[ARM]     [RUS]     [ENG]

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԲԱՆԱԿԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԸ

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

Քրիստափոր Իվանյան – 100

Քսաներորդ դարավերջին սկսած ազգային-ազատագրական պայքարի կանչով հեռուներից հայրենիք վերադարձած և Արցախի ինքնապաշտպանությանը զինվորագրված բազմաթիվ հայորդիներից մեկը խորհրդային բանակի հրետանու պաշտոնաթող գեներալ-մայոր, յոթանասուներկուամյա Քրիստափոր Իվանյանն էր: Հայրենական մեծ պատերազմի տարիներին Կովկասյան նախալեռներից մարտերով Պրագա հասած լեգենդար հրետանավորը կես դար անց իր անունը փառքով պսակեց արցախյան ռազմաճակատներում, մեծ ավանդ ունեցավ ազգային բանակի կայացման գործում:

 Ք. Իվանյանի ողջ կենսագրությունը ճշմարիտ ապրած կյանքի լավագույն օրինակներից է: Նա հայ էր, ով տիրապետում էր Հայրենիքին ազնվորեն ծառայելու բարձր արվեստին: Պաշտոնաթող գեներալի հանգիստ ու բարեկեցիկ կյանքը նա թողեց առանց երկմտելու և Արցախ փութաց այն օրհասական պահին, երբ հայ ժողովուրդը կենաց-մահու պայքար էր մղում ադրբեջանական զավթիչների դեմ: Գալով Արցախ` նա ձեռնամուխ եղավ բանակային մի շարք ծառայությունների, հատկապես հրետանու կազմավորմանը և զինվորական մասնագետների պատրաստմանն օժանդակելու գործին: Ք. Իվանյանը ՊԲ-ում հրետանային կանոնավոր ծառայության և ուսումնական բազաների ստեղծման նախաձեռնողն ու կազմակերպիչն էր: Ցուցաբերելով անսպառ եռանդ ու բացառիկ աշխատասիրություն` նա անդադրում աշխատել է ԼՂՀ-ում կանոնավոր, շարժունակ և ժամանակակից բանակ ստեղծելու ուղղությամբ ու հասել նշանակալի արդյունքների: Նա հանդիսանում է տարբեր մակարդակի մի շարք հրամանատարների ուսուցիչն ու դաստիարակը: Գեներալ Իվանյանի գործնական գիտելիքները, փորձն ու իմաստուն խորհուրդները նպաստել են ռազմաճակատում թվապես ու տեխնիկապես գերազանցող թշնամուն հաղթելու գործին: Անմիջապես ղեկավարել է մի շարք ռազմական գործողություններ և հասել փայլուն հաջողությունների:

Գեներալ-լեյտենանտ Ք. Իվանյանը թողել է իր անջնջելի հետքը՝ ի դեմս նրա կողմից պատրաստված հրամանատարների ու մասնագետների, ինչպես նաև նրա ջանքերով ստեղծված և ցայսօր անխափան գործող ուսումնական զորամասերի ու կենտրոնների, հրաձգարանների ու փորձադաշտերի: Նա, հիրավի, մեծություն էր ոչ միայն որպես տաղանդավոր զորավար ու կազմակերպիչ, այլև որպես հայ, հայրենասեր ու քաղաքացի: Կյանքի մայրամուտին նա հասցրեց իր քաղաքացիական ու հայրենասիրական պարտքը կատարել հարազատ ժողովրդի հանդեպ, իր անշահախնդիր օգնությունն ու նպաստը բերել ազատագրական պայքարին և իր լուման ունենալ հաղթանակի գործում: Համածառայակիցների վկայությամբ Իվանյանը խիստ կարևորում էր բանակի նյութատեխնիկական բազայի, մասնավորապես` ռազմափորձադաշտերի ստեղծումը, առանց որի, նրա կարծիքով, հնարավոր չէ ուժեղ բանակ ունենալ: Եվ նա ստեղծում էր այդ փորձադաշտերը` հաղթահարելով բոլոր խոչընդոտները՝ լինեն դրանք նյութական, տեխնիկական, եղանակային, թե մարդկային գործոնի հետ կապված: Ռազմափորձադաշտերի կառուցապատման աշխատանքներին մասնակցում էին հիմնականում տարեց մարդիկ, որոնք մեկ-մեկ դժգոհում էին աշխատանքային ու եղանակային պայմաններից, բայց գեներալը երբեք չէր ընկճվում: Իր օրինակով, ապրելակերպով, պահվածքով կարողանում էր մարդկանց հաղորդել աշխատանքային տրամադրություն և միշտ հասնում էր նպատակին: Իվանյանը չէր խնայում ոչ մեկին, առաջին հերթին` իրեն:

