[ARM]     [RUS]     [ENG]

ՀՈՒՅՍՈՎ, ՍՊԱՍՈՒՄՈՎ ՈՒ ՀԱՎԱՏՈՎ...

Լուսինե ՇԱԴՅԱՆ

 Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության գրասենյակում կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին Արցախյան առաջին և վերջին պատերազմի հետևանքով անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ, ինչպես նաև  Զոհված ազատամարտիկների միության ներկայացուցիչներ:

ԱԿԱՀՄ նախաձեռնությամբ կազմակերպված յուրաքանչյուր միջոցառում նպատակ ունի առաջին հերթին սփոփել անհայտ կորած ազատամարտիկների հարազատների վիշտն ու ցավը:

Սիրով ու խոնարհումով շնորհավորելով ներկաներին Մայրության և գեղեցկության տոնի առթիվ` ԱԿԱՀՄ  հասարակական կազմակերպության նախագահ Վերա Գրիգորյանը բախտակից մայրերին հորդորեց ոչ մի դեպքում չկորցնել հույսը, հավատալ Աստծուն և տոնը դիմավորել առանց արցունքների. §Աստծո կողմից հրաշքներ միշտ եղել են ու կլինեն: 27 տարվա ընթացքում հիասթափվել եմ բազմիցս, բայց երբևէ չեմ հուսալքվել: Սերտ համագործակցենք ռուս խաղաղապահ ուժերի, Կարմիր  Խաչի միջազգային կոմիտեի և այլ լիազոր մարմինների հետ՝  նաև իրար սատար կանգնենք ու երբեք չընկրկենք¦,- ասել է Վերա Գրիգորյանը՝ ներկայացնելով  նաև կառույցի ընթացիկ գործունեությունը: Տոնի կապակցությամբ, ինչպես նաև կազմակերպության հետ ակտիվ համագործակցության համար հրավիրվածները պարգևատրվեցին Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության §Հայրենիք և հավատ¦ հուշամեդալով ու նվերներով: Օգտվելով ընձեռված հնարավորությունից` զրուցեցինք որդիների դարձին սպասող մայրերի հետ...

Այս պատերազմում անհայտ կորել է տիկին Արմիդայի որդին՝ պայմանագրային զինծառայող  Սեյրան Հակոբյանը: Հոկտեմբերի 14-ից առայսօր ընտանիքը ոչ մի լուր չունի նրանից: Սակայն մայրը հույսով  սպասում է որդու վերադարձին. §Զգում եմ, որ երեխաս ողջ է...¦

Սարգսյան Սոնյան Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից է: Արցախյան առաջին պատերազմում երկու եղբայրներն են զոհվել, այս պատերազմում էլ երկու զավակներին կորցրեց. ժամկետային զինծառայող որդին՝ Արայիկ Դադայանը զոհվել է, պայմանագրային զինծառայող որդուց էլ՝ Սեյրան Դադայանից սեպտեմբերի 27-ից տեղեկություն չունի:

Ընդամենը 2 ամսվա զինծառայող, ՀՀ բժշկական համալսարանի ուսանող Դավիթ Հայրիյանի մայրը՝ Գայանեն, պնդում է, որ որդին գերեվարված է, սակայն ադրբեջանական կողմը չի հաստատում  որդու գերության փաստը: §Դիմել եմ բոլոր պատկան մարմիններին, բայց ոչ մի հստակ պատասխան: Մայրական սիրտս զգում է՝ որդիս նեղության մեջ է: Վերջին հեռախոսազրույցներից մեկի ժամանակ Դավիթը խնդրել էր Երուսաղեմից բերված իր խաչն ուղարկել...Հասցրեցինք ուղարկել...աղերսում եմ Տիրոջը, որ խաչը պահապան լինի որդուս...¦

Անհայտ կորածների հարազատներն այսօր էլ շարունակում են որոնումները և հավատով սպասում, որ մի օր տուն կվերադառնան իրենց զավակները: 

 

 

 

 

 

Last modified onԵրեքշաբթի, 06 Ապրիլի 2021 12:40