ՀԱՃԵԼԻՆ ՕԳՏԱԿԱՐԻ ՀԵՏ...
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Տարիներ շարունակ հանդիպել եմ բազմաթիվ ժամկետային զինծառայողների, ովքեր երկու տարվա ծառայության ընթացքում ձգտում են առավելագույն ձեռքբերումների... Նրանք ոչ միայն ռազմական այբուբենը սերտող, օրինակելի զինվոր են, այլև իրենց լավագույնս են դրսևորում հարակից այլևայլ բնագավառներում։ Այդ նվիրյալներից մեկն էլ Ն զորամասի շարքային Նարեկ Հակոբյանն է։
Ամենօրյա լարված ծառայությունն առաջնագծում Նարեկին չի խանգարում հանգստյան օրերին զբաղվել սիրած գործով։ Ապագա կինոռեժիսորը Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կինոռեժիսուրայի բաժնի ուսանող է։ Ուսումը կիսատ է թողել ծառայության պատճառով։ Նա երկու ֆիլմի ու փոքր բեմադրությունների հեղինակ է, այստեղ` զորամասում, իսկ ավելի ստույգ` զինավանում էլ արդեն թատերախումբ է ղեկավարում։ Ֆիլմերը նկարահանել է նախքան համալսարան ընդունվելը։ ՙՕտար լույս՚¬ը կյանքի է կոչվել իրական փաստերի հիման վրա և ներկայացվել է միջազգային մրցանակաբաշխության։ Երբ Նարեկն առաջարկ ստացավ Մեխակավանի երեխաներից թատերախումբ ձևավորել, առաջարկն ընդունվեց սիրով. ծառայությունից զատ նաև սիրված գործով կզբաղվի։ Պարտականությունն ստանձնելուց մի պահ երկմտեց, ճիշտ է, ինքն ունի գիտելիքներ, բայց դա դեռ քիչ է, բավարար չէ, իսկ ինչ է ինքը տալու երեխաներին, սա հարցերի հարցն է, ասում է զրուցակիցս, անհրաժեշտ էր նախ ուսումնասիրել երեխաների հետաքրքրություններն ու նախասիրությունները, նաև երևան պիտի հաներ նրանց օժտվածությունն ու հնարավորությունները։ Նարեկին օգնության հասավ հանճարեղ Թումանյանը, նյութը դյուրամարս է, երեխաների կողմից հեշտ յուրացվող։ ՙՏաղանդավոր երեխաներ են,¬ ասում է Նարեկը,- ամենակարևորը՝ լսող են, արագ են ընկալում և նպատակադրված ուզում են սովորել... Նարեկի խումբը հաճախում է յոթ երեխա, սակայն սեպտեմբեր ամսից մտադիր է 2 խմբի հետ աշխատել, ցանկացողներ էլի կան։
Ամառ է, ակտիվ հանգստի շրջան, Նարեկը չի ուզում երեխաներին ծանրաբեռնել, նոր ուսումնականի հետ նոր լիցքերով, նոր ու թարմ շեշտադրումներով գործի կլծվեն։ Հաճախ սանիկներն են իրեն դիմում պարապմունքներն ավելացնելու խնդրանքով։ ՙԿիկոսի մահ՚¬ն էին փորձում, Նարեկը նկատեց, որ մի տեսարան սաները լավ չեն խաղում ու որպես իմպրովիզ մտցրեց Ղարաբաղի բարբառը, տեսավ, որ հրաշալի է ստացվում, երեխաներն էլ ոգևորվեցին ու այդպես միտք հղացավ այլ հեքիաթներ էլ Ղարաբաղի բարբառով բեմադրել, ու ստացվեցին փոքրիկ, գեղեցիկ բեմադրություններ, իհարկե, հագեցած իմպրովիզներով։ Իսկ դրանք, գաղտնիք չէ, որ զարգացնում են երեխաների երևակայությունն ու ստեղծագործելու ազդակ են հանդիսանում։ Ներկայումս թատերախումբը պատրաստվում է առաջնախաղի. ՙՆյու խաթաբալա՚ է կոչվում նրանց երևակայության հերթական արդյունքը... Փորձելու են բեմ հանել ղարաբաղցու կենցաղը, մարդկանց ապրումները, նրանց ճակատագրերը, հետաքրքիր զուգադիպությունները։ Ի դեպ, պիեսի վրա Նարեկը աշխատում է ծառայակից մի քանի ընկերների օգնությամբ։ Բեմի ու տեխնիկական միջոցների խնդիր ունեն շարքային զինծառայող արվեստագետն ու նրա փոքրիկ արվեստասեր բարեկամները, բայց դա նրանց համար արգելք չէ, հենց ներկայացումը պատրաստ լինի, բեմի հարցն էլ միացյալ ջանքերով կլուծեն։ Ուրիշ տեղ որ չլինի էլ, դպրոցները կան ու կան, երկուստեք կարևորում են այն հանգամանքը, որ ապրում են մշակութային կյանքով՝ գեղեցիկի, լույսի ու բարու թագավորության մեջ։ Հադրութի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի տնօրենն առաջարկել է հանդես գալ նաև շրջկենտրոնում ու Ստեփանակերտում։ Մտադիր են նաև փոքր սյուժեներով տեսաֆիլմեր նկարահանել իրենց առօրյայի մասին, այն մասին, թե ինչպես են ապրում Մեխակավանի երեխաները։ Նարեկը գլուխ գովել չի սիրում, սակայն վստահ է, որ իր սաներին մեծ բեմեր հանելուց ինքը հաստատ ամոթով չի մնալու։ Վեց ամիս հետո Նարեկը զորացրվելու է, սակայն չի բացառվում, որ ծառայությունն ավարտելուց հետո որոշի մի տարի էլ մնալ,(Աստծո ճանապարհներն անկանխատեսելի են), ի՛նչ իմանաս... : Գեղեցիկ է, երբ օգտակարն ու հաճելին մի օր հանդիպում են իրար՝ անգամ լարված ու պատասխանատու ծառայության ընթացքում։