Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՀՈՒՆԻՍԻ 29-Ը ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ Է

Լուսինե ՇԱԴՅԱՆ

 

ՍՊԱՍՈՒՄԸ ԿԱՆԳԱՌ ՉՈՒՆԻ

 

1993 թվականի սեպտեմբերի 3-ին վարորդ Բենիամին Այվազյանը երեք ընկերների հետ Ստեփանակերտից ուղևորվում է Կուբաթլու (ներկայում` Որոտան)՝ վառելիք բերելու: Թիկունքից նրանց վրա կրակ են բացում: Տղաներից մեկին հաջողվում է փախչել, իսկ մնացածների ճակատագիրն առայսօր անհայտ է…

27 տարի է անցել, սակայն Բենիամին Այվազյանի ընտանիքը դեռ սպասում է: Կսկիծն ու մորմոքը ընտանիքը փարատում է  Ստեփանակերտի Հուշահամալիրում՝ Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին կառուցված խաչքարին  ծաղիկներ խոնարհելով:

Առաջին հայացքից նուրբ ու փխրուն թվացող տիկին Ջուլիետայի հոգու խորքում մաքառող ու  պայքարող, դժվարություններից չընկրկող, սպասումով ու հավատով լեցուն կինն է: Ընդամենը 18 տարեկան էր, երբ ամուսնացավ և Բաքվից տեղափոխվեց Ստեփանակերտ: Ամուսնական կյանքը տևեց  6 տարի, տարիներ, որոնք  տիկին Ջուլիետայի հիշողություններում շաղախված են միմիայն սիրով ու ջերմությամբ. <<9 տարի ինձնից մեծ էր Բեկոն, վերաբերում էր ինձ ինչպես երեխայի: Չափազանց հոգատար էր, նրբանկատ, բարի ու ընկերասեր>>:

 Արցախյան պատերազմի տարիներին Բենիամինը հայկական բանակի համար զենք էր տեղափոխում, վառելիք: Չարաբաստիկ այդ օրը նա արդեն վերադարձել էր տուն, սակայն նորից պետք է գնար. <<Հոգնած էր շատ, չէր ուզում գնալ, բայց ստիպված էր>>,- ափսոսանքով վերհիշում է կինը: Ամուսնու անհետանալու լուրը նրան գուժեցին տեգրոջ տանը: <<Մեծ աղջկաս հետ էի: Մեկ էլ տեսնեմ՝ աղջիկս չկա. Մտել էր մյուս սենյակ, դուռը փակել ու լաց էր լինում: Մի ամբողջ տարի Մարինեն ամեն օր երազում խոսում էր հոր հետ>>: Միքայելն ու Իրինան հոր մասին համարյա ոչինչ չեն հիշում, միայն ավագ դուստրն ունի աղոտ հիշողություններ: Մոր խոսքերով՝ երեխաներից հորն ավելի շատ նման է  հենց Մարինեն՝ թե՛ բնավորությամբ, և թե՛ արտաքինով: 

Շուտով Բենիամինի վերաբերյալ  նրանք սկսեցին հակասական տեղեկություններ ստանալ: Մեքենայում եղածներից մեկը պատմում էր, որ ձախ կողմից՝ սրտին մոտ վիրավորում է ստացել ու մահացել: Լուրեր կային նաև, որ Բելաղանի հոսպիտալում է որոշ ժամանակ պահված եղել: Բուժվելուց հետո մի ոմն պաշտոնյա տարել է նրան: Սկզբնական շրջանում տիկին Ջուլիետան բախտակից կանանց հետ պարբերաբար գնում էր ոստիկանություն՝ որևէ նոր տեղեկություն ստանալու ակնկալիքով…

Երիտասարդ կնոջ համար շրջապատը խամրել էր, իսկ երեխաներին մեծացնել ու դաստիարակել էր պետք: Նրանց համար հագուստ տիկին Ջուլիետան կարում կամ գործում էր իր զգեստները վերաձևելով: Միայնակ մորը  դժվարությամբ, բայց  հաջողվում է ոտքի կանգնեցնել զավակներին: Հիմնականում զբաղվում էր առևտրով, սկզբից ուրիշների համար, բայց ժամանակի ընթացքում   նրան հաջողվեց ստեղծել սեփական խանութ:  <<Ամեն անգամ արտերկրից ապրանք բերելու ճանապարհին աչքերս չորս արած աջ ու ձախ էի նայում՝ հույսով, որ գուցե մի տեղ կտեսնեմ նրան…>>,- ցավը կոկորդում  խեղդելով ասում է Ջուլիետան… Մեծ է  ցանկությունն ամուսնուն հայտնելու, թե ինչպես են մեծացել իրենց զավակները և ինչ հրաշք թոռնիկներ պարգևել իրենց:

Լռության մեջ անգամ  նրա սպասումը կանգառ չունի: Ճիշտ է, ժամանակի ընթացքում  անորոշ հոգեվիճակները տեղի են տվել և կյանքի փորձառությամբ կայունացել են, սակայն հոգու տվայտանքը միշտ գերիշխող է, իսկ այն տիկին Ջուլիետայի մոտ սպասումն է: