ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՉԸ՝ ԿԱԿԱՉ...
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Սիաննա Մնացականյանը, իսկ ավելի մտերմիկ՝ Սյուզին, Արցախյան պատերազմի մարտիկներից է, այն քչերից, որոնք մինչև զինադադար կռվել են զենքը ձեռքին... Ճիշտ է, պատերազմում աղջիկների պակաս չի եղել, սակայն նրանցից քչերն են կռվել առաջնագծում։ Այդ քչերից է Սյուզին, ում մարտական ընկերները հենց այդպես էին դիմում...
Առաջնագծի տղաների մարտական ընկերուհին հոգում մի թաքուն երազանք էր փայփայում` բարձրանալ Արարատ և այդ բարձունքից արտասանել Գևորգ Էմինի ՙՍասունցիների պարը՚։ Բժիշկ-ազատամարտիկ Արցախ Բունիաթյանը մի առիթով Սյուզիին ասել է. ՙԵթե արվեստագետները հանկարծ միտք ունենան Ղարաբաղյան պատերազմում հաղթած հայուհու քանդակ կերտել, ապա քեզանից կատարյալ թեկնածու չեն գտնելու...՚։
Սյուզին ռազմաճակատ մեկնեց Շուշիի ազատագրումից մի քանի օր անց, մարտնչեց տարբեր ջոկատների կազմում, նա և՜ հրաձիգ էր, և՜ բուժքույր, մինչև վերջնականապես հաստատվեց հակատանկային դիվիզիոնում։ Արցախյան պատերազմի առաջին կին ֆագոտահարն էր ու Շտուրմ-Ս հակատանկային համալիրի հրամանատար-նշանառուն։ ՙ323՚ իր զինտեխնիկայի համարը միշտ մտքում է, հենց դրանով է գործել իր ամենամեծ սխրանքը Վաղուհաս գյուղում։ Պատերազմից առաջ գժվում էր պատերազմական թեմաներով ֆիլմերի համար, պատերազմից հետո նայել չի կարողանում։ Սյուզիի կարծիքով՝ շատ ճշմարտություններ են մնացել պատերազմի դաշտում, որոնց մասին այլևս խոսող-հիշող չկա, ամենատխուր տեսարանը, որ երբևէ տեսել է, շահումյանցիների գաղթն էր, իսկ ամենաանմոռացն ու գեղեցիկը, երբ առաջին անգամ Արցախը տեսավ ուղղաթիռի բարձունքից։ Պատերազմում նրա պայմանականչը ՙԿակաչ՚ էր։ Ասում է՝ շատ է կարոտել ՙԵս կակաչն եմ՚ արտահայտությանը... Ասում ու տրվում է երազանքներին. ՙԴեռ շատ փոքր տարիքից հոգուս մի թաքուն անկյունում միշտ երազել եմ ծովից ծով Հայաստան ունենալ։ Սա եղել է իմ գաղտնիքը, որի մասին երբեք չեմ բարձրաձայնել։ Մորական կողմից տատիկս, որ Անդրանիկի ազգականներից էր, ինձ քնեցնելիս ոչ թե երգում էր, այլ պատմում էր հայ ժողովրդի պատմությունը՝ սկսած Տիգրան Մեծից ու ավելի վաղ, և հասնում մինչև մեր օրերը։ Տատիկս նաև այն քիչ հայերից էր, ովքեր կարողացել էին փրկվել 1915թ. կոտորածներից։ Ու ես, լսելով տատիս պատմությունները, միշտ հարցնում էի, թե անապատներ քշվող հայ կանայք, աղջիկներն ինչո՞ւ չեն ընդդիմացել, ինչո՞ւ չեն կարողացել մի թուրք էլ իրենք սպանել։ Ու երբ սկսվեց Արցախյան պատերազմը, մտածեցի, որ սա իմ երազած Հայաստանի մի փոքր հատվածն է, ու անպայման պետք է մասնակցեմ նրա ազատագրմանը։ Մի օր Շահումյանի արձանի մոտ զինվորական հագուստով տղայի տեսա։ Մոտեցա, ասացի՝ ուզում եմ մեկնել ռազմաճակատ, կտանե՞ք ինձ։ Հարցրեց՝ քանի՞ տարեկան ես։ Ասացի՝ 24։ Ասաց՝ բայց մի պայմանով. Երևանում վիրավոր ընկեր ունեմ, իրեն խնամող է պետք։ Ասացի՝ խնդիր չկա։ Գնացինք Տիգրան Մեծ ջոկատի շտաբ։ Բարեխոսեց ինձ համար։ Վերցրին... Սովորեցի կրակել, մասնակցեցի վարժանքներին, այդ ընթացքում էլ վիրավոր տղային էի խնամում։ Արցախ մեկնեցինք 4 հոգով՝ 13-ամյա Մուրադը, Յուրան, Վովան և ես՚։ Մի առիթով, երբ լրագրողներից մեկը Սյուզիին հարցրեց իր` երբևէ ստացած ամենալավ նվերի մասին, առանց երկմտելու պատասխանեց. ՙԲ -1 նռնակը, որ 1989-ին նվեր ստացա իմ մանկության ընկերոջից՝ Արսենից՚։
