ԷՍՔԻԶ՝ ԳԱՅԱՆԵԻ ԴԻՄԱՆԿԱՐԻՆ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ
1988-ի փետրվարյան հեղափոխական օրերը շատերի կյանքն են հեղափոխել: Եթե չլիներ Շարժումը, շատերիս ճակատագիրը այլ կերպ կդասավորվեր:
Գայանե Առստամյան… Մարդ, որ իր ամբողջ գիտակից կյանքը նվիրաբերել է հայրենիքին:
Ծնվել, մեծացել է Ստեփանակերտում: Սովորել է Ստեփանակերտի Գրիբոյեդովի անվան N3 հանրակրթական դպրոցում: 1984-ին ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմական ֆակուլտետը: 1985-86-ին աշխատել է Շահումյանի հայկական շրջանում որպես պատմության ուսուցիչ, ապա` 1986-89-ին Ստեփանակերտի կապի հանգույցում: 1989 թվականին միացել է Բերդաձորի ինքնապաշտպանության ջոկատին և մինչև 91-ի հայտնի իրադարձությունները ծառայում էր որպես կապավոր: 91-ի սեպտեմբերից մինչև 92-ի հունվարը ծառայում էր Լեռնային Ղարաբաղի Ինքնապաշտպանության ուժերի շտաբում: 92-ի նոյեմբերից մինչև 93-ի փետրվարը մասնակցել է ՙՍպիտակ՚ փրկարարական դասընթացներին, որից հետո 93-ի մայիսից մինչև 1995-ի հունիսը ծառայել է Շուշիի գնդում` որպես բուժքույր, ապա` բուժկետի պետ: 1995-ին զորացրվել է, բայց հետագայում նորից ծառայության է անցել Հայաստանի զինված ուժերում: Պարգևատրվել է ՙՄարտական խաչ՚ 2-րդ աստիճանի շքանշանով և ՙՇուշիի ազատագրման համար՚ մեդալով:
Ի՞նչ դեր խաղաց 88-ի Շարժումը Գայանե Առստամյանի կյանքում: ՙՀազիվ թե կարելի է հաստատել,- խորասուզված իր մտքերի մեջ` ասում է Գայանեն,- որ 1988 թվականը ասպարեզ հանեց նոր գաղափարներ: Անգամ պատմության հետ քիչ ծանոթ մարդը գիտեր, թե որոնք էին մեր պահանջները: Պարզապես կրկին հնարավորություն ընձեռվեց բարձրաձայնել մեր պահանջները, կառուցել հաստատուն հիմք դրանց համար՚:
Մենք զբոսնում ենք Ստեփանակերտի կոկիկ, խաղաղ փողոցներով: Անցած տարիների իրադարձությունները արագ հաջորդում էին մեր հիշողության մեջ` լուսավորելով անցած ուղին, համաչափվելով մեր օրերով, առաջ քաշելով հարցեր` արդյո՞ք ամեն ինչ եղավ այնպես, ինչպես ուզում էինք, այնպես կառուցեցինք, ինչպես նախագծում էինք:
ՙՃիշտ է,- նկատում է Գայանեն,- մենք դաստիարակվել էինք սովետական դպրոցներում, բուհերում, որոնք, իմիջիայլոց, ի տարբերություն այժմեականների, տալիս էին մեզ ամուր, հիմնարար լայն գիտելիքներ: Բայց, դրա հետ մեկտեղ, ներարկում էին աթեիզմի, ինտերնացիոնալիզմի ոգին: Բոլոր խնդիրները ծնվում էին բոլշևիկյան գաղափարախոսության ընդերքում: Մակերեսի վրա հռչակված էին ազատության, հավասարության, բարեկամության, եղբայրության սկզբունքները: Այո, քաղաքացիական հասարակության համար դրանից մեծ արժեք չկա: Սակայն խորքում` իրականությունում, գործում էր վայրի բնության օրենքը` ուժեղը խժռում էր թույլին, այն էլ` մարդու իմացած բոլոր միջոցներով, հնարքներով, մեխանիզմներով: Պարզապես 88-ին այդ օրենքն սկսեց գործել բացահայտորեն, առանց ՙվերնազգեստների՚. հայեր, եթե ունեք պահանջներ, ապա բարի եղեք պաշտպանել ինքներդ ձեզ՚:
Բոլորս ենք հիշում, թե ինչքան հաճախ էին կազմակերպվում հանրահավաքներ: Անմոռանալի էր հենց առաջինը և պատմականը` փետրվարի 20-ին կայացածը: Հասարակության համար դա անսովոր ու նոր երևույթ էր: Եվ, կարծես, այդ հանրահավաքների խառնարանում ձևավորվում էր ազգի նվիրյալ հայ մարդը:
