ՏՈՒԼԱՅՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է ՀՈՒՇԱՐՁԱՆ Ի ՀԻՇԱՏԱԿ ՀԱՅ ԳԵՆԵՐԱԼԻ
ՙՌուսաստանի հայերի միություն՚ համառուսաստանյան հասարակական կազմակերպության Տուլայի մարզի Ալեքսինի շրջանային բաժնի նախաձեռնությամբ, քաղաքային վարչության և ռուսական ռազմապատմական միության Տուլայի մարզային բաժնի աջակցությամբ Պետրովսկոե միկրոշրջանում տեղի է ունեցել Ալեքսինի հողն ազատագրած մարտիկների և 340-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Սարգիս Մարտիրոսյանի հիշատակին կանգնեցված հուշակառույցի բացման հանդիսավոր արարողությունը:
1941թ. դեկտեմբերին 340-րդ դիվիզիան Սարգիս Սողոմոնի Մարտիրոսյանի հրամանատարությամբ մասնակցություն է ունեցել Ալեքսինի շրջանի ազատագրական մարտերին: Մարտերի ընթացքում դիվիզիան ոչնչացրել է շուրջ 3000 հիտլերականի:
Դիվիզիան ծանր մարտեր է մղել Ալեքսինի շրջանի Պետրովսկոե ավանի ազատագրման ժամանակ: Նրա ուժերով ազատագրվել է 35 բնակավայր, այդ թվում` Պոպովկա, Սենևո գյուղերը, Սրեդնեե կայարանը, Վիսոկոե ավանը: Ալեքսինի հողում կռվելու ընթացքում դիվիզիան ունեցել է 256 զոհ, 690 վիրավոր, 35 անհետ կորած:
Հուշակառույցը բացելու իրավունքը տրվել է սենատոր Իգոր Պանչենկոյին, ՙՅունարմիա՚ համառուսաստանյան ռազմահայրենասիրական հասարակական շարժման անդամ Բոգդան Զինովևին, Ալեքսինի քաղաքապետ Էդուարդ Էկսարենկոյին, ՙՌուսաստանի հայերի միություն՚ համառուսաստանյան հասարակական կազմակերպության շրջանային բաժնի նախագահ Ռաֆիկ Պապյանին:
Հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգել են Ալեքսինի հողը գերմանաֆաշիստական զավթիչներից ազատագրած` զոհված մարտիկների հիշատակը և ծաղիկներ խոնարհել հուշաքարերին:
aleksin.tularegion.ru