[ARM]     [RUS]     [ENG]

Որդիս, ում լուսանկարն այս օրերին լայն տարածում գտավ աշխարհում, անմահացավ, վիշտս ծանր է․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր

 

Թշամու դեմ մղված պատերազմում նահատակվել է հայտնի լուսանկարի հերոսը՝ Ալբերտ Հովհաննիսյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը։

«Իմ որդին՝ Ալբերտ Հովհաննիսյանը, ում լուսանկարն այս օրերին լայն տարածում գտավ ողջ աշխարհում եւ հարազատ դարձավ շատերիդ համար, անմահացավ: Անչափելի ու անհատակ է իմ ու իմ ընտանիքի ցավը:

Օրեր շարունակ նրանից որեւէ տեղեկություն չունեինք, բայց շատերդ մեր ընտանիքի հետ էիք՝ ձեր ներկայությամբ, խոսքով, աղոթքներով, բայց ... այլ բան էր կանխորոշված:

Կոկորդս խեղդող արցունքների միջից ուզում եմ խնդրել, որ բոլորիդ հիշողություններում Ալբերտը մնա հավերժ երիտասարդ, անսահման լավատես, չափազանց հայրենասեր, ով մեծ երազանքներ ու շատ անելիքներ ուներ եւ ում մեծագույն սերը Հայրենիքն էր:

Վիշտս ծանր է ու մեծ, բայց հպարտությունս ավելի մեծ է, որ հայրենասեր հայի, մերօրյա իրական Հերոսի հայրն եմ: Գիտակցում եմ՝ իմ Ալբերտը միայն իմ Հերոսը չի, նա բոլորիս Հերոսն է, նաեւ ներկա ու ապագա սերունդների Հերոս հայի օրինակ, ով իր հերոս նախնիների ճամփան բռնեց եւ անմահացավ...

Փա՛ռք մեր հերոսներին»,- գրել է Արտակ Հովհաննիսյանը։

Ալբերտի լուսանկարի հեղինակը Զինուժ մեդիայի ֆոտոլրագրող Սիփան Գյուլումյանն էր։ Այն  հրապարակվել էր սեպտեմբերի 29-ին եւ մեծ տարածում գտել սոցիալական ցանցերում՝ ասոցացվելով պայքարի եւ հաղթանակի հետ։

 

 

 

Last modified onՀինգշաբթի, 08 Հոկտեմբերի 2020 11:33