ԱՐԺԱՆԻ ՀԵՐԹԱՓՈԽ
Էդիկ ԴԱՎԹՅԱՆ
ք. Հադրութ
Ամանօրյա տոներից հետո Հադրութի շրջանում մեկնարկեց ձմեռային առաջին զորակոչը։ Հունվարի 8-ին շրջանի զինվորական կոմիսարիատի բակում հավաքվել էին նորակոչիկների ծնողներ, հարազատներ, հասարակության ներկայացուցիչներ, Պաշտպանական գնդի հրամանատարական կազմը։ 22 պատանի պատրաստվում է համալրել Արցախի ՊԲ շարքերը։
Ողջունելով ներկաներին՝ Հադրութի զինկոմիսար Անդրեյ Ներսիսյանը շնորհավորեց ներկաներին նոր տարվա և Սուրբ Ծննդյան օրերի առթիվ և նշեց, որ օրը խորհրդանշական է բոլորի համար, քանզի հայոց բանակը համալրվում է խելացի ու շրջահայաց նորակոչիկներով։ Նա համոզմունք հայտնեց, որ ծառայությունը մեր բանակում նրանց ավելի առնական և կամային կդարձնի, իսկ երկու տարի անց նրանք տուն կդառնան իսկական տղամարդ դարձած, առավել ինքնավստահ ու համարձակ։ Միաժամանակ նա նորակոչիկներին հորդորեց անձնվիրաբար ծառայել Հայրենիքին, անմնացորդ նվիրվել այդ սուրբ գործին, ինչպես դա արել են ավագ սերունդը արցախյան գոյամարտում և ապրիլյան պատերազմի մասնակից յուրաքանչյուր մարտիկ։ Նա նորակոչիկներին մաղթեց բարի ծառայություն և բարի վերադարձ։
Իրենց ելույթներում Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանը, վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Արթուր Մինասյանը, Պաշտպանական գնդի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման հարցերի գծով տեղակալ Արտակ Վանյանը շնորհավորեցին նորակոչիկներին բանակ զորակոչվելու կապակցությամբ: Նրանք վստահություն հայտնեցին, որ նոր զորակոչի արդյունքում Պաշտպանության բանակը կհամալրվի նախորդների ձեռքբերումները գերազանցելու պատրաստ հայրենյաց պաշտպաններով։ Նրանք միաժամանակ շնորհակալություն հայտնեցին նորկոչիկների ծնողներին հպարտ ու կրթված սերունդ դաստիարակելու համար։ Երգ ու երաժշտության ներքո նորակոչիկները զինկոմիսարիատի շենքից շարժվեցին դեպի Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցի, որտեղ քահանա Տեր Մաթևոսը կատարեց ոգեկոչման արարողություն և մոմավառություն։