ԺԱՄԱՆԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԵՐ ՁԱՅՆԸ ԼՍԵԼԻ ԿԼԻՆԻ, ԳՈՐԾԸ՝ ՏԵՍԱՆԵԼԻ…
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ՙԱ.Ա ՚-ի հարցազրույցը ՙԱրցախի պահեստազորի սպաների միություն՚ ՀԿ նախագահ Կարմեն Ասլանյանի հետ։
- Ո՞րոնք են կազմակերպության ստեղծման գլխավոր ազդակները։
- Արցախի պահեստազորի սպաների միությունը հիմնադրվել է 2020 թվականի հուլիսի 30-ին։ Գաղափարն ինձ մոտ ծագել էր դեռևս Պաշտպանության բանակում ծառայության տարիներին, և զորացրվելուց հետո մի խումբ համախոհների հետ այն կյանքի կոչեցինք՝ նպատակ ունենալով օգնել, աջակցել ու սատար կանգնել պահեստազորի սպաների փոքր ՙբանակ՚-ին։ Սակայն մեզ համար որպես հիմնական խնդիր եղել և մնում է Արցախի Հանրապետության անվտանգության ապահովումը, և փորձել ու փորձում ենք մեր ներուժն օգտագործել այդ կարևորագույն բնագավառում։ Սեղմ ժամանակահատվածում հասցրել ենք հանդիպումներ ունենալ մի շարք շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների հետ։ Մեր նախաձեռնողականության ու ջանքերի շնորհիվ 2021 թվականի սեպտեմբերի 1-ին ԱրՊՀ-ում կբացվի ու կգործի Ռազմական ամբիոն, որն ավարտելուց հետո ուսանողները կստանան լեյտենանտի զինվորական կոչում։ Հանդիպումների միջոցով մի շարք նախարարությունների ղեկավար կազմի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել սոցիալապես օգնել պահեստազորի սպաներին և ոչ միայն նրանց, մենք նախանձախնդիր ենք ձեռք հասցնել բոլոր կարիքավորներին։ Մեկ ամսվա ընթացքում մեր գրասենյակը բացվելու է, ունենալու ենք աշխատանքային նորմալ պայմաններ, իսկ անհրաժեշտ ներուժն, արդեն ասացի, ունենք, ու շարունակ համալրվում են մեր շարքերը։ Մտադիր ենք վերանորոգել-վերագործարկել նախկին Սպայի տունը։ Մեր կողմից որոշակի աշխատանքներ են տարվում բանկը պայմանագրային հիմունքներով զինծառայողներով համալրելու գործընթացին աջակցելու ուղղությամբ։ Փորձում ենք ձեռք հասցնել զոհված սպաների ընտանիքներին, պատերազմի հետևանքով տարհանված ու կարիքի մեջ հայտնված մեր հայրենակիցներին։ Մտադիր ենք կազմակերպության ներուժն օգտագործելով և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցելով ու արդարության սկզբունքով առաջնորդվելով հասցեատերերին հասցնել բոլոր տեսակի նպաստներն ու փոխառությունները։ Նպատակ ունենք տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկել հասարակության մեջ սպայի տեղի ու դերի բարձրացման ուղղությամբ… անկեղծ լինենք և խոստովանենք, որ վերջին շրջանում բանակի հանդեպ անտարբեր /բացասական չէի ասի/ ենք եղել, ինչն էլ հանգեցրել է ներկայիս ձախողումներին։ Ժամանակին պատշաճ ուշադրության չենք արժանացրել մեր սպաների սոցիալական խնդիրները, ինչ-որ տեղ հետաձգվել, կամ ոտնահարվել են դրանք, հաճախ անտեսվել նրանց իրավունքները։ Սպայական ընտանիքներ ունենք, որոնք 15-20 տարի ապրում են վարձով, երազում սեփական տանիքի մասին։ Մեր ձախողումներից մեկն էլ այն էր, որ չկարողացանք խաղաղ պայմաններում բանակը համալրել արհեստավարժ մասնագետներով։ Հիշենք, թե ինչպես էր գեներալ Իվանյանը 92-94թ.թ. հրետանային ուսումնական կենտրոններ բացում, ուսուցանելով մարտնչող տղաներին։ Այսօր էլ մեր բանակի հրետանու կորիզը կազմում են այդ ուսումնական կենտրոններն ավարտած սպաները, որոնք հետագայում ակադեմիաներ են ավարտել, ՊԲ- ում բարձր պաշտոններ զբաղեցրել և շարունակում են զբաղեցնել։ Իմ կարծիքով՝ այսօր էլ անհրաժեշտ է նման կենտրոնների բացումը, որոնք ռազմական ամբիոնի հետ միասին կկարողանան ապահովել սպայական անհրաժեշտ քանակակազմը, իհարկե, աչքի տակ ունենալով առաջին հերթին նրանց ունակությունները, արհեստավարժությունը, պատրաստությունն ու պատրաստականությունը։
- Փաստորեն, մեկտեղելով ձեր հնարավորությունները, ուղիներ եք որոնում ոչ միայն ինքնադրսևորվելու, այլև հանրօգուտ գործի համար։
- Մեր կանոնադրության համաձայն պարտավորվել ենք օգնել զորացրված սպաներին խորհրդատվություններով, աջակցել քաղաքացիական կյանքին նրանց ինտեգրմանը, աշխատանքով ապահովմանը և այլն։ ԱՀ նախագահի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել փոխհատուցել այն սպաների բնակվարձը, ովքեր զորացրվելուց հետո էլ շարունակում են ապրել վարձով՝ սպասելով բնակարանով ապահովման իրենց հերթին։ Նույնը և գույքահարկի հետ կապված. փորձել ենք հարցում պարզություն մտցնել, այս և նմանատիպ մի շարք հարցեր ընթացքի մեջ են, լիահույս ենք՝ նմանատիպ և մնացած բոլոր այլ կարգի խնդիրները լուծել հօգուտ սպայի ու նրա ընտանիքի։
- Պահեստազորայինների ձեր ՙ բանակ ՚-ի շարքերը շարունակու՞մ են համալրվել։
- Այո, հասցրել ենք նաև հանդիպումներ ունենալ Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի, Շուշիի շրջաններում, բացել ենք մեր ակտիվ ֆեյսբուքյան էջը, որտեղ մեր գործունեության մասին զետեղում ենք թարմ տեղեկատվություն։ Մոտ ապագայում նախատեսում ենք փոքր գրասենյակներ ունենալ նաև շրջկենտրոններում, վարչության կազմում ընդգրկված կլինեն ներկայացուցիչներ շրջաններից, ինչը հնարավորություն կտա առաջին ձեռքից իրազեկ լինել տեղերում նրանց խնդիրներին։ Վրահաս պատերազմի հետևանքով մեր շատ ծրագրեր ձախողվել են, սակայն հուսով ենք կարճ ժամանակում շտկել բաց թողնվածը և հետամուտ լինել բոլոր փոքրումեծ ծրագրերի իրագործմանը։
- Ի՞նչ միջոցներով է գոյատևում կազմակերպությունը։
- Առաջինների թվում մեզ ձեռք է մեկնել ՙԲեյզ – Մեթըլս՚-ը, ապա Արցախհէկը, ՙՇինվերպլյուսը՚, և այլք։ Համագործակցության համար բաց ենք բոլոր հասարակական կազմակերպությունների, անհատների, հիմնադրամների և բոլոր նրանց առջև, ովքեր նպատակ ունեն իրեն ուժերի ու հնարավորությունների սահմանում օգտակար լինել սեփական /ցավոք, դեռևս վիրավոր/ երկրին ու ժողովրդին։ Պարտավորված ենք անձնական օրինակ ծառայել բոլորի և յուրաքանչյուրի համար? Բերեմ միայն մի փոքրիկ օրինակ. պատերազմից հետո մեզ տրամադրված դրամական խրախուսումը ես և իմ ընկերներից շատերը տրամադրել ենք զոհվածների ընտանիքներին։ Թող մեր ժողովուրդը վստահ լինի, որ մեր ներուժը, միջոցները, հնարավորությունները, փորձն ու գիտելիքները օգտագործելու ենք մեր երկրի, պետության անվտանգության ապահովության համար։
- Վստահ եմ, որ ձեր տեսադարտից դուրս չի մնացել ռազմահայրենասիրական դաստիարակության գործոնը։
- Միանշանակ այն մեր ուշադրության կենտրոնում է… ՙԱրիության դասեր՚ - ի և այլ միջոցառումների շնորհիվ թեժ ենք պահելու այդ երակը, համագործակցելու ենք կրթության նախարարության հետ /և ոչ միայն/ ու անելու ենք ամեն հնարավորը՝ արժանապատիվ սերունդ դաստիարակելու համար։ Բոլոր բնագավառներում մենք ասելու ենք մեր խոսքը, սակայն մեր ձայնը առավել բարձր հնչելու է անվտանգության ասպարեզի խնդիրները վեր հանելու, լուծումներ գտնելու, և ամեն գնով օգտակար լինելու տեսլականում ու այդ տիրույթում։ Մեզ համար համախմբվածությունն ու միասնությունը առաջնային են և ոչ ինքնանպատակ։ Համախմբվելու ենք ծրագրերով ու նպատակներով, և ժամանակի ընթացքում մեր ձայնը լսելի, իսկ մեր գործը տեսանելի ու շոշափելի է դառնալու։