ԴԻՊՈՒԿԱՀԱՐԸ
Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ
ք. Մատունի
1960թ.-ի փետրվարի 13-ին հին, պատմական Հացի գյուղի ջահել հարսերից մեկը Մարգարիտ տատին աչքալուսանք տվեց. թոռնուհի է ծնվել։ Նորածինը մեր հերոսուհին էր՝ Արցախյան պատերազմի ազատամարտիկ, ՙՄարտական խաչ՚ 2-րդ աստիճանի շքանշանակիր, դիպուկահար Մարգարիտա Սարգսյանը, ում կնքեցին հենց տատի անունով։
Դպրոցում սովորում էր գերազանց գնահատականներով, աչքի էր ընկնում սուր մտքով և բնածին մաթեմատիկական ունակություններով։ 4-րդ դասարանում մաթեմատիկայի օլիմպիադայի ժամանակ հեշտությամբ լուծել է բարձր դասարանցիների համար տրված առաջադրանքները։ Չորրորդ դասարանն ավարտելուց հետո ընտանիքով տեղափոխվեցին Ստեփանակերտ, որտեղ բարձր ընդունակությունների տեր աղջկան միանգամից ընդունեցին մաթեմատիկական թեքումով դպրոցի 6-րդ դասարանում։
1976թ. ընդունվեց Ստեփանակերտի մանկավարժական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի հեռակա բաժին։ Զուգահեռ աշխատում էր Ղարաբաղի ՙՄետաքս կոմբինատ՚-ում։ Շարքային ջուլհակուհուց հասավ հերթափոխի ղեկավարի պաշտոնին։ Նա նաև հասարակական ակտիվ աշխատանք էր վարում ու հանդիսանում էր կոմբինատի կոմերիտկազմակերպության քարտուղարը։
Շատ էր սիրում սպորտը։ Առանց երկյուղի ձի էր վարում, հրաշալի շախմատ խաղում, տարբեր առաջնություններում հաղթանակներ գրանցում։ Առանձնահատուկ սեր ուներ հրաձգության հանդեպ։
Սկսվում է Արցախյան գոյամարտը, հմուտ հրաձիգը երազում է միանալ հայրենիքի անկախության համար մարտնչողներին։ Կանանց գումարտակ ստեղծելու մասին լուրը Մարգարիտան ոգևորությամբ է ընդունում և անդամագրվում։ 1992թ. սեպտեմբերի 1-ից մարտական պատրաստություն է անցնում Շուշիի ուսումնա-սպորտային գումարտակում։ Հենց այդտեղ էլ Մարգարիտան ստանում է իր օպտիկական նշանառության կետով հրացանը, որից այլևս չի բաժանվում։
Եռամսյա մարտական նախապատրաստություն անցնելուց հետո աղջիկների խումբը, որի կազմում էր Մարգարիտան, մեկնում է մարտական գործողությունների գոտի՝ Շուշիի շրջանի Շրլան գյուղ։ Ստեփանակերտի 8-րդ վաշտի կազմում, Սարիբաբի մերձակայքում, տեղի ունեցավ Մարգարիտայի մարտական մկրտությունը։
Նրան սկսեցին անվանել ՙդիպուկահար Մագարիտ՚։ Մականունը դարձավ նրա երկրորդ անունը։ Մարգարիտա Սարգսյանը փառավոր մարտական ուղի է անցել, մասնակցել Շուշիի շրջանի, Բերձորի, Քարվաճառի, Ակնայի, Սանասարի պաշտպանական և ազատագրական մարտերին։ Անհրաժեշտության դեպքում դիպուկահարը դառնում էր փորձառու բուժքույր, վիրավորներին հանում մարտի դաշտից, առաջին օգնություն ցույց տալիս, հոգատարություն ցուցաբերում զինծառայողների հանդեպ։
1993թ. օգոստոսի 18-ը ճակատագրական եղավ մեր հերոսուհու և նրա մարտական ընկերների համար։ Վաշտը, որի կազմում կային նաև աղջիկներ, հրաման էր ստացել դիրքավորվել Կուբաթլուի շրջանի Բաշարատ գյուղի (ներկայիս Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Ամուտեղ գյուղ) մոտակայքում գտնվող բարձունքում։ 15 հոգանոց խմբով թիկունքից շրջանցում են բարձունքը և շեշտակի գրոհով գրավում այն՝ ճնշելով թշնամու կրակակետերը։ Հետագա իրադարձությունների արդյունքում մարտիկների խումբը հայտնվում է շրջափակման մեջ։ Ազատամարտիկները, մի քանի օր համառ մարտեր վարելով, մինչև օգնական ուժերի հասնելը, կարողանում են պահել բարձունքը։ Ողջ են մնում միայն երեք հոգի։ Ցավոք, հերոսաբար նահատակվածների մեջ էր նաև Մարգարիտան։
Փետրվարի 13-ին հայրենի Հացի գյուղի ակումբում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Մարգարիտա Սարգսյանի ծննդյան 60-ամյակին։ Այն կազմակերպվեց համայնքապետարանի, դպրոցի ուսուցչական և աշակերտական կոլեկտիվների միացյալ ուժերով։ Գյուղի դպրոցի աշակերտները ծաղիկներ խոնարհեցին բեմահարթակին տեղադրված հերոսուհու լուսանկարի կողքին, հարգանքի տուրք մատուցեցին նրա հիշատակին, որից հետո արտասանեցին բանաստեղծություններ, Գ.Նժդեհի խոսքերով մեծարեցին հայ զինվորին, նրա մարտական ոգին, անցած ուղին:
Համայնքի ղեկավար Սանթուր Սարգսյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին, մասնակիցներին ու ավելացրեց. ՙԶգացողությունները տարբեր են, ցավում ենք, որ կորցրել ենք Մարգարիտային, միաժամանակ հպարտ ենք, որ ունեցել ենք նման հերոս, ով ծանր ու օրհասական պահին ստանձնել է հայրենիքի պաշտպանության սուրբ գործը։ Բոլորս պարտավոր ենք գնահատել և արժևորել նրա անցած ճանապարհը և հիշատակը միշտ վառ պահել՚։
;