[ARM]     [RUS]     [ENG]

Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատարը բանակցություններ է վարել ՀՀ ՊՆ ղեկավարի եւ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի հետ

 

Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը բանակցություններ է վարել ՀՀ ՊՆ ղեկավարի եւ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի հետ եւ քննարկել առաքելության մանրամասները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ռուսական խաղաղապահ ուժերի շտաբի աղբյուրին:

«Երեկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը բանակցություններ է վարել Հայաստանի պաշտպանության նախարարի եւ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի հետ»,-հայտնել է աղբյուրը:

Կողմերը քննարկել են խաղաղապահների տեղակայման, Լաչինի միջանցքում եւ Լեռնային Ղարաբաղում դիտակետերի տեղադրման տարբեր ասպեկտներ, ինչպես նաեւ անվտանգությանն առնչվող հարցեր:

Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահների հրամատարությունը «փոխգործակցություն է կազմակերպել» նաեւ Ադրբեջանի ՊՆ-ի հետ:

Նախօրեին ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը հայտնել էր, որ մեկ օրում Լեռնային Ղարաբաղ են տեղափոխել 414 ռուս խաղաղապահների եւ մի քանի տասնյակ ավտոմեքենաներ ու այլ մեքենաներ, ինչպես նաեւ 8 ուղղաթիռ եւ անօդաչուներ։ Խմբավորումն ընդհանուր պետք է կազմված լինի 1960 հրաձիգից, 90 զրահափոխադրիչից, 380 ավտոմեքենայից եւ այլ տեխնիկայից։