ՈՒՄԻ՞Ց ԵՆՔ ՊԱԿԱՍ
Նկատե՞լ եք՝ էս երկրի բնակիչների ամենասիրելի թեման «վերևում» տեղի ունեցող ամենաչնչին, կարելի է նույնիսկ ասել՝ աննկատելի փոփոխություններն են։ Բայց, կարծես, ճիշտ չձևավորեցի միտքս։ Ուզում եմ ասել՝ մի նախարարի փոխարինելը մեկ ուրիշով, նոր վարչության կամ բաժնի ստեղծումը, կամ՝ նոր օգնականների հայտնվելը, և այլն, և այլն, և այլն։ Եվ հետաքրքիրն այն է, որ հաճախ շուկայում կամ դուքաններում սկիզբ առած խոսակցությունները համապատասխանում են իրականությանը, ավելի ճիշտ կլիներ ասել՝ իրականություն են դառնում։ ԱյսինքնՍ, ժողովուրդը կարգին էլ տեղյակ է, թե, օրինակի համար, ինչ է տեղի ունենալու վաղը, մյուս օրը, նույնիսկ՝ ամիսներ անց։ Էն, որ ասում են դեմոկրատիա, դեմոկրատիան հենց դա է, ախպերս, ես դեմոկրատիայի ավելի կատարյալ ձև, ճիշտն ասած, չգիտեմ։ Ժողովուրդը որոշումը կայացնում է, հետո տեղի է ունենում նշանակումը։ Ինչպես ասում են՝ բարով-խերով, կամ՝ բարի վայելում… Ժողովուրդն ընտրել է՝ ինչ ուզես, կարող ես անել։
Գոնե մի անգամ տեսե՞լ եք ինչպես են քննարկում, ինչպիսի՜ ոգևորությամբ, կարծիքների ի՜նչ բազմազանությամբ։ Եվ ամենևին էլ մտահուզիչ չէ, որ նման քննարկումները մեկ-մեկ ավարտվում են ձեռնամարտի, չէ, արևելյան մարտարվեստի հնարքների գեղեցիկ ցուցադրությամբ։ Մեկի համար նախկինն ավելի գրագետ է, ավելի ազնիվ ու հայրենասեր, մյուսը նախապատվությունը տալիս է ընդամենը մի քանի ժամ հետո նախարարի գայթակղիչ աթոռը զբաղեցնողին, բնականաբար, մանրամասն ներկայացնելով նրա առավելությունները, ժամանակակից կարողություններն ու բոլոր բարեմասնությունները։ Կողմերից մեկը վստահ է, որ, եթե երկրում ինչ-որ բան փոխվի, կփոխվի միայն ու միայն երիտուժի շնորհիվ, մյուսը՝ չէ, առանց փորձառու, ճանապարհ անցածների ոչինչ էլ հնարավոր չէ։ ԱյսինքնՍ, արագորեն ու ամբողջությամբ փոխվում է վեճի ու կարծիքների փոխանակման ձևաչափը։
Դիտորդներն էլ, առանց երկմտելու, վկայում են, որ նման քննարկումները հետաքրքիր են դարձնում մեր կենցաղը, մեզ հանում են ձանձրույթի ու անորոշության ոստայնից, օգնում ճիշտ որոշումներ կայացնելու գործում, փրկում սխալվելուց։ Եվ ոչինչ, որ այդ փոփոխությունները ոչինչ էլ չեն փոխում մեր կյանքում, որ նախկինն ու նորը հաճախ իրարից չեն տարբերվում, որ լինում են նաև անցածը երանությամբ հիշողներ, որ նորընտիրը պատերազմն ու խաղաղությունը չի տարբերում իրարից, որ այդ նորընտիրը չի պատկերացնում` որտեղից է սկիզբ առնում և որտեղ է կանգ առնում Երկրի սահմանը… որ այդ Երկիրը գրկելու, փայփայելու, ամեն վայրկյան պաշտպանելու երկիր է… և ինքն էլ զինվոր է…
Բան չունեմ ասելու, հնարավոր է կառուցողական մոտեցում է ամեն փոփոխություն, ժամանակի հետ քայլելու կարողություն-ցանկություն, օրինակի համար՝ ապագան տեսնելու ձգտում։ Մի՞թե ընդունելի չէ և արժանի չէ ծափահարության։ Հատկապես, երբ անթիվ ու անհաշիվ են հավակնորդները։ Բոլորը պատրաստի նախարար են, վարչության պետ, տնօրեն, վարչապետ, նախագահ էլ… Եվ դրա լավն այն է, որ երկար փնտրելու խնդիր չկա, աչքերդ փակ կարող ես ամեն ինչ կարգավորել, ընտրել, տեղափոխել, տեղավորել, բոլորին հնարավորություն տալ փորձել, ստուգել սեփական ուժերը, ներկայանալ, վայելել… Դպրոց ասվածը հենց դա է… ШКОЛА… բա՜
