Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՆՇՎԵՑ ԱՍԿԵՐԱՆԻ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՕՐԸ

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

ք. Ասկերան

 Ասկերանցիների համար 1988 թվականի փետրվարի 22-ը ճակատագրական էր։ Այդ օրը ասկերանցիներն ու հարակից բնակավայրերի բնակիչները կարողացան արժանի հակահարված տալ ազերիների բազմահազարանոց ավազակախմբին և ետ շպրտել քաղաքի մատույցներից։ Այդ օրն ազատատենչ արցախցու անկոտրում ոգու շնորհիվ Ասկերանը մնաց որպես անառիկ դարպաս:

Փետրվարի 22-ը ասկերանցիները նշում են որպես քաղաքի Վերածննդի օր։ Նշում են հպարտությամբ, գնահատանքով և ապագան ավելի պայծառ տեսնելու հույսերով։
Տոնական միջոցառմանը ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը, ԱԺ պատգամավորներ, Արցախյան նախաձեռնող խմբի անդամներ, ուժային կառույցների, հիմնարկ- ձեռնարկությունների ղեկավարներ, ասկերանցիներ։ Ներկաները ծաղիկներ դրեցին Ասկերանի զոհված ազատամարտիկների հուշավահանակին՝ մեկ րոպե լռությամբ հարգելով նրանց հիշատակը։
Ապա տոնական միջոցառումը շարունակվեց քաղաքային պուրակում։
Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը.
-Հիրավի, այսօր պատմական օր է բոլորիս համար, քանզի մենք կարողացանք արժանի հակահարված տալ թշնամու խաժամուժին, որը և դարձավ մեր առաջին հաղթանակը։
Մեր ժողովուրդն անկախություն կերտեց մաքառելով՝ համատեղելով մտքի ու բազկի ուժը։ Փետրվարի 22-ին մենք կրկին համոզվեցինք, որ հաղթանակն այնտեղ է, որտեղ կան միասնական ուժ և համախմբվածություն,- ասաց նա:
Քաղաքապետը հուշանվեր հանձնեց 31 տարի առաջ, փետրվարի 22-ին տուժած Գեորգի Ապրեսյանին։
Ասկերանի պատմական դերն ու նշանակությունն այդ դժվար օրերին ներկայացրեց Արցախյան Շարժման Ասկերանի նախաձեռնող խմբի ղեկավար Սլավիկ Առուշանյանը։
Շնորհավորանքի խոսք հղեց նաև ԱՀ ԱԺ պատգամավոր, Շարժման առաջամարտիկ Ալյոշա Գաբրիելյանը:
-Այդ պատմական իրադարձություններից տարիներ են անցել, և մեր միասնական ոգին մեզ հասցրել է այսօրվան,- ասաց բանախոսը։ -Մենք ունենք հրաշալի սերունդ, ով ունի ընդգծված հայրենասիրություն, անվախ կեցվածք ու ողջամտություն։ Համոզված եմ, մեր ապագան լինելու է ավելի լուսավոր, և մենք պատվով ենք անցնելու մեզ սպասվող փորձությունները…
Հիրավի, Ասկերանը ցանկանում են գեղեցիկ և ժամանակակից տեսնել բոլոր ասկերանցիները, հատկապես՝ նոր սերունդը։ Այսուհետ Ասկերանի պուրակը կունենա իր խորհրդանիշը՝ լոգոն, իսկ դրա մտահղացումը պատկանում է Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներին։
Հպարտությամբ էր լցված Ասկերանի մշակույթի և երիտասարդության կենտրոնի տնօրեն Ռոմելա Գրիգորյանի խոսքը.
-Թող ծլի, ծաղկի ու շենանա Ասկերանը՝ Արցախ աշխարհի այս հպարտ ու անառիկ քաղաքը։ Փա~ռք ու պատիվ Ասկերանի քաղաքացիներին:
Իսկ ՙԱսկերան՚ երգը լավագույն հիշողություններ արթնացրեց ներկաների մեջ։ Ասկերանի պատվավոր քաղաքացի, երջանկահիշատակ Սամվել Գաբրիելյանին հիշեց նրանցից յուրաքանչյուրը։
Սյուզաննա Մելքումյանի հայրենասիրությամբ առլեցուն ասմունքը նոր սերնդի գալիքն էր ազդարարում՝ եռապատկված պապերի ու հայրերի ոգով ու քաջությամբ։ Իսկ Ասկերանի Էդ. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտուհի Սյուզաննա Մելքումյանի խոսքը ներկաներին կրկին վերապրել տվեց այն հրաշունչ օրերը:
Մեր ժողովրդի` 88-ի ընդգծված համախմբվածությունն ու ողջախոհությունը, որ փոխանցվել են սերնդեսերունդ, ավելի կամրապնդվեն ու կտանեն մեզ դեպի նորանոր հաղթանակներ՝ ի նպաստ մեր երկրի հզորացման ու բարգավաճման։