ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ՝ ՎՃՌՈՐՈՇ ՓՈՒԼԵՐԻՑ ՄԵԿԸ
Հենրիխ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ք. Մարտակերտ
Արցախյան պատերազմը մեծ փորձությունների առջև կանգնեցրեց նորանկախ մեր հանրապետությանը. մինչև 1992-ի հուլիսի սկզբները մենք կորցրինք շատ բնակավայրեր ու տարածքներ։ Հուլիսի 4-ին ընկավ նաև Մարտակերտը, որի ազատագրումը դարձավ պատվի խնդիր: Եվ հայ զորականը փայլուն կատարեց այն. ազատագրեց ոչ միայն շրջանի գյուղերը, 1993-ի հունիսի 28-ին` նաև Մարտակերտ քաղաքը՝ աշխարհին ցուցադրելով մարտարվեստի դասական օրինակներ։
...Մարտակերտի ազատագրումից 26 տարի է անցել։ Ամեն տարի հունիսի 28-ին հեռու ու մոտիկ տարածքներից մարդիկ հավաքվում են շրջկենտրոնում և ծաղիկներ խոնարհում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում, գնահատում և մեծարում նրանց սխրանքը։
-1993 թվականի հունիսի 28-ի օրվա երկրորդ կեսն էր, երբ ՙՀեռուստաշտարակ՚-ի տարածքից իջանք ազատագրված Մարտակերտ,-ասում է 5-րդ Պ/Շ-ի ՙՏարզաններ՚ անվամբ ստորաբաժանման ազատամարտիկ Լյովա Հարությունյանը։ -Ոչ ոք չկար, յուրահատուկ պահ էր, առաջանում էինք, ըմբոշխելով ազատագրված մարտակերտյան օդը։ Այնքան էինք կարոտել, որ ուզում էինք անվերջ քայլել,-հիշում է Լ.Հարությունյանը և ավելացնում,-Մարտակերտի ազատագրումը Պաշտպանության բանակի նշանակալի հաջողություններից էր, ինչը բարոյահոգեբանական առումով բարենպաստ ազդեցություն ունեցավ շրջան վերադարձող խաղաղ հայ բնակչության, ավերված բնակավայրերի և տնտեսության վերականգնման վրա։
Օգտվելով առիթից, Լյովա Հարությունյանն իր մարտական ընկերների անունից սրտանց շնորհավորեց Մարտակերտի ազատագրման օրվա կապակցությամբ, ու հավելեց, որ մեր սերունդն արցախյան պատերազմի ժամանակ փայլուն կատարեց իր մարտական առաջադրանքը, իսկ 2016-ի ապրիլն ապացուցեց, որ անկախության սերունդն իր հայրենիքի տերն է:
Քաղաքի ազատագրման օրը հիշարժան դարձավ մարզական տարբեր միջոցառումներով, Մարտակերտի մշակույթի և երիտասարդության կենտրոնի ուժերով կայացավ տոնական համերգ։