ԻՐԵՂԵՆ ՍԽՐԱՆՔԱՊԱՏՈՒՄՆԵՐ
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Մեր նորագույն պատմության ոչ հեռու անցյալի մարտական էջերից մեզ ընդամենը երեք տասնամյակ է բաժանում... Ետ նայելով ու մտովի ժողովելով ձեռքբերումները, տեսնում ենք, որ փոքր երկրում հիշատակության արժանի մեծ գործեր են կատարվել... Հրապարակի վրա բազմաթիվ գրավոր ու բանավոր հիշատակություններ կան, գրվել են բազմաթիվ գրքեր, նկարահանվել գեղարվեստական ու փաստավավերագրական ֆիլմեր, կատարվել բազմաթիվ ուսումնասիրություններ։ Այդքանով հանդերձ, ունենք նաև մեր հերոսների մասին պատմող ու վկայող իրեղեն ապացույցներ, որոնցից յուրաքանչյուրը մի սխրանքապատում է, մի վկայություն։ Հանրապետությունում ու հանրապետությունից դուրս, բազմաթիվ փոքրումեծ թանգարաններում, պահվում են մերօրյա հերոսների մասունքներից, իսկ դրանց մի զգալի մասը դեռևս պահվում է տներում... Վաղուց ժամանակն է, որ մեր հերոսներն ունենան իրենց սխրանքին արժանի Մարտական փառքի թանգարան, որտեղ մի տանիքի տակ կհավաքվեն նրանց մասունքները։
...Այցելելով Պաշտպանության բանակի հուշաթանգարան, ականատես եղանք խնամքով ներկայացված մի հավաքածուի, որտեղ յուրաքանչյուր ցուցանմուշ մի ասքապատում է, հերոսության վառ առհավատչյա... Տնօրեն, նկարչուհի Լիանա Քոչարյանը, օգտագործելով փոքրիկ տարածքի սուղ հնարավորությունները, այցելուներին ի տես ճաշակով ձևավորել է ցուցանմուշները, նոր շունչ տվել ամեն մի մասունքի։
Պաշտպանության բանակում Մարտական փառքի թանգարան ունենալու գաղափարի հեղինակը և առաջին տնօրենը ԱՀ ՙՄայրություն՚ ՀԿ նախագահ Հասմիկ Միքայելյանն է։ Այսօրվա պես հիշում է. առաջին ցուցանմուշը ՙՄայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին՚ հուշամեդալն էր... Հետո եկան պրպտումների ու փնտրտուքների օրերը, նորանշանակ տնօրենը այցելում էր տնից տուն, խրամատից խրամատ, լինում բոլոր պաշտպանական շրջաններում, հանդիպում բազմաթիվ հերոսների։ Սկզբնական շրջանում դիմադրում էին, չէին ուզում բաժանվել հարազատ մասունք- վկայություններից, սակայն կամաց-կամաց տեղի տվեցին, գիտակցելով, որ դա անհրաժեշտություն է, և մասունքներն այդ վաղ թե ուշ հանուրի սեփականությունը պիտի դառնան։ Դեռ ավելին, դրանցով պետք է սերունդներ դաստիարակվեն, ու իրենք էլ իրենց հերթին եկող սերունդներին փոխանցեն։ Ինը տարվա ընթացքում նրան հաջողվեց ՀՀ-ից ու ԱՀ-ից հավաքել շուրջ 5 հազար ցուցադրության արժանի մասունք։ Հավաքածուից Հ. Միքայելյանը հատկապես կարևորում է ֆիդայի-ազատամարտիկների ձեռքերով պատրաստված ինքնաշեն զենքերը։ Միայն ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս Յուրի Պողոսյանի մայրը Յուրիի ձեռքով պատրաստված 6 ինքնաշեն զենք է տրամադրել թանգարանին։ Երկու-երեք անգամ Վլադիմիր Բալայանի, Նորայր Դանիելյանի մայրերին է այցելել, նրանք մեծ դժվարությամբ էին բաժանվում որդիների սխրանքը հիշեցնող իրերից ու փաստաթղթերից։ Հ. Միքայելյանը մատնացույց է անում Բերդաձորից բերված կիթառը, որը կռվող տղաների ընկերն էր պատերազմական ընդմիջումներին։ Ասկերանի շրջանի Սառնաղբյուր /Աղբուլաղ/ գյուղում նրան հաձնված մասունքը եզակիներից է սովորական բահը տղաները դարձրել են ականանետ ու պաշտպանել հայրենի գյուղը։ Ձեռքի ափի մեջ տեղավորվող ատրճանակը նույնպես բացառիկ արժեք ունի և այնպիսի հղկվածություն, որին կնախանձեր ոսկերիչն անգամ։
Առաջին տնօրենի երազանքն է, որ Պաշտպանության բանակի թանգարանը լինի մայրաքաղաքի ամենագեղեցիկ կառույցներից մեկը, համապատասխանի թանգարանային բոլոր չափանիշներին, հանդիսանա բնակչության նախընտրելի ու պաշտելի վայրերից մեկը։
Թանգարանի ներկայիս տնօրենը՝ Լիանա Քոչարյանը, ձեռքերը ծալած չի սպասում, թե երբ կունենան լիարժեք ու ժամանակակից պայմաններ, նա ամեն օր մի նոր գաղափար ու մտահղացում է կյանքի կոչում։ Նրա կարծիքով՝ թանգարանը ոչ միայն հարուստ ցուցադրությամբ պիտի աչքի ընկնի, այլև պիտի դառնա գիտաուսումնական կենտրոն, որտեղ սովորողներն ու ուսանողները կգտնեն իրենց համար օգտակար և ուսանելի տեղեկատվություն։ Նույնը և նախատեսվում է բանակի սերժանտների ու սպաների համար, բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են Պաշտպանության բանակի պատմությամբ։ Քարոզչական նյութի մեծ պաշար է կուտակվել, որը պետք է օգտագործել նպատակային, ըստ էության ու նշանակության, այստեղ յուրաքանչյուր բեկորն անգամ իր անկրկնելի պատմությունն ունի։
Ճիշտ է, թանգարանը հիմա ոչ բոլորին է հասու, սակայն տնօրենը խոստանում է այդ ուղղությամբ գործուն քայլեր կատարել և բոլոր ցանկացողներին հասու դարձնել թանգարանի պահոցներին՝ այն դարձնելով հայրենասիրական մղումների մի յուրօրինակ դարբնոց։