Եվ, ամենակարևորը՝ հետո էլ տարբեր երկրներ ուղարկել կազմ ու պատրաստ, համապատասխան փորձաշրջան անցած բարձրորակ կադրեր։ Մի՞թե նկատելի չէ։ Իհարկե, նկատելի է։ Մի քանի տարվա ընթացքում երկիրը լցրել ենք հազարավոր բանասերներով, լրագրողներով, պատմաբաններով ու մանկավարժներով, տնտեսագետներով ու իրավաբաններով, բայց, պարզվում է, կրթությունը բարեփոխումների կարիք ունի, լրատվական դաշտը՝ գոնե մաքուր, ազնիվ հայերենի, տնտեսությունը՝ տեղից շարժվելու… գիտությունը՝ գիտնականի… ավելի լավ է չշարունակեմ… մի տեսակ տխուր, վախեցնող պատկեր է ստացվում… Բայց չեմ կարող չասել, որ հող մշակող էլ չկա… ծառ տնկող… եղած բերքը՝ հավաքող… որ աշխատասենյակներում իշխողը պարապությունն է… Աշխատող մեկին գտնելը ամենադժվար գործն է մեր կողմերում, ամենաբարդ առաջադրանքը… Այդ ո՞վ է տեսել, որ դիպլոմի համար 4-5 տարի տղամարդավարի կռիվ տված մարդը գա քեզ համար հասարակ բանվորություն անի… անի, որ ի՞նչ… մարդիկ ի՞նչ կասեն… արժանապատվություն կա, բան կա… Էլ հեղինակությունից չեմ խոսում… ուղղակի ամոթ է, չի կարելի… բանվորությո՜ւն, չէ մի՜…
Բայց ամբողջ օրը բակում իր նման մի քանիսի հետ նստել, օրինակի համար, կարելի է, նույնիսկ՝ պարտադիր։ Մարդիկ հազար ու մի հարց ունեն, գալիս ինչ-որ բան են սովորում, լուսավորվում ու գոնե պարզում, թե, օրինակի համար, ինչ է լինելու մեր այս անհասկանալի աշխարհի վերջը։ Եթե ուզում եք ճիշտն իմանալ, նման քարոզչության համար այդ մարդկանց պետք է վարձատրել, հատուկ տաղավար կամ գրասենյակ հատկացնել պետական քաղաքականությունը ճիշտ ճանապարհով ու նրբանցքներով տանելու համար։ Եվ ամենաընդունելին՝ հասարակությանը, ուզում եմ ասել, եղած մի քանի բանվորից բաղկացած դասակարգը և գյուղացիությունը, նաև՝ մտավորականությունը նրանց հավատում է և ողջունում, նույնիսկ զարմանում, որ այդ նվիրյալները ոչ մի պաշտոն չեն զբաղեցնում, այսինքնՍ, ինչ անում են, անում են հասարակական կարգով, անշահախնդիր ու ազնիվ։ Մի խոսքով՝ կեցցե՜ն։ Երկիրը հենց նման անհատականություններով է կանգուն։
Ինչ մնում է կադրային փոփոխություններին, խոստովանենք, մենք առանց դրա չենք կարող, միապաղաղությունից կխեղդվենք, պատեպատ կզարկվենք, կկորցնեք մեր «ես»-ը։ Եվ, կրկնում եմ, ոչինչ, որ դրանից ոչինչ չի փոխվում, կարևորը քննարկումներն են՝ փողոցներում ու բակերում, դպրոցներում ու տարբեր կազմակերպություններում, և արտահայտվելու, կարծիք հայտնելու ընդարձակ ասպարեզը… Գոնե այդպես ապրում ենք և դիմանում` ամեն մեկը սպասելով իր հերթին, իր լուսավոր ապագային։ ԱյսինքնՍ՝ ո՞ւմից ենք պակաս…
ՆՈՐԵԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