ՀՈՒՇԵՐ՝ ՍԵՎ ՈՒ ՍՊԻՏԱԿ ԵՐԱՆԳՆԵՐՈՎ
Անուշ ԱՍՐԻԲԱԲԱՅԱՆ
Իմ զրուցակիցն Արցախյան ազատագրական պայքարի նվիրյալ, ՙՄարտական խաչ՚ 2-րդ աստիճանի շքանշանակիր, պահեստազորի կապիտան, Մարտունու շրջանի Խնուշինակ համայնքի ղեկավար Կամո Մուրսալյանն է։
Ինչպես միշտ՝ ներս մտավ ժպիտը դեմքին։ Ուշադրությունս սևեռվեց նրա քայլվածքին։ Մտքիս մեջ սկսեցի խմբագրել հարցերս՝ հանկարծ զրուցակցիս վերքերին նոր ցավ չպատճառեմ։
Մեր զրույցը սկսեցինք ամենասկզբից։
Հաշվի առնելով ստեղծված վտանգավոր վիճակը՝ Արցախի տարբեր բնկավայրերում սկսեցին գաղտնի ինքնապաշտպանական ջոկատներ ձևավորվել։ Կամո Մուրսալյանը մեկն էր այն յոթ առաջամարտիկներից, որ ներգրավվեց գյուղի ինքնապաշտպանական ջոկատում, որը ղեկավարում էր ծնունդով Խնուշինակից, հայաստանաբնակ Մավրիկ Մարտիրոսյանը։
Պահն օրհասական էր, և պետք էր ձեռնարկել հնարավոր տարբերակներից ամենաարդյունավետը՝ բախտորոշ պատերազմը տանուլ չտալու համար։ Անզեն, ռազմական գործից անտեղյակ արցախցու համար այլևս մահվան ոչ մի հեռանկար սարսափելի չէր հայրենիքը թշնամուց մաքրելու մեծ նպատակի ու ցանկության դիմաց։
1990-ին Ադրբեջանը սկսեց ակնհայտ սադրանքների գնալ։ Խնուշինակի ջոկատը, անտեսելով ադրբեջանական օմոնականների կողմից ստեղծած վտանգավոր վիճակը, գործի անցավ և սկսեց քայլ առ քայլ հակահարված տալ նրանց ոտնձգություններին։ Այսպես սկսվեց ջոկատի ուղին։ Գյուղի կամավորականները ձեռք բերեցին զենք-զինամթերք, նյութատեխնիկական որոշակի պաշար։ Որսորդական հրացաններին գումարվեցին ինքնաձիգներ, գնդացիրներ։ Իսկ թե ինչպես են զենքերն Արցախ հասել` շատերին չէ հայտնի։ Այդ առումով մեծ օգնություն էին ցույց տալիս նաև հայաստանաբնակ ու ռուսաստանաբնակ խնուշինակցիները։
1992-ին, երբ ձևավորվեց հայկական կանոնավոր բանակը, Խնուշինակն ուներ 107-հոգանոց վաշտ՝ կազմված չորս դասակից, որոնց հրամանատարներն էին Կամո Մուրսալյանը, Ալբերտ Մովսիսյանը, Յուրիկ Միրզոյանը, Լևոն Համբարձումյանը։
Պատերազմը խախտում է բոլոր օրինաչափությունները։ Այն ունի իր կանոնները՝ վերելքներ ու վայրէջքներ, հաղթանակներ ու պարտություններ, ձեռքբերումներ ու կորուստներ... Տարիներն անցնում են, սակայն պատերազմի պատճառած ցավերն ու սպիներն անջնջելի հետք են թողնում, սև ու սպիտակ դարձնում հիշողությունները, ազդում թեկուզ ամենախիզախ ու քաջ կռվողի հոգեբանության վրա: ՙՇատ ծանր օրեր ենք ապրել, շատ դաժան մարտերի միջով անցել, բայց կան պատկերներ, որոնք ուղղակի դաջվել են հիշողությանս մեջ՚,- ասում է զրուցակիցս և ցավով պատմում լեգենդար հրամանատար Մոնթե Մելքոնյանի հետ ունեցած վերջին մարտի մասին։ Նույն ցավալի ապրումներն ունեցավ գումարտակի հրամանատար Մերուժան Մոսիյանի զոհվելուց հետո:
Պատերազմը դեռ չավարտված` 1993-ին Կամոն Անահիտի հետ ընտանիք կազմեց, 1994-ին ծնվեց նրանց անդրանիկ զավակը։
Իսկ մարտական փառավոր ուղի անցած ջոկատը հյուսում էր իր պատմությունը. տղաները մասնակցել են Վեյսալուի, Ղարադաղլուի, Խոջավենդի, Ֆիզուլու, Ջաբրայիլի, Զանգելանի համար մղված մարտերին։
1994-ի ապրիլի 25-ն էր, մարտակերտցիներին օգնության հասած՝ Մավրիկի հրամանատարությամբ ջոկատը Կարմիրավան գյուղի մոտ մարտի է բռնվում հակառակորդի մի քանի անգամ գերազանցող ուժերի հետ։ Մարտում ծանր վիրավորվում է Մավրիկը, վաշտի պատասխանատվությունը ստանձնում է Կամո Մուրսալյանը։
… Տարիների հեռվից Կամոն դրվագներ է պատմում մեր Ազատամարտից և անընդհատ շեշտում, որ յուրաքանչյուր հաջողության հասել են միասնականության ու համախմբվածության շնորհիվ:
1994-ի մայիսին կնքվեց հրադադարը։ Սկսվեց հաջորդ փուլը՝ ինժեներական աշխատանքներ, դիրքերի ու խրամատների ամրացում, զորանոցների կառուցում և այլն։ Հակառակորդի թիրախը չդառնալու համար ինժեներական աշխատանքներն իրականացնում էին հիմնականում գիշերային ժամերին։ 1998-ի հոկտեմբերի 25-ն էր։ Այդ օրը կապիտան Մուրսալյանն առաջնագծում դասակի զինվորների հետ սովորականի պես կատարում էր հերթական առաջադրանքը, երբ պայթեց չարաբաստիկ ականը... Բարեբախտաբար վաշտի զինվորներին ոչինչ չպատահեց, միայն հրամանատարը ոտքից վիրավորվեց։
Ապաքինվելուց հետո, վիճակից ելնելով, նա դուրս եկավ զինված ուժերի կազմից։
Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած խիզախության և արիության, մարտական առաջադրանքների հմուտ կատարման համար Կամո Մուրսալյանը 1998-ին, ԼՂՀ նախագահի հրամանագրով, պարգևատրվեց ՙՄարտական խաչ՚ 2-րդ աստիճանի շքանշանով, իսկ Շուշիի ազատագրման 15-րդ տարեդարձի կապակցությամբ, ցուցաբերած արիության և խիզախության համար՝ ՙՄարտական ծառայություն՚ մեդալով։
Երեք որդիների հայր, հայրենիքի նվիրյալ Կամո Մուրսալյանն այսօր ղեկավարում է Խնուշինակ համայնքը՝ այսկերպ շարունակում նպաստել հայրենի երկրի զարգացմանն ու բարգավաճմանը։