ՀԵՌԱՑՈՂ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՋԻՆ ՀԵՐՈՍՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Տասնամյակներ առաջ նրանք հաղթանակ կերտած միակ սերունդն էին, մեր խորհրդային մանկության իրական հերոսները։ Նրանց ամեն մայիսի հրավիրում էին դպրոց։ Մեր կողքին ապրող ու աշխատող պապերն ու տատերը հանկարծ դառնում էին վեհաշուք ու հպարտ, կորչում ոսկեգույն շքանշաններում, նրանք գալիս ու երկար-բարակ անհավատալի հուշեր էին պատմում՝ պատանեկան մեր երևակայության մեջ նշմարելի դարձնելով մեծ պարտերազմի պատկերը։ Հետո նրանց պատերազմը հեռացավ, եղավ մեր պատերազմը, որի մասնակիցը դարձանք բոլորս՝ դիրքերի վերածված գյուղաբաժաններում ու բակերում, երբ մեր հույսն ու պաշտպանը միայն մենք էինք։ Թերևս միայն այդ օրերին հավատացինք պապերի դաժան պատմություններին, և եկավ մեր հերթը մեր զավակներին ասելու՝ այնպես չլինի, որ հանկարծ կրկնվի։
Հետագայում շատ երկրներում Խորհրդային զինվորի հանդեպ փոխվեց վերաբերմունքը, հետխորհրդային մի շարք երկրներում նրանց սխրանքը նսեմացվեց, ստացավ այլ, բոլորովին հակառակ նշանակություն։ Մենք՝ հայերս, չուրացանք երկրորդ աշխարհամարտին մասնակցած մեր պապերի հերոսությունը, և գուցե հենց դրա համար ունեցանք հայկական դիվիզիաների հաղթական ընթացքը շարունակող ազգային բանակ։
Այսօր նախկին Խորհրդային պետությունում Մեծ հայրենական անվանումն ստացած պատերազմի մասնակիցների շարքերն ամենուր խիստ նոսրացել են։ Տարեցտարի նվազող հերոսական սերնդից է Հադրութի շրջանում ապրող 96-ամյա Գրիգորի Ամիրյանը։
Գրիգոր պապը հարգված ու ճանաչված մարդ է շրջանում. եղել է հայրենի գյուղի՝ Ազոխի կոլտնտեսության ղեկավարը, ենթաշրջանի գլխավոր գյուղատնտեսը։ Այսօր էլ, չնայած տարիքին, զարմանալիորեն կայտառ ու առույգ է, տեղյակ աշխարհի անցուդարձին, աստիճաններով իջնելիս մոռանում է ձեռնափայտին հենվել։ ՙՄիայն ականջներից եմ խեղճ,- ասում է,- աղջիկս ասում է՝ քո հեռուստացույցը ողջ գյուղն է լսում՚։
Ամեն տարի մայիսյան տոներին Գրիգոր պապը հագնում է տոնական կոստյումը, մեդալների ու շքանշանների առատությունից միայն այդ օրերին է մի փոքր կորանում նրա թիկունքը։ Մեր զրույցը նախկին հետախույզը սկսում է հարազատ շրջանի մասին պատմական տեղեկատվությամբ. շրջանից Երկրորդ աշխարհամարտին մասնակցել է 6555 մարդ, որոնց ուղիղ կեսը չի վերադարձել տուն։ Հադրութից էին Ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցը, ԽՍՀՄ հերոսներ Աշոտ Կասպարովը, Արմեն Հայրիյանը, բազմաթիվ այլ անուններ է հնչեցնում մեր հերոսը, ովքեր արժանացել են բարձր պարգևների։
Գ. Ամիրյանը ծնվել է 1925թ., ավարտել է գյուղի յոթնամյա դպրոցը, ընդունվել Հադրութի մանկավարժական տեխնիկում։ Արդեն պատերազմն սկսվել էր, ու երբ 18-ը լրացավ՝ զորակոչվեց բանակ, կրթությունը կիսատ մնաց։
