­րա­նով, իր տն­կած ծա­ռե­րով, իր` եր­բեք չկ­րա­կած հրա­ցա­նով, չս­րած դա­նա­կով…իր մա­տյան­նե­րով…տիե­զե­րան­վաճ մտ­քով…իր հե­քիա­թա­սաց նախ­նի­նե­րով ու հե­քիա­թա­սաց սե­րունդ­նե­րով…
Շե­ղում չկա…գո­նե մե­կը…չէ՛…գե­նե­տիկ հա­վա­սա­րակշ­ռու­թյուն է…ան­խախտ…ա­նե­րեր…գաղտ­նա­գի­րը` դա­րե­րի հե­ռու­նե­րում…
Մինչև ե՞րբ։ Սա էլ հարց չէ։ Մտա­ծում եմ և…վա­խե­նում…Այդ ՙերբ՚-ը ան­սահ­մա­նու­թյուն է։ Ոչ մի տեղ, ոչ մի բա­նի հետ չհատ­վող, ան­սեռ…չբեր…
Մա­տյան­ներ ենք գրել՝ հրա­շա­լի է, ե­կե­ղե­ցի ենք կա­ռու­ցել՝ աստ­վա­ծա­հա­ճո է, քա­ղաք­ներ ու գյու­ղեր շի­նել՝ գե­րա­զանց է, ա­րա­րել ենք…ամ­րոց­ներ…պա­լատ­ներ…տա­ճար ու բերդ…Քա­ղա­քակր­թու­թյու՛ն… ինչ­քան էլ փորփ­րեն խոր­քը, մեզ այն­տեղ տես­նե­լու են…մենք միշտ կանք, հաղ­թած էլ, պարտ­ված էլ, հու­սա­հատ էլ, ոգևոր­ված էլ…գայ­թած էլ, բար­ձուն­քը հաղ­թա­հա­րե­լիս…բայց, նկա­տե՞լ եք, բո­լո­րը մեզ­նից ա­ռաջ են ան­ցել, նույ­նիսկ մեզ­նից հա­զար տա­րի հե­տո ծն­ված­նե­րը, մի ժա­մա­նակ աշ­խար­հից ո­չինչ չհաս­կա­ցող­նե­րը, վայ­րի ու ան­կիրթ ցե­ղախմ­բե­րը… Իսկ մենք վերց­րել ու խռո­վել ենք բո­լո­րից, թվում է, նաև` Աստ­ծուց…
Ագ­ռա­վա­քա­րի ա­ռաջ հեր­թեր են…
Հե­քիաթն ու ի­րա­կա­նու­թյու­նը…բա­րին ու չա­րը…ան­զենն ու զի­նյա­լը…փոր­ձեք ձեր փոք­րիկ­նե­րին եր­կն­քից ընկ­նող խն­ձոր­ներ մա­տու­ցել…Ա­ռանց եր­կար-բա­րակ մտա­ծե­լու, ա­ռանց եր­կն­քին նա­յե­լու կա­սեն` սուտ է ու կծի­ծա­ղեն…կա­սեն` չի կա­րե­լի ե­րե­խա­նե­րին խա­բել…
…Ի՞նչ ենք ա­նե­լու…Չեմ հարց­նում։ Ինքս ինձ հետ զրույց եմ ա­նում, ինքս ինձ մե­ղադ­րում եմ, իբր բան եմ ա­սում, իբր ու­զում եմ դար­պա­սի ա­ռաջ ըն­կած ան­տեր, ջարդ­ված սայ­լը վեր­ջա­պես տե­ղից գո­նե մի քիչ շար­ժել, օ­րի­նա­կի հա­մար, տա­նել, գցել ձո­րը…ա­զատ­վել դրա սպա­նող, պար­տադ­րող ծանր ներ­կա­յու­թյու­նից…Իբր փոր­ձում եմ աշ­խար­հի ըն­թաց­քը փո­խել, հա­մո­զել, որ սուտ է, երբ ա­սում են՝ աշ­խարհն այս­պես ե­ղել է, այս­պես էլ լի­նե­լու է…Իբր ցան­կա­նում եմ բա­ցատ­րել, որ մեր չա­րա­ծի կող­քին ա­րածն էլ քիչ չէ, և այդ ա­րա­ծը ժխ­տե­լը, մեղմ ա­սած, այն­քան էլ օգ­տա­կար չէ…բայց ա­վե­լի շատ ինձ հա­մա՞ր եմ ա­րել, թե՞ …Անձ­նա­կա՞ն, թե՞ ա­նանձ­նա­կան… Ա­նընդ­հատ կորց­նե­լու ցա­վը մեզ լքե­լու մտադ­րու­թյուն չու­նի՞…
Մեր տե­սո­ղու­թյու­նը, կար­ծես, վա­տա­ցել է, լսո­ղու­թյունն էլ։ Չենք զգում քա­մին, ցուր­տը, անձրևը, ձյու­նը… շո­գը…աշ­խար­հը…Ան­մեղ մե­կը չկա։ Իշ­խա­նա­վո­րը դժ­գոհ է ժո­ղովր­դից, ժո­ղո­վուր­դը՝ իշ­խա­նա­վո­րից։ Ոչ մի ճիշտ քայլ, ոչ մի տե­ղին ո­րո­շում, ոչ մի լավ բան։ Ար­ժա­նի մե­կը չկա։ Ոչ ՝ նոր, ոչ՝ հին։ Դա­տար­կու­թյո՞ւն…
Չա­սե՞մ ճիշտ չեք, եղ­բայր, չա­սե՞մ ա­ռաջ­նոր­դը հենց քո կող­քին է, ուղ­ղա­կի դու չես տես­նում նրան, չես տես­նում, ո­րով­հետև քեզ­նից հե­ռա­ցել է տես­նե­լու ցան­կու­թյու­նը, ո­րով­հետև բո­լո­րը նա­խա­գահ են, նա­խա­րար, պատ­գա­մա­վոր, ո­րով­հետև ե­թե դու լի­նեիր, պա­տե­րազ­մում չէինք պարտ­վի, այս­պես չէինք ա­վե­րի մեր կա­ռու­ցա­ծը, այս­պես չէինք չա­րա­նա, այս­պի­սի գու­նա­բա­ժա­նում չէինք ա­նի…ո­րով­հետև ե­թե դու լի­նեիր, ար­դա­րու­թյու­նը չէր լքի եր­կի­րը, օ­րեն­քը չէր ոտ­նա­հար­վի, ա­մեն մե­կը կզ­բաղ­վեր իր գոր­ծով, չէր լի­նի նոր Հա­յաս­տան, հին Հա­յաս­տան, նո­րա­գույն Հա­յաս­տան, կլի­ներ, ըն­դա­մե­նը, պատ­կե­րաց­նո՞ւմ եք, մե­կը, Հա­յաս­տան և՝ վերջ։ Ո­րով­հետև, ե­թե դու լի­նեիր, թուրքն այս­պես չէր աք­լո­րա­նա, այս­քան դա­վա­ճան չէինք ու­նե­նա, այս­քան ա­նի­մաստ չէինք խո­սի, բո­լո­րին այս­պես չէինք պա­խա­րա­կի և կհետևեինք մեր ա­մեն բա­ռին ու ար­տա­հայ­տու­թյա­նը…
Չա­սե՞մ…բերքն ա­ռատ է, մշա­կը՝ սա­կավ…
Հի­մա դե­պի ո՞ւր …ա­ռա՞ջ, թե՞…
Գո­նե մե­կին կա­րե­լի՞ է հա­վա­տալ…ըն­դա­մե­նը մե­կին…ու այդ մե­կի մա­սին չխո­սել, կեն­սագ­րու­թյան խոր­քե­րը չփորփ­րել, ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րին հան­գիստ թող­նել, ար­տա­սահ­ման­նե­րում հետ­քեր չփնտ­րել, ուղ­ղա­կի հա­վա­տալ ու կանգ­նել կող­քին…հա­վա­տալ ու գոր­ծի անց­նել…
Ի­մը, օ­րի­նա­կի հա­մար, գրիչ բա­նեց­նելն է, և ես դրա­նից հրա­ժար­վո­ղը չեմ։ Ես, ինչ­քան գի­տեմ, ա­մե­նա­լա­վը, հենց այդ գործն եմ ա­նում, ու­զում եմ ա­սել, չեմ կեղ­ծում, սուտ բա­ներ չեմ ա­սում, լսածս պար­տա­դիր ստու­գում եմ աչ­քե­րով և ինձ եր­բեք, եր­բեք չեմ հա­մա­րել ու չեմ հա­մա­րի 3 մի­լիոն վար­չա­պե­տե­րից մե­կը…

Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