19-ԱՄՅԱ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ
Թովիկ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ք. Ճարտար
Վաղուց էի մտմտում գրել մեր՝ Արցախյան ազատամարտի մասնակիցներից մեկի, ՙՄարտական խաչ՚ 2-րդ աստիճանի շքանշանակիր (հետմահու), իմ կրտսեր մարտական ընկերոջ` Գևորգ Լևոնի Միրզոյանի մասին։
Ազատաբաղձ այդ տղան` կապտաթույր, շքեղ, գունագեղ երազանքներ, տենչանքներ ուներ։ Սակայն նրա բաղձանքների բաղձանքը հայրենի Արցախ երկրամասի անկախությունն ու ազատությունն էր, որի համար էլ նա արցախյան գոյապայքարի առաջին իսկ օրերից հոգու մղումով զենք վերցրեց և անդամագրվեց հարազատ գյուղի՝ Ճարտարի երկրապահ-կամավորականների ջոկատներից մեկին (ջոկատի հրամանատար՝ Կարլեն-Գալո Սաղյան)։ Այդպես նա հայրենյաց հողի պաշտպանությունը համարեց իր կյանքի առաջին քննությունը, պատասխանատվությունը։ Մարտական ծառայության առաջին իսկ օրերից կատարեց մի շարք կարևոր և պատասխանատու առաջադրանք-հանձնարարություններ՝ իրեն դրսևորելով որպես օրինապահ, պարտաճանաչ, համարձակ, հայրենասեր, գործուն ազատամարտիկ։ Ղարաբաղցի այր-տղամարդ, ով միաժամանակ օժտված է նաև սրամտությամբ և հումորով։ Աներկյուղ, խիզախ այդ ազատամարտիկը, ով սիրում էր հետախուզել թշնամու մարտական դիրքերը, շարժվող մարտական համապատասխան տեխնիկան, հեռահար հրետանային ուժերը, տեղաշարժերը, մի անգամ նման ՙուղևորությունից՚ հետո, մտնելով մեր խրամատ, հանում է բուռ-բուռ թթի չամիչ, բաժանում դիրքերում հերթապահող ընկերներին ու կատակով ասում՝ ՙԲա ասում են՝ կռվում չամիչ չեն բաժանում՚։
Այդ ժամանակ մեր մարտական դիրքերը դեռ տեղակայված էին Մարտունի-Ալիբալի մայրուղու խաչմերուկ-հանգուցահատվածում և նրա շրջակայքի բլրաշարերի բարձունքներում։
Մեկնարկելով գյուղամերձ (Ճարտար) տարածքներից՝ մեր ջոկատները, կարճատև հանգրվանելով այդ տեղանքում, օրեր անց կարողացան ամրապնդվել, ստվար ներուժով գրոհել ու ոսոխին ստիպել նահանջել ելման դիրքերը, դեպի Հարամու լայնարձակ տափաստանները...Գրոհողների առաջին շարքում էր նաև դեռևս հետևակի զինվոր Գևորգ Միրզոյանը։
Խիզախ այդ ավոյականը որոշ ժամանակ անց տեղափոխվեց, համալրեց երիտասարդ տանկիստների շարքերը՝ դառնալով մի շարք մարտերի բովով անցած, թրծված տանկիստներ Ռուբիկ Հայրապետյանի, Հովիկ Միրզոյանի մարտական անձնակազմի երիտասարդ անդամը։ Ազատագրական շատ մարտերի մասնակցեց՝ իրեն դրսևորելով որպես հմուտ տանկիստ։
Քանի որ հայրենի Ճարտարը համարյա սահմանամերձ էր, անարգ թշնամին համառորեն գյուղը պահելով արկերի, ռումբերի տեղատարափի տակ, ձգտում էր դուրս մղել բնակչությանը, գրավել այն և խուճապային տրամադրություն ստեղծել շրջակա մյուս բնակավայրերում։ Բայց մեր քաջարի ազատամարտիկների համառ ջանքերով ու անպարտելի մնաց բանաստեղծուհի Մետաքսեի խոսքով՝ Արցախի գյուղերի մայրաքաղաք Ճարտարը։ Մեծ էր ոչ միայն մեր հետևակի, հրետանու, այլև տանկիստների անուրանալի ներդրումը:
1992թ. դեկտեմբերի 6։ Այդ օրը ճակատագրական դարձավ երիտասարդ տանկիստ Գևորգի համար։ Սովորականի պես, վաղ առավոտյան վերցրեց ուսապարկը, ինքնաձիգը և ժպտադեմ ասաց հարազատներին. ՙՄինչ նոր հանդիպում, հարազատներ՚։ Այդ օրվա մարտը Մարզիլուի համար էր, Գևորգը ընկերների հետ մարտնչեց հերոսաբար, սակայն նրա համար այդ մարտը եղավ վերջինը։
Չափազանց սրտահույզ էր հրաժեշտի պահը, երբ Գևորգի մինուճար քույրը՝ Գայանեն, վերցրեց եղբոր ինքնաձիգն ու հորդացող արցունքների միջից բարձրաձայն երդվեց.
-Ես կլուծեմ քո վրեժը, եղբայր, կշարունակեմ քո պայքարը...