ՙԵրբեք չէի գնում հանրահավաքների` ի տարբերություն այն առաջինների,- անկեղծանում է Գայանեն:- Այո, հետագայում դրանք շատ էին: Բայց ինձ հերիք էր ներկա լինել ընդամենը մեկին` Ստեփանակերտի Ղարմետաքսկոմբինատում կազմակերպածին /իմիջիայլոց, ՀՀՇ-ականներն էին անցկացնում/, որն ավելի շուտ հիշեցնում էր կոմերիտական ժողով: Չգիտեմ, գուցե կան մարդիկ, որոնց այդ հանրահավաքները ինչ-որ բան էին տալիս, կարևոր բան էին նշանակում, բայց ինձ ոչինչ չէին տալիս: Ներքին համոզմունք կար, որ մեզ ավելի գործուն մեթոդներ էին պետք, միջոցներ. չէ՞ որ ջունգլիների օրենքները խոսքեր չեն ճանաչում: Եվ դա էր օդում կանգնած: Պատերազմը անխուսափելիորեն պետք է բռնկվեր, պայթեր, այո, ի վնաս քաղքենի մարդուն, բայց` ի նպաստ ազգին: Այո՜, այո՜, պատմությունը դրա վառ վկան է. ոչ մի ազգ այս մեղսունակ երկրի վրա այլ կերպ չէր կարող հաստատել իրեն՚:
Բայց 88-ին հայերը պատրաստ չէին պատերազմելու: Ցավոք, պատերազմն էլ է արվեստ, որին այն ժամանակ չէինք տիրապետում: ՙԱնշուշտ, պատերազմը կարող էին հաղթել ամենաուժեղները, ամենադիմացկունները, ամենախիզախները, հոգով ամենաամուրները,- համոզված է ազատամարտիկը:- Շատերը գիտակցեցին պատերազմելու անհրաժեշտությունը և անվախ մտան պայքարի, հատկապես, որ թե՜ ադրբեջանցիները և թե՜ սովետական զորքերը հրահրում էին և, ի վերջո, սկսեցին պատերազմը: Հիշենք ՙԿոլցո՚ օպերացիան, որի հետևանքով տեղի ունեցավ Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի, Հադրութի շրջանի հարավային թևի, Գետաշենի, Շահումյանի հայկական շրջանի գյուղերի հայաթափումը: Այդ ուժեղ, խիզախ, գիտակից, ոգով ամուր մարտիկներից շատերը զոհվեցին: Նրանց շարքերը նոսրացան: Այսօր նրանցից շատերը, ցավոք, մեր կողքին չեն: Իսկ ողջ մնացածները չեն երևում՚:
Բայց չէ՞ որ նրանք պարգևների են արժանանում, թոշակներ են ստանում: ՙԱյո՜, բայց ո՜չ պարգևներով, ո՜չ էլ ստացած այդ թոշակով չես կարող ո՜չ քեզ, ո՜չ էլ ընտանիքդ կերակրել, պահել, հոգսեր հոգալ,- ափսոսանքով ասում է Գայանեն: Այո՜, վերանորոգվում են դպրոցներ, մանկապարտեզներ, եկեղեցիներ, կառուցվում են նոր շենքեր` տներ, դպրոցներ, եկեղեցիներ, մատուռներ: Բայց արի ու տես, որ քանդված ու կիսաքանդ մեր տաճարներին տեր չենք կանգնում: Նրանք մնում են առանց խնամքի, առանց ուշադրության, որոշ դեպքերում անգամ աղբակույտերի են վերածվում: Մինչև ե՞րբ պիտի մեր սրտերը ցավ ապրեն այդ խոնարհված տաճարների համար, որոնք ժամանակին հայի ստեղծագործ մտքի թռիչքներն էին՚:
Այս վերջին տարիներին, կարծես, սայլը տեղից շարժվել է: Հաճախ լսում ենք, թե ինչպես բարձր դասարանների դպրոցականները, երիտասարդները այս կամ այն առիթով համախմբվում են և կազմակերպում պատմական հուշարձանների շրջակայքի մաքրում: Գո՞ւցե, ընդօրինակելով նրանց` բոլորը կփոխեն վերաբերմունքը թե՜ հուշարձանների և թե՜, ընդհանրապես, բնության հանդեպ: ՙԳուցե,- համաձայնում է նա,- բայց ես չեմ տեսնում, որ այսօր մարդը հոգևոր արժեքներով ապրի: Հա, եկեղեցի ենք գնում, պատարագի մասնակցում, մոմ վառում, աղոթում, բայց… հոգևոր արժեքներով չենք առաջնորդվում մեր առօրյայում: Արդյո՞ք մենք դասեր քաղեցինք անցած տարիներից, արդո՞ք, կարողացանք ձևավորել քաղաքացիական հասարակություն: Որպես պատմաբան եմ պնդում, դա կարևորագույն բաղադրիչներից է ժամանակակից կայուն զարգացող պետության կայացման, մրցունակ լինելու համար: Չէ՞ որ պատերազմ գնալիս յուրաքանչյուրս գիտակցում և դա համարում էինք մեր պարտքը` հանուն ազատության, երկրի անկախության մեր ընդհանուր գործի: Ընդհանրապես, երկրի ապագան ինչպիսի՞ն կլինի: Ուրախություն եմ ապրում, երբ տեսնում եմ սերունդ, որը ծնվել, մեծացել ու հասունացել է, ի տարբերություն մեր սերնդի, ազգային գաղափարներով ապրող պետությունում: Նրանց ակտիվ, համարձակ, ինքնուրույն գործունեությամբ կձևավորվի այն հասարակությունը, որի լինելու անհրաժեշտության մասին խոսում եմ: Ապրիլյան պատերազմին տեղի ունեցած մարտերն ու հաղթանակը ցույց տվեցին, որ ունենք հասուն, գաղափարապես ամուր երիտասարդություն: Համոզված եմ, նրանք նաև խաղաղ օրերում կկարողանան հաղթել՚: