ՙՔԵԶ ՉԵՆՔ ՄՈՌԱՆՈՒՄ՚
Թովիկ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ք. Ճարտար
Արցախյան գոյամարտն օր օրի նոր ու դաժան շրջափուլ էր մտնում: Հետևակի մարտական մեքենայի անձնակազմի անդամներ Հովիկ Աղաջանյանի, Կամո Խոսրովյանի, Սարմեն Սարգսյանի հետ մենք՝ մի խումբ երկրապահ հետևակայիններս, գիշեր-ցերեկ հերթապահում էինք Ճարտար-Մարտունի ասֆալտապատ մայրուղուց քիչ հեռու, Ալիբալիի հովտին մոտ տեղամասում, նախկին գինեգործարանի մոտակայքում։
Հերթական օրվա վաղ լուսաբացին թշնամու դիրքերից մեր ուղղությամբ ծայր է առնում հեռահար հրետանուց արձակվող արկերի տեղատարափը։ Բարեբախտաբար, մարդկային կորուստներ չունեցանք։ Բայց, ցավոք, ծանր վիրավորվեցին ազատամարտիկներ Սլավիկ Սահակյանն ու Արամ (Վալերի) Պողոսյանը։ Շտապօգնության մեքենան նրանց հասցրեց Մարտունի, որտեղից էլ ուղղաթիռով տեղափոխեցին Երևան։
Որոշ չափով ընկճվեցինք, սակայն մեր մարտական ոգին անկոտրում էր։ Դարձանք ավելի վրիժառու, մարտատենչ։ Մինչ այդ հետևակի մարտական մեր մեքենան գործի դրեց շարժիչն ու արագ սուրաց դեպի դիմացի բլուրները, որտեղ դիրքավորված էր թշնամին։ Անձնակազմի եռյակը՝ Հովիկը, Կամոն և Սարմենը որոշել էին վրեժխնդիր լինել։ Մի քանի արկ հընթացս ՙհասցեագրելով՚ հակառակորդի դիրքայիններին` տղաները նրան ստիպեցին դադարեցնել մեր դիրքերի արկակոծումը։ Իրոք, հարվածին՝ հարված։ Կրկին տիրեց հարաբերական անդորրը...
Մենք՝ հետևակայիններս, շնորհակալություն հայտնեցինք հետևակի մարտական մեքենայի անձնակազմին։ Սակայն մի քանի օր հետո Հովիկին տեղափոխեցին տանկային անձնակազմ։ Նա նշանակվեց Տ-72 տանկի անձնակազմի հրամանատար, ուր նրա մարտական ընկերներն էին` Ռուբիկ Հայրապետյանն ու Սենորիկ Սարգսյանը։
Ամեն անգամ թշնամու ոտնձգություններին տանկիստների այդ եռյակը կարողանում էր արժանավայել հակահարված տալ։ Սակայն ճակատագրական եղավ հերթական տանկային թեժ ճակատամարտը Հովիկ Աղաջանյանի համար։ Ասֆալտապատ մայրուղուց ոչ հեռու գտնվող բարձունքը ռազմավարական կարևոր նշանակություն ուներ։ Այնտեղից և՜ մայրուղին՝ շրջկենտրոն, մարզկենտրոն տանող, և՜ Ալիբալիի ընդարձակ հովիտը, և Ճարտարն ու հարևան մի շարք բնակավայրեր թշնամու տեսադաշտում էին: Ազերիներին հաջողվել էր ճեղքել մեզ հարևան պաշտպանական դիրքերը և կրկին մոտենալ՝ մտնելով Վերին Վեսալու բնակավայրը։ Մեր տանկային անձնակազմը՝ Հովիկի գլխավորությամբ, օգտագործելով իր դիրքային առավելությունը, հեռահար հարվածով խոցում է Վեսալու գյուղի դպրոցի մոտ դիրքավորված ոսոխի տանկերից մեկը։ Սակայն մեր տղաները մինչ կկրակեին թշնամու մյուս երկու տանկերի ուղղությամբ, ազերիների տանկերից մեկը թաքստոցից կարողացավ դիպուկ կրակել մեր տղաների ուղղությամբ, որի հերթական արկի բեկորից մահացու վիրավորվեց դեռ իր երրորդ տասնամյակի նախաշեմին գտնվող Հովիկ Աղաջանյանը։ Քիչ անց նա մարեց ընկերների գրկում... Այսպես ավարտեց նա իր մարտական ուղին` հետմահու արժանանալով ՙՄարտական խաչ՚ 2-րդ աստիճանի շքանշանի։ Այրիացավ երիտասարդ կինը, որբացան մանկահասակ երկու տղաները, որդեկորույս դարձավ Էլմիրա մայրիկը։
ՙԿոհակ՚ բարձունքում, որը նաև Մարտունու շրջանում հայտնի է որպես սրբավայր, մարտիրոսվեց մեր ազատամարտի առաջին նվիրյալներից մեկը՝ Հովիկ Աղաջանյանը։ Նա էլ հավերժ գրանցվեց մեր հարյուրավոր, հազարավոր նահատակների ոսկեմատյանում։ Այո, Հովի՜կ, նոր սերունդները չեն մոռանում քեզ... Նույն մարտում զոհվել է նաև մեր լավագույն ազատամարտիկ-հրամանատարը՝ Սերժ Հայրապետյանը։ Դրանից մեր ցավն ու կորուստը դարձել է կրկնակի...