[ARM]     [RUS]     [ENG]

Հադրութ քաղաքում առնվազն 3-4 հայ է մնացել․ վարչակազմի ղեկավար

 

Ադրբեջանցիների կողմից Հադրութ քաղաքը վերցնելու պահին քաղաքում առնվազն 3-4 հայ է մնացել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Կամո  Պետրոսյանը։

«Երբ հոկտեմբերի 10-ին վարձկանները միանգամից մտան, ինչքան հնարավոր է՝ մարդկանց հանեցինք, բայց Հադրութի վերեւի մասում մնացել են նախնական տվյալով 3-4 հոգի։ Առ այսօր տեղեկություն չկա նրանցից՝ զոհված են, թե գերեվարված»,- ասաց նա՝ նշելով, որ քաղաքացիներ են մնացել նաեւ գյուղերում, սակայն դեռ ճշվում է, թե քանի քաղաքացու մասին է խոսքը։

Հադրութը ամբողջությամբ թշնամու վերահսկողության տակ է անցել հոկտեմբերի 12-ին։ Դիվերսանտների առաջին խումբը քաղաք է մտել հոկտեմբերի 10-ին վերեւի հատվածից։

«Վարչակազմում աշխատում էինք աշխատողներով, զենքեր էլ ունեինք։ Լուր ստացանք, Վարդաշատ գյուղից մեր տղաներից մեկը ասեց՝ վերեւից զորքով գալիս են, էնքան շատ են՝ 250-300 հոգի։ Գնացինք մենք վարչակազմով, մի քանի փողոց ներքեւ դեմները փակեցինք մի քանի հոգով, չէին կարողանում առաջ շարժվեին։ Ես էլ հենց այդտեղ վիրավորվեցի։ Հետո չէին կանգնում, հետեւից ահագին գալիս էին։ Խնդիրն այն էր, որ Հադրութում  պաշտպանության գիծ չկար, տեղացի տարբեր ստոբաժանումներ կային»,- պատմեց Հայկ Պետրոսյանը՝ նշելով, որ  մինչեւ պատերազմի վերջին օրերին էլ Հադրութցիները տարբեր դիրքերում կռիվ են տվել։  

Ընդհանուր առմամբ Հադրութի շրջանից 45 գյուղ է անցել թշնամուն եւ Հադրութ քաղաքը։ 13 500 քաղաքացի մնացել է անտուն։ Հայկ Պետրոսյանը հիշում է, որ մարդկանցից շատերը Հադրութը լքելիս չեն հասցրել անգամ առաջին անհրաժեշտության պարագաները վերցնել իրենց հետ։

«Մարդ կա՝ ինչ հագին կար, դուրս է եկել, մի կերպ գնացել։ Չէի ասի, որ բոլորն առաջին անհրաժեշտության իրերը կարողացել են տանել իրենց հետ։ Մեծամասամբ հույսով էինք, որ կպահեինք քաղաքը»,- ասաց նա։

Հայկ Պետրոսյանի խոսքով՝ հադրութցիների ցանկությունը իրենց հայրենի քաղաք վերադառնալն է։

«Մենք մեզ միայն Հադրութում ենք տեսնում։ Բոլորս հույսով ենք, այդ թվում՝ ես ինքս, որ պետք է վերադառնանք»,- ասաց նա։

Հադրութցիների գրանցման համար կենտրոններ են բացվել Ստեփանակերտում եւ Երեւանում։

 

 

 

 

 

Last modified onՀինգշաբթի, 19 Նոյեմբերի 2020 15:24