Արցախյան պատերազմում տարած հաղթանակը նա հրաշք է համարում, իսկ խաղաղության ընձեռած հնարավորությունը, նրա կարծիքով, վաղվա մարտահրավերներին նախապատրաստվելու հնարավորություն էր։ Նա գտնում է, որ վհատվելու իրավունք չունեն, և վստահ է, որ իր վիրավոր բանակն ու հայրենանվեր որդիքը կբուժեն Հայրենիքի վերքերը, ու նա կրկին կհառնի։ Այս վերջին արհավիրքի օրերին էլ Սյուզին քուն-դադար չուներ, նյութական ու բարոյական օգնությունից զատ, ամեն կերպ ձգտում էր օգնել առաջնագծի տղաներին ու վիրավորներին... Պատերազմը նրան նաև ասացող է դարձրել, բացել է նրա սիրտն ու լեզուն, ու նա խոսքի մեջ նույնքան անկեղծ է, որքան կյանքում ու ծառայության մեջ, առհավատչյան` այս անկեղծ խոստովանությունը հոսպիտալից՝ պատերազմական օրերին... ՙՉեմ հիշում արդեն որերորդ օրն է հոսպիտալի նկուղում եմ, ո՜չ բուժքույր եմ, ո՜չ էլ... ավելի շատ բանվոր եմ, սանիտար և ֆելշերների աշխատանքի կազմակերպիչ։ Իրար հետևից վիրավորներ են բերում, տարբեր ծանրության, ամենածանրը մի ջանով տղամարդ էր և մի նիհար վտիտ տղա՝ սև մազ-մորուքով։ Վիրահատելու ընթացքում հսկայի վիճակը վատացավ, և բժիշկներից մեկը սրտի անկյունում սեղմումներ էր կատարում։ Բժիշկը քրտնել էր, սակայն վիրավորը չէր շնչում։ Ժամանակն անցնում էր, մի փոքր հեռու կանգնած, ինձնից անկախ, ձեռքիս ափերը ուղղեցի հսկային և սկզբում մտքումս, հետո կամաց շշնջալով ու նրան նայելով կրկնում էի՝ լավացիր-սաղացիր... Բժիշկն էլ իր հերթին էր աշխատում։ Պահն օրհասական էր, ծանր վիրավորում էր ստացել։ Հանկարծ վիրավորը սկսեց շնչել, բժիշկներն արագ շարունակեցին, բայց դա կարճ տևեց, լարվածությունից քրտնել էի, ընդարմացած, ասես երազի մեջ մոտեցա, բռնեցի վիրավորի ոտնաթաթը և որքան էներգիա ունեի՝ փոխանցեցի նրան կրկնելով՝ դեհ, շնչիր, շնչիր... Բժիշկը թեթևացած անցավ վիրահատության։ Հանգստացա, բայց թուլությունից աչքերս փակվում էին, այդտեղ մի մահճակալ կար, որի վրա թե ժամանակ էին գտնում, նստում էին, ու աթոռին դրված ուտելիքից օգտվում, եկա ու փլվեցի այդ մահճակալին, որքան էի քնել, չգիտեմ, հանկարծ ռացիայի խշշոց լսեցի. կամենդանտն էր, արթնացա։ Վիրահատարանում միայն նիհար տղան էր մնացել։ Բժիշկները խոսում էին, որ Ջեբրայիլից ու Հադրութից բերված վիրավորներին տեղերում այնպես էին ՙմշակում՚, որ իրենց բան չի մնում անելու։ Հիացած էի մեր բժիշկներով ու վիրաբույժներով և ուզում էի նրանցից յուրաքանչյուրին գրկել, սակայն ամաչում էի, դա էր այն միակ բանը, որ կարող էի անել նրանց անսահման նվիրվածության համար։ Մի զինվոր բերեցին, ինչ անում էին՝ չէր ուտում, միայն ջուր էր խնդրում։ Ասացի` տվեք կերակրեմ, բուժքույրն ասաց՝ իզուր է, չի ուտելու։ Փորձեցի կերակրել, նայում է ինձ ու ժպտում, մեկ-մեկ էլ հոգոց հանում։ Երբ բուժքույրը ներս մտավ ու տեսավ կերակրում եմ, զարմացած հարցրեց, թե ինչպես է ինձ հաջողվել, ասացի, որ ընդամենը թաքուն ցույց եմ տվել կապիտանի ուսադիրս, նա էլ ժպտացել է ու սկսել ուտել՚...
Քառասունչորսօրյա արհավիրքն ամեն օր ու ժամ հառնում է դառն ու անամոք հուշերի տեսքով, սակայն երեք պատերազմ, բազում դառնություններ ու զրկանքներ ճաշակած Սյուզին հույսը չի կորցնում և ուզում է հավատալ, որ հայոց բանակն ապաքինվելու ու հառնելու է` որպես արծիվը վիրավոր։