[ARM]     [RUS]     [ENG]

Հերոսը՝ Աղավնոյի ափից

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

 Արցախյան 2020թ․ պատերազմի ընթացքում Քաշաթաղի շրջանից հայրենիքը պաշտպանելիս նահատակվեցին 40-ից ավելի հերոսներ, կան 3 տասնյակից ավելի անհայտ կորած տղաներ, ավելի շատ են վիրավորները։ Քաշաթաղցիների հայրենասիրությունը միշտ է երևացել․ թե՜ խաղաղ օրերին, թե՜ պատերազմական ժամանակներում։

Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի հենց առաջին օրը շատ կամավորներ էին պատրաստ մեկնելու առաջնագիծ, ժամանակին զինկոմիսարիատ էին ներկայացել պահեստազորայինները, ովքեր ստացել էին ծանուցագիր։ Շրջանի Աղավնո գետի հովտից տղաներն առաջիններից էին, որ տեղում էին և պատերազմի առաջին օրը մեկնեցին ճակատ։ Մոշաթաղ գյուղից էր Գոռ Հակոբի Գասպարյանը։ Երբ կազմավորվեց Քաշաթաղի շրջանը, Աղավնոյի հովտի Մոշաթաղը վերահայացած առաջին բնակավայրերից էր։ Մասնագիտությամբ նկարիչ ու շինարար Հակոբ Գասպարյանն այդ ժամանակ ուներ 3 զավակ և ընտանիքով այստեղ եկավ 1995 թվականին։ Գոռը 2 տարեկան էր, ծնվել է 1993թ. հոկտեմբերի 20-ին։ Մոշաթաղում շուտով սկսեց գործել հանրակրթական դպրոցը, որտեղ Հակոբը սկսեց աշխատել որպես կերպարվեստի ուսուցիչ։ Մոշաթաղում ծնվեցին մյուս 4 զավակները՝ Ագապին, Ալինան, Սոնան և Գագիկը։ ԱՀ կառավարության կողմից բազմազավակ ընտանիքի համար նոր տուն կառուցվեց: Մեծ ու իսկական հայի գերդաստանում մեծացավ Գոռը՝ հայրենասեր, բարի, բոլորի կողմից սիրված:
2018-ին ՙՀայրենասեր՚ ՀԿ-ի ֆինանսավորմամբ հիմնանորոգվեց Մոշաթաղի դպրոցի շենքը, աշխատանքներում ներգրավված էին Հակոբն ու որդիները՝ Գրիգորը, Գոռը, Հրաչը։ 2018թ. գյուղի միջնակարգ դպրոցն անվանակոչվեց Ապրիլյան քառօրյայի հերոս Մերուժան Ստեփանյանի անունով։ Դպրոցում միջնակարգ կրթություն ստանալուց հետո՝ 2011-ին, Գոռը զորակոչվեց Հայոց բանակ և զորացրվեց 2013թ.: Կարգապահ զինվոր էր, զորամասի հրամանատարության կողմից արժանացել է պարգևների, շնորհակալագրերի: Նույն 2013-ին ընդունվում է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի տնտեսագիտության բաժին:
Սիրում էր իր երկիրը, եղբոր՝ Հրաչի հետ շրջում էր Մեծ Իշխանասարի ստորոտներում, Աղավնոյի հովտում, որտեղ բազում են Հայոց պատմաճարտարապետական հուշարձանները։ Ցավ էր ապրում, որ կործանման եզրին էր իրենց համայնքի տարածքում գտնվող Վարազգոմի վանքը՝ 9-րդ դարի հրաշակերտ եկեղեցին։ Հոր և եղբայրների հետ մասնակցում էր ՙՀայրենասեր՚ հասարակական կազմակերպության կողմից ձեռնարկված դպրոցաշինության աշխատանքներին։ Սակայն հայ մարդը կարճ ժամկետով է մշտապես ապրել խաղաղ պայմաններում։ Ստիպված է եղել խաղաղ աշխատանքը թողնել ու զենք վերցնել։ 2016 թվականի Ապրիլյան քառօրյայի և շարունակվող պատերազմին Քաշաթաղի շրջանից մասնակցեցին 1200-ից ավելի կամավորականներ, այդ թվում նաև Գոռը։
Այլ էր Արցախյան նոր պատերազմը։ 2020թ. սեպտեմբերի 30-ին, Մայր Արաքսի ափին, ընթացող թեժ մարտերի ժամանակ էլ զոհվեց մոշաթաղցի Գոռ Գասպարյանը։
ՙԵղբայրս՝ Գոռը, 2 տարով մեծ է ինձանից։ Մենք դեռ մանկուց թև ու թիկունք էինք միմյանց։ Հիշում եմ՝ փոքր ժամանակ շատ էինք կռվում, բայց հաջորդ վայրկյանին հաշտվում և մոռանում էինք եղածը։ Ցանկացած հարցում էինք պատրաստ իրար օգնելու։ Դեռ փոքրուց շատ հայրենասեր էր Գոռը։ Երբ լրացավ 18 տարին, չնայած առողջական խնդիր ուներ ոտքերի հետ, գնաց բանակ։ Ծառայում էր Մեխակավանում (Ջաբրայիլ)։ Երբ լրացավ 18 տարիս և պետք է գնայի բանակ, իմ ցանկությամբ ծառայության անցա եղբորս զորամասում, բայց՝ տարբեր վաշտերում։ 2 տարի ծառայեցինք, վերադարձանք տուն։ 2016 թվականի ապրիլին, երբ սկսվեց պատերազմը, ծանուցագիր ստացավ Գոռը։ Բայց նա, մինչ ծանուցագիր ստանալը, դիմել էր զինկոմիսարիատ ու մեկնել առաջնագիծ։ Ես նույնպես կամավոր գնացի՝ եղբորս կողքին կանգնելու։ Պատերազմն ավարտվեց, վերադարձանք տուն։ Ցավոք, խաղաղությունը երկարատև չեղավ։ Ես գյուղում չէի։ Երբ իմացա, շտապեցի Բերձոր։ Եղբայրս արդեն գնացել էր։ Մի քանի ժամվա տարբերությամբ ես էլ գնացի։ Ե՜վ ապրիլյանի ժամանակ, և՜ այս կռվում մարտնչում էինք տարբեր դիրքերում։ Եղբայրս սեպտեմբերի 30-ին զոհվեց՚,- ասում է Գոռի եղբայրը՝ Հրաչը։
Ցավոք, այս պատերազմում մենք կորցրեցինք նաև ազատագրված ու վերահայացած մեր հայրենիքի այս հատվածը՝ Աղավնոյի հովիտը՝ Պատմական Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Աղահեչք-Քաշաթաղ գավառը, որտեղ 1994-2020թթ․ հասակ առան շատ հայ երեխաներ՝ ծաղկեցնելով հայրենի երկիրը։ Շատերը կռվի ելան, հերոսացան մարտերում, միայն Աղավնոյի հովտից զոհվեց 4 հոգի, անհայտ կորած է 3 կամավորական, վիրավորվել է ևս 4-ը։

 

 

 

Last modified onՀինգշաբթի, 14 Հունվարի 2021 12:33