Վետերանը տարիքին անհամապատասխան ճշգրտությամբ վերհիշում է պատերազմի իր առաջին օրերը. ՙ1943-ին ֆաշիստներն արդեն Մախաչկալա էին հասել։ Մեզ տարան Բաքու, ապա՝ Դաղստան. 3 ամիս ուսումնառությունից հետո անմիջապես հայտնվեցի կռվի դաշտում՚։ Մարտնչել է 416-րդ դիվիզիայի կազմում։ Երիտասարդ ու անփորձ տղային մարտերը միանգամից թրծեցին, ընդգրկվեց հետախուզական ջոկատում։ ՙԳիշերները մենք թշնամու գրաված տարածքներն էինք թափանցում, տեղեկություններ բերում, որ զորքն առաջ շարժվի՚։ Հյուսիսային Կովկասի բոլոր բնակավայրերն ազատագրելուց հետո հասել է հյուսիսային Ուկրաինա։ ՙՔաղցի ու սովի մեջ էինք, իրար հետ սև հացի վերջին կտորն էինք կիսում, ուտում էինք՝ ինչ պատահի։ Թեհրանում Մեծ եռյակի հանդիպումից հետո խորհրդային բանակի վիճակը լավացավ։ Վերջապես դեն նետեցի հարյուր անգամ մետաղալարերով կապկպած ճտքակոշիկներս՚։
Մինչև Ուկրաինայի Զապորոժիե քաղաք է ձգվել հետախույզի մարտական ճանապարհը։ Շատ ընկերներ է կորցրել, որոնց այսօր էլ հիշում է անուն առ անուն։ Հերթական հետախուզական առաջադրանքի ժամանակ թշնամին նկատել է նրանց, Գրիգոր պապն այդ գիշերը չորս ընկեր է կորցրել, ինքն էլ մեջքի հատվածում ծանր վիրավորում ստացել։ 1944թ. վերջին նրան զորացրել են, բուժումը շարունակել է Ստեփանակերտի հոսպիտալում։ Հաղթանակը դիմավորել է հարազատ գյուղում։
Պետք է ասել, որ նախկին հետախույզի ետպատերազմյան տարիները պակաս հերոսական չէին։ ՙՄեր Ազոխից 200 երիտասարդ է մեկնել ռազմաճակատ, 100-ն է վերադարձել։ Ծանր տարիներ էին, գյուղի տնտեսությունը քայքայված էր, որովհետև միայն կանայք ու ծեր տղամարդիկ էին մնացել գյուղում։ 7 տարի կոլտնտեսությունն եմ ղեկավարել, ոտքի կանգնեցրել գյուղը։ Ընտանիք եմ կազմել, ինքս մինուճար զավակ էի, որոշել էի՝ եթե ողջ մնամ, մեծ ընտանիք պիտի ունենամ՚,-ասում է նա։ Յոթ զավակ է մեծացել Ամիրյանների ընտանիքում՝ չորս որդի և երեք դուստր։ Բոլորին բարձրագույն կրթության է տվել Գրիգոր պապը, ավելին՝ նրանց հետ հեռակա ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը. շրջանում ճանաչված գյուղատնտես է եղել։
ՙԺամանակին մենք մի ընդհանուր հայրենիք ունեինք՝ Խորհրդային Միությունը, այսօր մենք մեր անկախ պետությունն ունենք, ես էլ իմ ներդրումն ունեմ՝ իմ զավակների միջոցով։ Բժիշկ որդիս՝ Էլմանը, պատերազմի տարիներին ռազմական վիրաբույժ էր, բազմաթիվ զինվորների կյանքեր է փրկել, իրավաբան որդիս՝ Սեյրանը, երկար տարիներ իրավական համակարգում է աշխատել։ Երկար կյանք եմ ապրել, բայց երբևէ իմ զավակների որևէ արարքի համար գլուխս չեմ կախել։ Իմ հպարտությունն են զավակներս, 16 թոռնիկներս ու 26 ծոռներս՚։
Չնայած անձրևոտ եղանակին, Գրիգոր պապը մեզ ուղեկցում է մինչև մեքենան՝ այդ ընթացքում խոսելով անհանգիստ աշխարհի վերջին նորությունների, ձենը չկտրող Ադրբեջանի ու ավարտը չերևացող համավարակի ընթացքի մասին։
Պայմանավորվում ենք մեր զրույցը շարունակել նրա 100-ամյակին։