[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՇՐՋԱՆ

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

 Արդեն քանի՛-քանի՛ սերունդ ծառայություն կոչվող արժանապատվության փորձաշրջանը հաղթահարում է պատվախնդրությամբ... 2021թ. ձմեռային զորակոչը մի փոքր տարբեր է անցած-գնացած տարիների զորակոչից։ Տղաները ծառայության են մեկնում այն քաջ գիտակցությամբ, որ իրենց ծառայության համար ժամանակներն այնքան էլ բարեպատեհ չեն, սակայն դա պատճառ չէ, որ նրանք խուսափեն ծառայությունից, ասել է թե` իրենց բաժին պատասխանատվությունն ուսելուց հրաժարվեն... Պահի լրջությունը օրվա հրամայական է, ժամանակի քննություն, և մեծով-փոքրով, ընտանիքով ու գյուղովի ժամանակի հրամայականն ընկալում են նախ որպես մարտահրավեր, ապա՝ ներքին ռեսուրսները զորաշարժի ենթարկելու հանրային պահանջ...

Անորոշությանը ՙոչ՚ ասելու, արագ ինքնակազմակերպվելու փորձաշրջան է արցախցիներիս համար, իսկ նրանց համար, ովքեր բանակ են ճամփում իրենց զավակներին, կրկնակի փորձաշրջան է... Մարտակերտի շրջանի Վանք գյուղում Պողոսյանների հարկի տակ իրադարձություն էր, մեծ գերդաստանը հավաքվել էր բանակ ճանապարհելու ընտանիքի ավագ որդուն՝ Գոռին։ Ավանդապահ ընտանիքն այս վերջին քառորդ դարում շատ դժվարությունների է դիմակայել, ու հերթականին պատրաստվում են զուսպ, ճիշտ է, փոքր-ինչ լարված, սակայն խուճապին չտրվելով։ Գոռի մորական կողմի մեծ պապը՝ Վիլեն Բաղրամյանը (Վանքի գյուղխորհրդի երբեմնի նախագահը), Արցախյան պատերազմի զոհերից է, զոհվել է գյուղի ռմբահարության ժամանակ։ Պապը՝ Ալեքսեյ Բաղրամյանը, ով վերջերս է հրաժեշտ տվել կյանքին, պատերազմական տարիներից ՙհիսուն՚ ազդականչով հայտնի, Խաչենի ձորակի նվիրյալներից է, իր հողուջրին ամուր թելերով կապված ազատամարտիկ, որը մինչև կյանքի վերջին օրերն ապրում էր պատերազմական դառն ու անուշ օրերի հիշողություններով, ու այդ օրերի բարոյական չափանիշներով։ Հորական կողմի 86-ամյա պապը` Ալեքսեյ Պողոսյանը, պատկառելի տարիքում էլ ձիու թամբին է։ Նրա տան դուռը միշտ բաց է, սուփրեն` լիքը, իսկ հայրենի Վանք գյուղի ու նրա այցեքարտ Գանձասարի գովքը միշտ շուրթերին։ Օրվա հերոսի հայրը` Արմեն Պողոսյանը, Արցախյան պատերազմին մասնակցել է եղբայրների հետ ուս-ուսի ու ծանր վիրավորում ստացել, հիմա էլ փորձում է զորակոչվող որդու աչքերին ուղիղ նայել, փորձում է հույսով ու հավատով լցնել վերջին իրադարձություններով պայմանավորված երկվության ակոսը... Խոսքերը լռում են նրա շուրթերին, ու աչքերում կարկամում է հուզմունքը, որ որդին հանկարծ հոր մոտ թուլություն չտեսնի, որ ինքն էլ տղամարդ մեծանա, առավել ևս իրենց պարագայում, երբ Երկիրը խրամատ է։
Բանակ ճանապարհողների աչքերում թախիծ կա, վերքերը դեռ շատ թարմ են, դեռ չեն հասցրել կորացած ուսերը կարգին շտկել... Զորակոչիկի ուսուցչուհի մայրը՝ Արմինեն, իրարամերժ ու հորդաբուխ զգացմունքները ներս արած, ստեպ-ստեպ Գանձասարի խաչին է նայում ու որդու ճանապարհը մեռոնում աղոթքներով։

ՙԵթե արու զավակ ես ունենում, նրան փոքրուց զինվոր պիտի մեծացնես, իսկ դուստրերիդ՝ լավ մայր ու հարս՚,- բարձրաձայն մտորում է նորակոչիկի մայրն ու հարազատների բարեմաղթանք-գրկախառնություններում գտնում իր սփոփանքը։ Խաղաղություն բառ-բարեմաղթանքը դառնում է մեծ գերդաստանի փնտրված աղերսն աշխարհին... Իսկ փոքրիկ Արցախի ՙմեծ՚ Վանք գյուղի վրա իջնում է խաղաղ ու հանդարտ երեկոն, իջնում է նաև այն շուրջ մեկ տասնյակ տղաների շնորհիվ, որոնք բանակ են զորակոչվել այս տարվա ձմեռային զորակոչի ընթացքում... Հայրենիքի սահմանները պաշտպանելու հերթը նրանցն է: Բարի ու անփորձանք ծառայություն նորակոչիկներին...
Գյուղի վարդակրակ աղջիկները ծիկրակում են վարագույրների ետևից, յուրաքանչյուրն իր սրտում թաքուն հույս փայփայելով, իսկ ավելի համարձակները պտտվում են զինվորանալու ճանապարհը բռնած տղաների շուրջն ու երազում Գանձասարի Սուրբ Հովանու ներքո գտնել իրենց Գոռ իշխանիկներին, որ իդիլլիկ, ժողովրդական խաղիկ-ջանգյուլումներով հյուսեն իրենց կանաչ-կարմիր երազանքները, և երբ որ գա իրենց ժամանակը՝ լույս աշխարհ բերեն գալիքի հերոսներին ու ոսկեվարս հարսներին։

 

 

 

Last modified onՉորեքշաբթի, 03 Մարտի 2021 12:02