Ք. Իվանյանի ստացած առաջին պարգևը Խորհրդային Միության ամենաբարձր պարգևներից էր՝ ՚՚Լենինի ՚՚ շքանշանը: Վերջինը՝ հետմահու պարգևը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն ՚՚ Արցախի Հերոս ՚՚ կոչումն ու ՚՚ Ոսկե Արծիվ ՚՚ շքանշանն էին: Հեռավոր 1942-ի աշնանը, 22 տարեկանում նրան առաջին անգամ զորամաս վստահվեց, պիտի կազմավորեր Հյուսիսկովկասյան ռազմաճակատի կազմի մեջ մտնող 195-րդ լեռնաականանետային գունդը: Հրամանատարական վերջին պաշտոնը նա ստանձնեց ավելի քան կես դար անց՝ ձեռնամուխ լինելով ԼՂՀ պաշտպանության բանակի կազմում լեռնահրաձգային դիվիզիայի կազմավորմանը:  

Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո իր սկզբունքային ու անզիջում բնավորության պատճառով շուրջ քառորդ դար՝ մինչև 1968 թվականը, նա ասես հաստիքային տեղապտույտի մեջ լիներ, անընդհատ նշանակվում էր դեռ պատերազմի ժամանակ վարած պաշտոնների՝ հրետանային գնդի ու բրիգադի հրամանատար, հրաձգային դիվիզիայի հրետանու պետ:Եվս քառորդ դար անց դարձյալ նույնն էր՝ ԼՂՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, մոտոհրաձգային բրիգադի հրամանատար, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, լեռնահրաձգային զորամիավորման հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ:

Ստեփանակերտի ռազմամարզական վարժարանն այսօր կրում է մեծ երախտավորի անունը: Խոջալուն նրա պատվին վերանվանվել է Իվանյան: Արցախում Ք. Իվանյանից թանկ ու անմոռաց բազմաթիվ հիշողություններ են մնացել, նրա հետ առնչված յուրաքանչյուր զինվոր ու սպա իր Իվանյանապատումն ունի: Ք. Իվանյանը հավերժ կմնա ճանաչողների սրտերում, որպես՝ օրվա ընթացքում 18-20 ժամ աշխատելու եզակի եռանդ, կարգապահ, մարտական ու պետական-քաղաքական բարձր պատրաստություն, զինվորական մասնագիտությունը սիրող, սկզբունքային ու արհեստավարժ ռազմավարին վայել հետևողականություն ունեցող, օրինակելի վարքի տեր անձնավորություն, ով ամեն ինչ արեց Արցախում մարտունակ բանակի ստեղծման ու հակառակորդի ագրեսիայի դիմագրավման ուղղությամբ: Ք. Իվանյանի ֆենոմենը մնալու է անգերազանցելի: Նա հայրենիքի պաշտպանության գործին անմնացորդ ծառայելու և նվիրվելու վառ օրինակ է, ուստի պատահական չէ, որ նրան անվանում են Ղարաբաղյան բանակի ճարտարապետ: Երջանկահիշատակ գեներալի  հայրենանվիրումի պարզ ու խորունկ բանաձևը դաս է ներկա ու գալիք սերունդներին. ՚՚ Ես եկա Ղարաբաղ՝ օգնելու իմ ժողովրդին… Եկա, և նրանց աչքերում տեսնելով հպարտություն ու կամք, որոշեցի մնալ այստեղ… Նախկին Խորհրդային բանակից ստացած իմ գիտելիքները ես պարտավոր էի ոչ թե թաղել ինձ հետ, այլ տալ իմ ժողովրդին: Վերջ ի վերջո, չէ՞ որ ես հայ եմ, և կոչումով մի մարդ, ով տիրապետում է ռազմական գործին…՚՚

 

 

 

Last modified onԵրկուշաբթի, 21 Դեկտեմբերի 2020 07:37