ՙՄԻՀՐ՚-Ը ԿՈՓՈՒՄ Է ՊԱՏԱՆԻՆԵՐԻՆ
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
Ապագա զինվորի համար կարևոր է՝ մինչ բանակ մեկնելը որոշակի ֆիզիկական դաստիարակություն անցնել ռազմամարզական ճամբարներում, մարզադպրոցներում։ Անցած տարի կորոնավիրուսի համաճարակի պատճառով դժվարություններ առաջացան տուրիզմի բնագավառում։ Բայց նույն դժվարությունները պատճառ հանդիսացան, որ տուրիզմով զբաղվող Գոռ Մանուկյանն ստեղծի ՙԿարանտին արշավախումբը՚ և կազմակերպի արշավներ ՀՀ տարբեր մարզերի պատմաճարտարապետական հուշարձաններ, գեղատեսիլ վայրեր։ Ամռան վերջին արշավախմբերը եկան Արցախ։
Սեպտեմբերյան պատերազմը փոխեց ամեն ինչ։ ՙԿարանտին արշավախմբի՚ մեքենաներն արդեն Արցախում էին. սնունդ ու այլ անհրաժեշտ պարագաներ էին հասցնում առաջնագիծ ու բնակչությանը, զբաղված էին վտանգված վայրերից կանանց, երեխաների, տարեցների տարհանմամբ։ Որոշ ժամանակ արշավախմբի անդամները Քաշաթաղի տարածքում հսկում էին սահմանը։ Պատերազմի ավարտից հետո խմբի տղաներն արդեն ՀՀ սահմանում էին հերթապահում։ Անցած դեկտեմբերի վերջին ստեղծել են ՙՄիհր՚ նվիրյալների ռազմամարզական հասարակական կազմակերպություն /ՀԿ/ և զբաղվում են պատանիներին, երիտասարդներին մարզելով։
Մարզական ճամբարում ծանոթացանք կատարվող աշխատանքներին, զրուցեցինք ՀԿ նախագահ Գոռ Մանուկյանի, մարզվող պատանիների հետ։ ՙՆպատակն է՝ աջակցել սահմանամերձ բնակավայրերի ազգաբնակչությանը՝ ունենալ կիրթ ու մարզված երիտասարդություն, ով տեր է կանգնելու հայի արժեհամակարգին՚,- ասաց Գ. Մանուկյանը։ Ճամբարի մարզումներին կարող են մասնակցել բոլորը՝ առանց տարիքի ու սեռի սահմանափակման։ Առանձնապես կարևոր է, որ մարզումներին սիրով են մասնակցում նախազորակոչային տարիքի պատանիները։ Շաբաթվա ընթացքում 3 օր մարզումի մասնակիցները մնում են ճամբարում, որտեղ տեղակայված են վրաններ, մեքենայի ծածկաթափք։ Տղաները ծանոթանում են զորանոցային կյանքին, սովորում առաջին բուժօգնություն, մարտավարություն, կրակային պատրաստություն և այլ կարևոր դասեր։ Պատանիները շատ լուրջ են տրամադրված, սիրով են մասնակցում մարզումներին։ Եվ սա պարտավորեցնում է՝ ավելի ակտիվ գործել։ Կարևորեց, որ Հայոց բանակի սպաները, բացի արհեստավարժ զինվորական լինելուց, լինեն նաև գաղափարի մարտիկներ։ Մենք պարտվեցինք այս պատերազմում, բայց սա վերջ չի նշանակում։ Ողջ ազգն է պարտավոր դառնալ հայրենիքի զինվոր, որ կարողանանք առաջ ընթանալ, տեր մնալ մեր հայրենիքին։
Մարզումների մասնակից պատանիներից Ավետ Մկրտչյանը Հրազդանից է, ցանկանում է դառնալ զինվորական։ 11-րդ դասարանցի Խաչիկն ու 7-րդցի Ավետիսն Աբովյան քաղաքից են։ Թեև հետագայում երևի զինվորական չդառնան, բայց մարզումները կարևորում են. կյանքում միշտ պետք են գալու։ Հրազդանցի Արման Մինասյանը երևի զինվորական դառնա ապագայում, այժմ 10-րդ դասարանում է սովորում, և մինչ դպրոցն ավարտելը կմարզվի։ Մարզումների մասնակից բոլոր տղաները գոհ են, նաև ամենակրտսերը՝ Գոռ Սարգսյանը, ով ԱԿ ինքնաձիգի փայտե, սակայն իսկական զենքի քաշի ու տեսքի կաղապարն ուսին, հերթապահում էր։ ՙԱյսօր մարզում ենք տղաներին, որ կարողանան իրենց ճիշտ դրսևորել բանակում։ Իսկ վերջին պատերազմից շատ դասեր պետք է քաղենք՚,-ասաց Գոռ Մանուկյանը, երբ հրաժեշտ էինք տալիս ճամբարականներին։ Օրվա ընթացքում ճամբար այցելեցին քաշաթաղցի ազատամարտիկներ, ովքեր նաև վերջին պատերազմի մասնակիցներ էին։