ՀԱՅՐԵՆԻՔԸ ՀԵՌՎԻՑ ՍԻՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ
Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Որ ասեմ զարմացած եմ, չէ։ Ոչ մի նորություն։ Հին, անկանգ ընթացք է։ Կարելի է նաև համարձակվել ասել՝ գենետիկ խաբկանք։ Անընդհատ հեռանում ենք։ Բոլոր ժամանակներում, անգամ ուրիշ երկրներից։ Միշտ շարժման մեջ ենք, երկրից երկիր, քաղաքից քաղաք տանող ճանապարհներին։ Վտանգի դեմն առնելու միակ ձևը այդ վտանգից խուսափելն է, նրանից արագորեն հեռանալը, չեմ ուզում ասել՝ փախուստը։ Դիմադրելը իմաստ չունի։ Ինչո՞ւ։ Մարդ մի անգամ է ապրում։ Աշխարհն էլ՝ մե՜ծ, անծայրածի՜ր։ Ընտրելու իրավունքը՝ քո սեփականությունը։ Թափառիր, ինչքան ուզում ես։ Այսօր` այստեղ, վաղը՝ մի ուրիշ տեղ, հետո՝ ավելի ու ավելի հեռու, և` ինչքան հեռու, այնքան` լավ։ Կարծում եմ` հասկանում ես ինչ եմ ասում։ Մնաս, որ ի՞նչ։ Եթե որոշել ես, ինչ էլ անեմ, ինչքան էլ փորձեմ համոզել, գնացողն ես։ Եվ, պատկերացնո՞ւմ ես, իրավունք էլ չունեմ մեղադրել։ Այդպես ես որոշել օգտվել քո ազատությունից, այդպես ես ուզում ապրել, չեմ խանգարի։ Պարտադրել ի՞նչ և ինչո՞ւ։ Միշտ էլ գնացողը գնացել է, մնացողը՝ մնացել ու պահել ունեցած-չունեցածը, իրեն կտակվածը։ Տունը, այգին, բակն ու փողոցը, եկեղեցին ու տառը, Երկիրը… ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ։ Հաճախ՝ անխոս, անտրտունջ, մենակ։
Եվ միշտ էլ մեր` այս անընդհատ փոքրացող երկրում բերքը եղել է առատ, մշակը` պակաս…
Զարմանալի բան է, օտարի համար, երևի, տարօրինակ, մենք միշտ հպարտացել ենք մեր խաղաղասիրությամբ, ուրիշի տարածքը նվաճելու ցանկության բացակայությամբ, անընդհատ կառուցելու մեր շնորհներով, ավերվածն արագորեն վերականգնելու մեր կարողությամբ։ Իմ ֆրոնտավիկ հարևանի` Պետրոսյան Անդոնի ասածը հիշեցի։ Ասում էր՝ մի անգամ չտեսա-չլսեցի, որ մենք էլ մեր ստեղծած զենքը փառաբանենք, մեր նվաճածից խոսենք-հպարտանանք, ամբողջ երկիրը լցրել ենք եկեղեցիներով ու խաչքարերով… չէ, չեմ ասում, եկեղեցին չլինի, մեզ եկեղեցի էլ է պետք, խաչքար էլ…բայց միշտ էլ մոռացել ենք զենքը, բանակը…Խնդրում եմ պատասխանեք, մենք այդ ինչո՞վ պիտի պահեինք մեր այդ եկեղեցին, այդ խաչքարերը, մեր տները… մեր դղյակները… Չէ, մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, ախպեր ջան, մերը խաղաղությունն է… Ծիծաղելի է, առանց զենքի էդ խաղաղությունը ո՞նց կլինի…
Այո, միշտ չէ, որ կռիվ ենք տվել, որ պահել ենք մեր ունեցածը, մեր տեղը, մեզ շնորհվածը…Խաղաղության մասին պատմվող հեքիաթը միշտ էլ խանգարել է մեզ։ Մեր միտքը ծաղկել է օտար երկրներում, մենք հաճախ խիզախել ենք երկրից դուրս, ուրիշի բանակներում։ Եվ գովերգել ենք մեր այդ ցեղակիցներին, մեծարել, հյուսել լեգենդներ, դարձրել ավելի մերը, ավելի հայ… Իսկ հայրենիքը շարունակել է կորցնել իր ծովերը, լճերը, գետերը, դաշտերն ու այգիները, եկեղեցիներն ու խաչքարերը, հայրենիքը շարունակել է փոքրանալ, տեղավորվել դասագրքերում, մեր բանաստեղծությունների մեջ, տոն օրերի մեր ելույթներում ու ճառերում… գրող ընկերներիցս մեկի ասած՝ ինքնաթիռի թևերի տակ չտեղավորվող…
Հարցրե՞լ եք՝ ինչո՞ւ… երևի։ Հնարավոր է գտել եք նաև պատասխանը, բայց չեք բարձրաձայնել։ Բացատրության կարիք չկա։ Արժանապատվության հարց է։
Զենքը՛… որտե՞ղ էր մեր զենքը… Ինչո՞ւ մեզ վրա եկողներն ունեին, մենք՝ չէ… Լավ է չքննարկենք, էլի իրար չմեղադրենք։ Երկիրը չբաժանենք հնի ու նորի։ Հետո էլ մեկ ուրիշը կփորձի բերել իր Հայաստանը` նորագույնը…Այսպես չի ստացվի, եղբայր, այսպես երբեք տեղ չենք հասնի։ Չեմ ուզում ասել՝ կկորցնենք ամեն ինչ։ Բայց հեռացողներից խոսենք։ Այստեղ երևի չեն դիմանում։ Ուզում են ավելի լավ ապրել, ավելի առատ սեղան ունենալ, թանկարժեք ավտոմոբիլ, երեխաների համար՝ ժամանակակից դպրոց… Ինչքան պատերազմից հեռու, այնքան` լավ, այնքան` ապահով… Պատերազմի այդ անընդհատ ներկայությունը չլիներ, էլի կարելի էր հարմարվել, ստեղծել ու մնալ։ Թող մի քիչ պակաս, բայց` անվտանգ, ապահով, խաղաղ… Որ ասենք չեն սիրում այս երկիրը, սուտ կլինի, գժվում էլ են, պատերազմներով անցնողներ էլ կան, սպիներով, կորցրած ոտքով ու ձեռքով, մեդալն ու շքանշանը՝ կրծքին կամ ճամպրուկի մի անկյունում պինդ պահած։
Գնում են։ Ինձ իրավունք չեմ վերապահում բացատրություն պահանջել։ Ուղղակի՝ բարի ճանապարհ։ Կարևորը էդ մի ուրիշ երկրում էլ պատերազմ չլինի, ուզում եմ ասել՝ պատերազմը չտանեն-հասցնեն իրենց ընտրած երկիրը, այնտեղից էլ՝ մի ուրիշ երկիր, հետո էլ… Ինչ ասեմ, դժվար է, համարյա՝ առեղծված… Մինչև պատերազմն էլ են գնացել, մինչև այդ պատերազմն էլ… Էլի չեմ մեղադրում… ոչ մեկին… Լավ բան չեն անում, բայց մենք ուր գնում ենք, մեր պատերազմը մեր ետևից գալիս, ամեն տեղ գտնում է մեզ… Էդ սրիկան առանց մեզ, երևում է, գոյություն չունի։ Ուղղակի խեղճ ու կրակի մեկն է, անուժ, անբովանդակ։ Կնշանակի դրանից փախչելն անիմաստ է, ժամանակի վատնում, ինքնախաբեություն…Չասեմ՝ ինքնասպանության նման մի բան։ Բայց, կարծես, էլի շեղվեցի ու մոռացա հեռացողներին։ Թաքցնելու, կեղծելու բան չկա, ես նրանց հաջողություն եմ մաղթում, հանգիստ, խաղաղ կյանք, լավ քաղաքացի դառնալն էլ պարտադիր է, մի բան, որը մեզ հաջողվում է ուրիշի երկրում։ Թող վայելեն ու չզղջան երկրից հեռանալու համար։ Կարոտը չփոխվի կարոտախտի ու չարչարի օր ու գիշեր…Բայց մի խնդրանք ունեմ, փոքրիկ մի խնդրանք. ձեր այդ հեռուներից մեզ մի սովորեցրեք ինչպես ապրել, ինչպես սիրել հայրենիքը, ինչպես չսիրել։ Չգիտեմ, գո՞ւցե այդտեղից ամեն ինչ ավելի լավ է երևում, ավելի պարզ ու հասկանալի, գո՞ւցե մենք ոչինչ էլ չենք հասկանում, կորցրել ենք մեր բանականությունն ու դիմադրողականությունը և երբեք էլ չենք իմացել ի՞նչ է կամ ո՞վ է ԵՐԿԻՐԸ…Գո՞ւցե մեղավոր ենք, որ այստեղ ենք, որ ամեն օր կռիվ ենք տալիս ցավի, անորոշության, տագնապի ու վտանգի դեմ, որ սովորել ենք լռել, հաղթահարել, հավատալ… որ, ո՞նց ասեմ, որ չենք մոռացել մեր նախնիների շիրմաքարերի մոտ տանող ճանապարհը, որ ուզում ենք ապրել…
Բան չունեմ ասելու, առանց ձեզ դժվար է, ծանր, բայց… երևի գուշակում եք, ինչ եմ ուզում ասել, մենք ոչ թե ինչի, այլ ում կարիքն ունենք… Չէ, չեմ ասում, որ պարտավոր եք վերադառնալ, որ մի օր վերադառնալու եք, որ այդտեղ չեք կարող երկար դիմանալ, ուղղակի ուզում եմ իմանաք, որ երբ էլ վերադառնաք, ոչ մեկը չի զարմանալու։