ՈՉ ԹԵ ԱՆԸՆԴՀԱՏ ԱՆԻԾԻՐ ԽԱՎԱՐԸ, ԱՅԼ ՓՈՐՁԻՐ ԻՆՔԴ ՄԻ ՄՈՄ ՎԱՌԵԼ
Հարցազրույցը՝
Հենրիխ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
Արցախյան պատերազմի ժամանակ մարտակերտցին անասելի-աննկարագրելի դժվարություններ կրեց։ Սակայն դրանք հաղթահարելն ավելի քաղցրացրին բնակավայրիդ յուրաքանչյուր թիզ հողը, շարքային մարտակերտցու կողմից սրտացավ վերաբերմունք է ցուցաբերվում համայնքային գույքի նկատմամբ և այդտեղ ապրելը դարձավ հպարտություն։
Քաղաքում կատարված աշխատանքների ու խնդիրների մասին է մեր հարցազրույցը նորընտիր համայնքի ղեկավար Միքայել ԳՅՈՒՐՋՅԱՆԻ հետ։
-Բնակավայրի ՙՍարալանջ՚ թաղամասից դեպի Ստեփանակերտ տանող մայրուղի իջնելիս տեսա, որ կառուցված մանկական խաղահրապարակի գույքն անխնա շահագործումից շարքից դուրս է եկել, գրեթե այդպես էր վիճակը նաև Ակադեմիկ Սախարովի փողոցինը։ Պարոն Գյուրջյան, ինչ է կատարվում, Ձեր գնահատականը։
-Ցավոք, ճիշտ եք, և գուցե կրկնվի այնքան, քանի դեռ ոմանք չեն գիտակցում, որ համայնքային ցանկացած գույք բոլորիս սեփականությունն է։ Հաստատ ոչ ոք իր տան գույքը չի փչացնում, անխնա չի օգտագործում, իսկ մեզ մոտ, այն լրիվությամբ փչացրել են։ Միթե գեղեցիկ չէ, որ բակերում երեխաների համար խաղահրապարակներ են գործում։ Հուսանք, որ եղածը անտարբերության հետևանք է, ու, հաստատ, մի օր կփոխվի բոլորիս վերաբերմունքը մեր շրջապատի հանդեպ, կլինենք առավել ուշադիր ու սեփականատիրոջ սրտացավությամբ կվարվենք մեզ պատկանող համայնքային գույքի հետ։ Քանդվածը պահեստավորվել է նորոգման ու հետագայում օգտագործման համար։
-Օրվա ցանկացած ժամի քաղաքում երիտասարդների ակտիվ շարժ կա, բայց շատ հաճախ գեղեցիկ կահավորված զբոսայգի ու պուրակ չլինելու պատճառով նրանցից շատերը գերադասում են իրենց հանգիստն անցկացնել Ստեփանակերտում։
-Համաձայն եմ, որ երիտասարդների հանգստի և հագեցած ժամանցի համար քաղաքում գրեթե գոտիներ չկան։ Տարիներ առաջ սեփականաշնորհվել էր ՙԲուլվար՚ կոչվող տարածքը, ինչը մեր ժամանակների երիտասարդության համար ամենագրավիչ տեղն էր, որը, այժմ չի գործում, իսկ Ակադեմիկ Սախարովի փողոցի հարակից հանգստյան գոտին վերանորոգման կարիք ունի։ Սակայն Մարտակերտում առկա են սրճարաններ, որտեղ իրենց հանգիստն ու ժամանցն է անցկացնում մեր երիտասարդների մի մասը։
-Այսօր էլ բարեկարգման աշխատանքները օրակարգում են։ Պարոն քաղաքապետ, հատկապես, ինչի՞ն եք ավելի շատ ուշադրություն դարձնում։
-Այո, բարեկարգումն անչափ կարևոր է, այն նոր հարմարություն է ստեղծում, ոգևորում քաղաքացիներին։ Վերջնականապես լուծվել է փողոցային լուսավորության հարցը, բնակչությունը ըստ անհրաժեշտության օգտվում է խմելու ջրից ու բնական գազից, ծայրամասային հատվածի ճանապարհները խճապատվել են, հարկ եղած դեպքում նորոգվում, քաղաքի կանաչ գոտիներում աշխատանքները չեն դադարում, նրանք մշտական ուշադրության կենտրոնում են։ Նշեմ, որ ներկայում ՙՎիրաժ՚ ՍՊԸ-ն աշխատանքներ է տանում մինչև քաղաքի մուտքն ասֆալտապատելու ուղղությամբ։Տեղադրվում են նոր եզրաքարեր, կառուցվում է ջրահեռացման նոր համակարգ։ Մարտակերտում լուծվել է բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգումը, միայն այս տարի փոխվել են մասնավոր տների 46 տանիքներ։ Այնպես, որ օր օրի բարեկարգվում և գեղեցկանում է շրջկենտրոնը։ Օգտվելով առիթից` կոչ եմ անում մեր բարերարներին և կարող մարդկանց. եթե սիրում ես ծննդավայրդ, միացիր նրա բարգավաճման աշխատանքներին։
Քաղաքը մասնակցում է Ստեփանակերտում կազմակերպվող ամենամյա բերքառատ աշնան փառաբանման տոնին։ Այդ աշխատանքները հիմնականում կազմակերպում է շրջվարչակազմի աշխատակազմի գյուղբաժինը։ Ներկայացնում ենք գյուղացու ազնիվ քրտինքով ստեղծած բերք ու բարիքը, հյութեղ մրգեր, համեղ անուշեղեն և այլն։ Տոնին մասնակցում է նաև ՙԱրզի գրուպ՚ ՍՊԸ-ն։
-Քաղաքացիների ընդունելությունը. ինչպես է այն իրականացվում, հատուկ օր կա՞ նշանակված։
-Ոչ, հատուկ օր չկա, ընդունելությունը կատարում ենք ամեն օր։ Եկածներից շատերը դիմում են սոցիալական աջակցության, բնակարանային պայմանների բարելավման, սեփականության իրավունքի վերականգնման և այլ հարցերով, որոնց մի մասին տեղում դրական լուծում է տրվում։
Եվս մի քանի տարի, և բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ Մարտակերտը կվերականգնի երբեմնի արտաքին տեսքը: Դրանում մեծ է ոչ միայն բարերարների, այլև պետության ծանրակշիռ ներդրումը: