ՄԱՍՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏՄՈՒՄ ԵՆ, ՓԱՍՏԵՐԸ՝ ՎԿԱՅՈՒՄ, ՀԻՇԱՏԱԿՆԵՐԸ՝ ՀԱՎԵՐԺԱՑՎՈՒՄ...
Վարդիթեր ՀԱԿՈԲՅԱՆ
ք. Շուշի
(ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՄԱՍՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂՈՒՄ)
Մեծ Հայրենականի հիշատակներն ամփոփող վկայությունները տասնյակ-հարյուրավոր մատյաններ են կազմում, դրանք չեն խամրում, այլ կայծկլտում են, դառնում ասուպներ... Այդ վկայություններն անգամ տասնամյակներ հետո տակավին շարունակվում են հայտնաբերվել: Նրանցից ամեն մեկի ճակատագիրը մի ուրույն պատմություն է, մի լիարյուն կյանքի արտացոլում։
Հերթական այս պատմությունը երկար ճանապարհ է անցել, հայրենի Բերդաձորից ձգվելով դեպի Անդրկովկաս ու հասնելով մինչև Կերչ ու Ղրիմ` վերջնական հանգրվան գտնելով արցախյան հողում։
Երվանդ Հարությունյանը ծննդով Շուշիի շրջանի Մեծ շեն գյուղից էր, նա հազար թելերով կապված էր հայրենի բնօրրանին։ Այն ժամանակվա Բաքուն հայաշատ քաղաքներից էր, որտեղ տեղափոխվել էր Երվանդը բարձրագույն կրթություն ստանալու նպատակով, որից հետո աշխատում էր որպես ռևիզոր՝ միաժամանակ օգնելով գյուղում մնացած բազմանդամ ընտանիքին։
Երբ սկսվել է Հայրենական մեծ պատերազմը, երեսնամյա Երվանդն առաջին զինակոչիկներից էր, որ անձնուրաց մարտնչեց՝ մնալով հավերժ երիտասարդ՝ անհայտ ճակատագրով ...
Նա մարտնչել է Թամանյան դիվիզիայում՝ հասել Կերչ,Ղրիմ։ Նրա գրած և գյուղ ուղարկած նամակների մասին տեղեկություններ է հաղորդում եղբայրը՝ այժմ իննսունամյա Վահան Հարությունյանը։ Ասում է, որ զինվոր եղբոր նամակները տոգորված էին լավատեսությամբ, այն ժամանակվա հայրենասիրական բարձր ոգով. ՙՄեր գործն արդար է։ Թշնամին կջախջախվի։ Հաղթանակը մերն է լինելու՚։ Բայց քառասուներկուսի գարնանը կապն ընդհատվում է, իսկ մոր՝ Սոֆյա Հարությունյանի սիրտը տագնապում է... Նույն ժամանակաընթացքում նրա ավագ որդին՝ Աշոտը, մարտնչում էր Բելառուսական ռազմաճակատում, որի հետ կապը նույնպես կտրվում է...
Մինչև կյանքի վերջը տառապյալ մայրը սպասում էր որդիների վերադարձին. Գնում, կանգնում էր գյուղի ծայրին և երկա՛ր-երկար նայում հեռուն, որտեղից երևում էին բոլոր ճանապարհները... Եվ այդպես խունացած աչքերով ու տրտում հոգով նա հրաժեշտ տվեց աշխարհին։
Երվանդ և Աշոտ Հարությունյանների հիշատակը սրբորեն պահվեց ողջ գերդաստանում թե՜ եղբայրների՝ Վահանի ու Բորիսի, թե՜ քույրերի՝ Մարուսյայի, Լիզայի, Արևի ընտանեկան հարկերում։ Ավագ քրոջ՝ Մարուսյայենց տան պատին կախված գորգին փակցված էին գերդաստանի երևելիների մեծադիր նկարները, կենտրոնում՝ անհայտ ճակատագրով զինվոր եղբայրների նկարներն էին՝ մի շրջանակի մեջ առնված։ Վիշտը սրտում՝ կյանքից հեռացան նաև ավագ քույր Մարուսյան, հետո` Լիզան։
Տարիներն անցնում էին, բայց գերդաստանի ապրողների հիշողությունից չէր ջնջվում անհայտ ճակատագրով եղբայրների հիշատակը։
Ղրիմի՝ Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո ընդլայնվեցին շփումները։ ՌԴ-ում և արտերկրում առայսօր գործող որոնողական կազմակերպությունները չեն դադարեցրել իրենց աշխատանքները. նրանք մաքրում են տարածքները ականներից, փնտրում անհայտ կորած մարտիկների աճյուններ։
Տեղեկությունները հաղորդում են, որ զինվորներն իրենց հետ ունեցել են մահվան պարկուճ կամ մեդալիոն (րՎպՐՑվՈÿ ՍՈտրցսՈ ՌսՌ ՎպՊՈսՌՏվ): Դա սև պլաստմասե փոքրիկ ու նեղ անոթ է, որի մեջ պահվում են զինվորի տվյալները։ Հատուկ բլանկի մեջ զինվորը լրացնում է իր տվյալները, գցում պարկուճը և կարում գրպանում, որ չկորսվի: Բայց բոլորը չէին պահում պարկուճները՝ ենթադրելով, որ այն մահ է խորհրդանշում, այլ գործածում էին ծխամորճի տեղ։
Վերջին մի քանի ամիսների ընթացքում Ղրիմի անվտանգության ֆեդերալ ծառայության աշխատակիցները որոնողական աշխատանքների արդյունքում Թեոդոսիա քաղաքի մատույցներում գտել են հողածածկ խրամատ՝ երեսունմեկ զինվորի մասունքներով: Որոնումներից պարզվում է, որ միայն մեկ զինվոր ունի մահվան պարկուճ, որը պատկանում է Երվանդ Հարությունյանին։ Ուժեղ ռմբակոծության ժամանակ զոհվել էին բոլոր զինվորները, հողն էլ լցվել է նրանց վրա:
Կազմակերպությունն սկսել է փնտրել հարազատ-բարեկամներին։
-Կազմակերպությունն ունի կայքէջ- պատմում է Երվանդի եղբորորդին՝ մոսկվաբնակ Մանվել Հարությունյանը։-Այդ կայքում կարդացի, որ փնտրում են զոհվածի հարազատներին Բաքվում, որտեղ գրանցված էր Երվանդը։ Կարդացի և կապ հաստատեցի որոնողական ջոկատի հրամանատարի հետ։ Ծառայության աշխատակիցների կանչով դեկտեմբերի չորսին արդեն Թեոդոսիայում էի, որտեղ հարցուպատասխաններով ճշտումներ են կատարել՝ համոզվելու տվյալների ճշտության մեջ: Մանվելը որոշել է հորեղբոր մասունքները փոխադրել հայրենիք։ Մեկ այլ խրամատում գտել էին ևս մի հայորդու մասունքներ։ Թեոդոսիայի մշակույթի պալատում կազմակերպվել է հիշատակի արարողություն։ Մանվելը դիմել է ՌԴ պաաշտպանության նախարարությանը, որտեղ դեմ չգնացին նրա որոշմանը։ Լուրը հայտնեց Ստեփանակերտի բարեկամներին։ Տեղում հարցով սկսեցին զբաղվել հարազատները, նրանց զավակները՝ Բորիսը, Ծովինարը, Ժուլյան, ԱՄՆ-ից՝ Յուրին,շատերը... Բոլոր նախապատրաստական աշխատանքները կատարված էին։
Ղրիմի կառավարության և տեղի հայ համայնքի ջանքերով երկու հայորդիների մասունքները տեղափոխվեցին Երևան։ Մասունքները Երևանում հանձնել են Երվանդ Հարությունյանի եղբոր թոռանը՝ Ռադիկ Հարությունյանին, որը ամենայն պատասխանատվությամբ մասունքները Շուշիի շրջվարչակազմի ղեկավար Վլ. Կասյանի կողմից հատկացված փոխադրամիջոցով հասցրեց Շուշի, որտեղից էլ Ստեփանակերտ՝ պապի եղբոր՝ Բորիսի օջախ, որտեղից վերջին հանգրվան էին գտել գերդաստանի նահապետները, հայրը՝ Սաֆարին, ու մայրր՝ Սոֆյան։
Ի դեպ, հաջորդ օրը ներկայացուցչական խումբը Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղում հողին հանձնեց մյուս հայորդու` Հովսեփ Բաբլումյանի մասունքները։
Կատարվեց զինվորական արարողակարգ։ Հնչեց հիշատակի խոսք, և խորհրդային բանակի սպա, մայոր Երվանդ Հարությունյանն ամփոփվեց հայրենի հողում՝ իր վշտահար մոր կողքին...
Մարդկային ճակատագրերը տարբեր են լինում։ Գուցե չպետք է վերջակետել, և այս պատմությունը գտնի իր շարունակությունը, քանզի ութսունականներին Ե. Հարությունյանի կինը եկել և բնակվում էր Ստեփանակերտում։ Պատերազմական թոհուբոհում ամեն ինչ իրար է խառնվում։ Ուր է նա՝ ոչ ոք չգիտի: Ասում են՝ դուստրը չկա, իսկ գուցե մի օր թոռները գտնեն պապի հետքերը և գան խոնարհվելու Մեծ Հայրենականի զինվորի շիրմին։
Այս պատմությունը միլիոնավորներից մեկի կյանքի վավերացումն է, որը փաստում է, որ ոչ ոք չի մոռացվել։