ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՐԹԱԿԱՆԸ...
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Գայանե Աղաջանյանը Պաշտպանության բանակում ծառայել է շուրջ 20 տարի... Նա Արցախյան շարժման առաջամարտիկ Սլավա Աղաջանյանի դուստրն է։ Ընտանիքը, որտեղ ծնվել ու հասակ է առել նա, ավանդական ու ավանդապահ լինելուց բացի, նաև հայրենասիրության մի յուրատիպ դարբնոց էր, որտեղ թրծվեց աղջնակը՝ ապագա բանասերը, մարզիկը, զինվորականն ու ներկայումս պահեստազորի ավագ ենթասպա Գայանե Աղաջանյանը։
Բազում փորձություններ հաղթահարած Գայանեի համար հերթականը վրա հասավ 2020թ. սեպտեմբերի 27-ին... Նա հղիության վերջին ամսում էր, երբ ստիպված եղավ ընտանիքը փրկել վրահաս ադրբեջանական կրակից։ 27-ի լուսադեմին Գայանեն ու ամուսինը արթնացել են ռումբերի ձայնից։ Լավ ծանոթ լինելով թշնամու ձեռագրին, անմիջապես երեխաներին արթնացրել են ու իջել նկուղ, բացի ամուսնուց, ով միանգամից ծառայության վայր է շտապել։ Քույրը Գայանեին մի կերպ համոզեց, որ վտանգավոր է այդ վիճակում մնալ նկուղում, երբ անգամ հայտնի չէ, թե ինչքան կտևի մղձավանջը, և նրանք որոշեցին մեկնել Երևան։ Երկար-բարակ մտածելու ժամանակ չկար, տնից վերցրել է ամենաանհրաժեշտը ու նստել ավտոմեքենայի ղեկին։
Մեքենայի մեջ մի կերպ տեղավորվել են նաև մայրն ու եղբոր երեխաները։ Երեխաներին խնդրեց ճանապարհին ուշադիր լինել, ողջ ճանապարհը ծխի մեջ էր, անընդհատ հարվածների ու պայթյունների ձայներ էին լսվում, ու նա ավտոմեքենան վարում էր առանց ետ նայելու։ Ստեփանակերտից Հայաստան ձգվող ճանապարհը անչափ ծանրաբեռնված էր, ողջ ընթացքում մեքենաների կուտակումներ էին, մարդիկ՝ հիմնականում կանայք ու երեխաներ, փախչում էին գեհենից... Գայանեն մինչև Երևան մտքերի հետ կռիվ էր տալիս, հայուրավոր ՙինչու?՚-ներ նրան հանգիստ չէին տալիս, ու նա պատասխանը չէր գտնում։
Չորրորդ զավակին սպասող մայրը, ում շուրթերը միայն սովոր էին աղոթքների, իր կամքից անկախ անեծք էր շրշում, անեծք բոլոր պատերազմ հրահրողների ու սերմանողների հասցեին։ Երևան գալուց երեք շաբաթ անց ծնվեց դուստրը, ծնվեց հրադադարի օրը՝ ցավին անտեղյակ, դավին անտարբեր, ծնվեց, որ ՙոչ՚ ասի պատերազմին, որ Պաշտպանության բանակի փոխգնդապետ հայրը այս անգամ էլ իր խաթեր տուն դառնա անփորձանք։ Քույրերն ու եղբայրը որոշեցին տան փոքրիկին Վիկտորիա կոչել, Վիկտորիա-հաղթանակ՝ ի պատիվ գալիք բոլոր հաղթանակների։
Պատերազմական թոհուբոհի մեջ բազմազավակ դարձած Գայանեն մի երազանք ունի, որ իր զավակներն ապրեն ու արարեն տարածքով փոքր, սակայն լայնքով ու խորքով՝ անպարփակ սիրո երկիր Արցախում։ Խաղաղության ավետաբեր Վիկտորիան այսօր արդեն չորս ամսական է ու ամեն օր իր թոթով-անբառ երգերով ասես հերքում է չարագույժ պատերազմը, մեծ ընտանիքի փոքրիկ Արևը ջերմացնում է իր ընտանիքը ու իր ներկայությամբ խաղաղություն ցրում օրվա պարունակներով։